Եղեռնից մազապուրծ Զանակ տատը 43 տարի անց գտել է Տեր-Զորի անապատում կորցրած որդուն
Մեծ եղեռնի այս հուզիչ պատմությունը վավերարգել է Եփրեմ Լևոնի Զաքարյանը: Նա ծնվել է 1930թ. Աբխազիայում` Գանթիադիում: 1950թ. ավարտել է Ծեբելդայի մանկավարժական ուսումնարանը, 1956-ին` Երևանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Տնօրեն է աշխատել Խաշուպսեի, Միքելրիպշի և Մուխնարիի հայկ. ութամյա դպրոցներում: 1962-1990թթ. քննիչ է աշխատել Գագրայի ներքին գործերի վարչությունում, եղել է փոխգնդապետ: Մահացել է 2007թ. Գանթիադիում (Ցանդրիպշ): Զանակ Գալստյանը ծնվել է 1885թ.: Քիրեզ դերեն գտնվում էր Օրդուի գավառում, ուներ 110 տուն հայ բնակիչ, եկեղեցի (1849թ.) և դպրոց (1905թ.): Զանակ տատից Համշենի բարբառով գրառված հուշապատումը Ե. Զաքարյանը փոխադրել է գրական հայերենի, որպեսզի հասկանալի լինի լայն շրջանակների ընթերցողներին: «1963 թվականն էր: Հանգստի օր էր: Տան հովին նստած գիրք էի կարդում: Այն Մեծ եղեռնի մասին էր, որտեղ ասվում էր, թե ինչպես 1915թ. թուրքերը գրեթե 2 միլիոն հայերի գազանաբար կոտորեցին: 300 հազարի հասնող աքսորյալների քարավանից հազիվ 400 ջահել կանանց ու աղջիկների բախտ վիճակվեց հասնել Տեր-Զորի անապատները: Մնացածների դիակները փռվեցին հայրենի հողի վրա: Իսկ շատերին թուրքերը կենդանի-կենդանի վառեցին կամ գետերը լցրին, խեղդեցին: Մինչ այդ Եղեռնի մասին գիրք չէի կարդացել: Երևի դա էր պատճառը, որ գիրքն ինձ վրա շատ ազդեց: Կարդում էի ու մտածում. մի՞թե մարդը կարող է այդպիսի ստոր գազան լինել ու այդպես վարվել թեկուզ թշնամու հետ, ինչպես թուրքերը վարվեցին հայերի հետ: Այնքան էի տարված գրքով, որ չէի նկատել, թե ինչպես էր Զանակ տատին եկել ու կանգնել իմ կողքին: Երբ ականջիս մի ձայն հասավ, գլուխս բարձրացրի, որ պարզեմ, թե ինչ է: - Բարև եմ ասում,- ասաց Զանակ տատին, ըստ իր սովորության ժպտալով: Բայց նրա ժպիտը խոսելիս կիսածիծաղի էր վերածվում: - Բարև, բարև, Զանակ տատի,- ասացի,- կներեք ինձ: Ես էլ ասի` ի՞նչ ձայն էր, որ լսեցի: - Էդ ի՞նչ ես կարդում,- հարցրեց նա նույնպիսի կիսածիծաղ ժպիտով,- տեսնում եմ` շատ ես տարված: - Է¯, Զանակ տատի, շատ: Մեծ եղեռնի մասին է: Երևի լսած կլինես, որ 300 հազարի հասնող աքսորյալներից հազիվ 400 կանանց բախտ վիճակվեց կենդանի մնալ ու հասնել Տեր-Զորի անապատները: Հիմա ուզում եմ իմանալ թե ինչ եղավ նրանց: - Նրանցից մեկին էլ Աստված քեզ մոտ է ուղարկել,- ասաց Զանակ տատին: - Չհասկացա, Զանակ տատի, Աստված ո՞ւմ է ինձ մոտ ուղարկել,- հարցրի ես: - Նրանցից մեկն էլ ես եմ,- կրկնեց նա: - Հանա՞ք եք անում, Զանակ տատի, գիտե՞ք ինչ է Տեր-Զորը, լսել ե՞ք Տեր-Զորի անունը: - Ա¯խ,- ասաց,- անտեր մնան Տեր-Զորն էլ, Մոսուլն էլ, երկուսն էլ: Ոչ թե լսել եմ, այլ տեսել եմ: Ոչ թե տեսել եմ, այլ եղել եմ այնտեղ: Ինձ զարմանքը պատեց: - Զանակ տատի, չեմ հասկանում, իրո՞ք եղել եք Տեր-Զորում: Ինչո±ւ մինչև հիմա լռում էիք, ոչինչ չէիք ասում այդ մասին: - Եկա, որ ասեմ,- ասաց Զանակ տատին ու խորասուզվեց մտքերի մեջ: Ասես ամպերը կիտվեցին տարիներից մաշված նրա կնճռոտ դեմքին: Դեմքը փոխվեց, աչքերում արցունքի կաթիլներ երևացին: Շատերից էի լսել, թե ինչպես էին նրանք փրկվել Մեծ Եղեռնից, բայց Զանակ տատիկի մասին ոչինչ չէի լսել: Նա հազար անգամ էր ինձ տեսել, հազար անգամ կարող էր ինձ պատմել այդ մասին: Բայց լռում էր: Աստված գիտե, թե ինչու էր լռում: Այստեղ կրկին մտքերի մեջ ընկա, թե սա ինչ զուգադիպություն էր: Էս ինչպես պատահեց, որ միշտ լռող Զանակ տատին ջարդի մասին եկավ ինձ պատմելու այն ժամանակ, երբ կարդում էի այդ մասին:Այն էլ այն պահին, երբ կարդում էի Տեր-Զոր հասնող տարաբախտ աքսորյալների մասին: Զանակ տատին նկատեց, որ ես շատ զարմացա, հարցրեց. - Ինչո±ւ մտքերի մեջ ընկներ: Փոխանակ պատասխանելու, ասի` մի րոպե, ու վազեցի աթոռ բերեցի, որ Զանակ տատին նստի: Նա դեռ չնստած` հարցրի. - Զանակ տատի, եթե իրոք Տեր-Զորում եղել եք, չէի՞ք պատմի այն մասին, թե ինչ է եղել: - Հիմա կպատմեմ,- ասաց լացակումած,- եկել եմ, որ պատմեմ: Ու լացակումած էլ սկսեց զրույցը. - Ի±նչ պատմեմ, ի±նչ ասեմ: 42 տարի առաջ, ջարդի ժամանակ կորցրած բալիկս` Սամվելս, գտնվեց Բեյրութում… Ախ, Սամվել, մատաղ լինեմ քո հոգուն: Աստծո զորությանը մատաղ, որ այդքան բարի եղավ, այդքան ժամանակ պահեց որդուս: Հիմա ուզում եմ` մի դուռ բաց անի, որ տեսնեմ նրան: Հետո դիմելով ինձ, ասաց. - Ուզում եմ, որ օգնես, կարողանամ Սամվելիս տեսնել, եթե դա հնարավոր է: Այստեղ Զանակ տատին խիստ հուզվեց, սկսեց աչքերի արցունքները սրբել: Որպեսզի խոսք բացեմ, ասացի. - Զանակ տատի, ուրեմն դուք աքսորվա՞ծ եք եղել: Չէի՞ք պատմի` ինչպե՞ս աքսորեցին, ինչպե՞ս կորցրիք Սամվելին: - Ա¯խ, դա երկար ու ծանր պատմություն է,- սկսեց նա,- հայերի ջարդի մասին, ասում ես, լսել ես ու կարդացել: Էլ ինչ պատմեմ: Ինձ երկու անգամ են աքսորել: Երբ սկսվեց Մեծ եղեռնը, ապրում էինք Օրդուի գավառակի Քիրեզ դերե գյուղում: Ամուսնուս` Ջենլետյան Խաչիկին բանակ զորակոչեցին: Տանը մնացի երեք տարեկան Սամվելիս հետ: Կարծեմ հունիս ամսին էր, հայտարարեցին, թե մեզ տանում են Մոսուլ: Պատրաստվելու համար երեք օր ժամանակ տվեցին ու ասեցին, որ ով ինչ ցանկանա, կարող է վերցնել հետը: Միայն ինչ որ կարող է տանել ձեռքով: Ամեն մեկն իր դարդ ու ցավն ուներ: Իսկ ես մտածում էի, թե ինչպես հետս տանեի երեք տարեկան երեխային` Սամվելիս: Այդքան երկար ճանապարհ երեխան քայլել չէր կարող, շալակիս էլ տանել չէի կարող: Իսկ թե ինչ էր սպասում մեզ ճանապարհին, չգիտեի: Հասկացող մարդիկ ինձ խորհուրդ տվեցին նրան մի տեղ թողնել: Ասում էին, որ երեխան չի դիմանա: Որոշեցի ու երեխային թողեցի մի ծանոթ թուրքի մոտ: Նշանակված օրը մեզ հավաքեցին գյուղի կենտրոնում ու անասունի նման քշեցին տարան: Ամենը, ինչ կատարվում էր, հնարավոր չէ պատմել, ու չես էլ պատմի: Շունը տիրոջը չէր ճանաչում: Աքսորի հենց սկզբից անտանելի դարձավ շատ երեխա ունեցողների, հիվանդների, հղի կանանց ու ծերերի վիճակը: Սրանց բոլորին մեզանից անջատեցին, ասելով, որ նրանց առանձին կտանեն: Հետո միայն իմացանք, թե ինչ է կատարվել նրանց հետ: Նրանցից ոչ մեկը կենդանի չմնաց: Ճանապարհին ծեծը, գազանությունը, շնությունը, սպանությունը մեր մշտական ուղեկիցները դարձան: Ա¯խ, խեղճ աքսորյալներ: Ոչ ոք չէր ուզում հեռանալ հարազատ տունուտեղից: Շատերին զոռով էին տնից դուրս բերում: Ոմանք նույնիսկ տնից դուրս չեկան ու զոհվեցին: Սկզբում սրտումս ցավ կար, որ տունուտեղ թողեցի ուրիշին, բայց գնալով տունն էլ մոռացա, տեղն էլ: Միակ հարցը, որ կար, ողջ մնալն էր: Սկզբում, եթե ետ մնացողին անասունի նման գանահարում էին, ստիպում, որ հասնեն մյուսներին, ապա հետո այդպես չէր. սպանում էին: Գնում էինք օրերով, առավոտից իրիկուն, արևին ու կրակ-շոգին: Քնում էինք բացօթյա: Շատերն արևահար եղան, հիվանդացան: Ճանապարհի պաշարներս վերջացան, իսկ ճանապարհը` ոչ: Մնացինք սոված, ծարավ: Ճանապարհին մեզ միացնում էին այլևայլ գյուղերից աքսորվածներին: Կին, երեխա, տղամարդ քշում էին միասին: Զուգարանի կարիքի դեպքում պետք էր թույլատվություն խնդրել: Խմբից հեռանալ չէին թողնում: Իսկ շատ հաճախ մարդկանցից թաքնվելու տեղ չէր լինում: Այդ դեպքում կանայք շրջապատում, օգնում էին միմյանց: Իսկ տղամարդիկ երեսներն էին թեքում: Իսկ եթե թաքնվելու տեղ էր լինում, թուրքը գալիս էր հետդ, որ չփախչես: Ոչ ամոթ ունեին, ոչ խիղճ: Պառավ կանայք այդ թուրքերին ՙշուն՚ էին անվանում ու ասում, որ եթե շունը ամոթ ունենար, շալվար կհագներ ու ամոթը կծակեր: Անխիղճ Աստված ստեղծեց հայերին ու թուրքերի առաջ ծաղրուծանակի առարկա դարձրեց: Մարդիկ սովից հյուծվեցին, բայց ծարավն ավելի էր տանջում, քան սովը: Ուժասպառ լինողներն ընկնում էին ճանապարհին ու գնում այս աշխարհից: Տեսնողը կասեր` դժոխքի քարավանն է գնում: Գնալով թալանը, բռնաբարությունը, արվամոլությունը, ծեծը և սպանությունները հաճախակի դարձան: Մեկ էլ տեսար, չգիտես որտեղից, հայտնվեցին բաշիբոզուկներն ու սկսեցին իրենց սև գործը: Մեկը գնում էր, մյուսն էր գալիս: Հոտը մեծ էր, հոշոտում էին` որքան կարող էին: Անտանելի դարձավ ջահել, գեղեցիկ աղջիկների ու տղաների վիճակը: Սրանց բռնում տանում, ինչեր ասես չէին անում, կամ սպանում, կամ վիրավոր, տկլոր բաց էին թողնում: Իսկ շատ անգամ թուրքերը հարձակվում էին զուտ գյավուր սպանելու համար, որ դրախտ գնան: Հղի կանանց վիճակն ավելի վատ էր: Նրանց օգնող չկար: Վիժելը մահ էր: Թուրքերն այդ կանանց ավելի թշնամաբար էին վերաբերվում, ասելով` էդ էր պակաս, որ մեր թշնամու ցեղն ավելացնենք: Գնալով աքսորյալներն այնքան հյուծվեցին, թուլացան, որ ուրվականներ դարձան: Մարդիկ էլ ուժ չունեին դիմադրելու թուրքերին, ուստի չէին էլ փորձում դիմադրել: Միայն ջահել աղջիկներն ու տղաները, գիտենալով, որ դիմադրելը մահ է, դիմադրում էին ու զոհվում: Այդպես շատ քչերս հասանք Մոսուլ: Այնտեղ մեզ ազատ արձակեցին, ասեցին, որ գնանք ծառայենք մուսուլմաններին ու ապրենք: Բայց ի±նչ ապրել. պետք էր գոյություն պահպանել, որը հեշտ չէր: Շատերին դա չհաջողվեց: Ով պատահեր, վերցնում էր տանում մեզ, աշխատացնում մի փոքր հացի տեղ: Ինչ գործ ասես չէինք անում: Մի տարի հետո մի թուրք տարավ ինձ Ադանայի կողմերը : Իսկ հետո տարան Տեր-Զորի կողմերը: Երեք տարի հետո մեզ ազատություն տվեցին: Վերադարձա տուն, բայց մեր տներում թուրքերն էին նստած: Գնացի թուրքի մոտից վերցրի Սամվելին: Ամուսինս բանակից փախել, թաքնվել էր անտառում: Եկավ ինձ գտավ: Երեք տարի ազատ ապրեցինք Օրդուում, մի աքսորված հայի տանը, որտեղ ոչ ոք չէր ապրում: Տանտիրոջն ընտանիքով աքսորել էին: Երևի նրանցից ոչ ոք կենդանի չէր մնացել: Նման ազատ տներ շատ կային: Այդ ազատ ապրած տարիներին մի երեխա էլ ունեցանք: Կարծեմ 1921 թվականն էր, մի գիշեր եկան ամուսնուս բռնեցին ու տարան: Այլևս նրան չտեսա: Մեզ կրկին աքսորեցին: Այս անգամ Սամվելս 8 տարեկան էր, արդեն կարգին կարող էր քայլել: Իսկ կրծքի երեխային հնարավոր չեղավ որևէ մեկի մոտ թողնել: Վերցրի կրծքի երեխային, բռնեցի Սամվելի ձեռքից ու ճանապարհի պաշարս շալակած ճանապարհ ընկա: Գիտեի, թե ի±նչ է սպասում մեզ, բայց ինչ կարող էի անել: Հազիվ 3 օրվա պաշար ունեի: Կրկին ամենուրեք հայերի լաց ու կոծ էր: Կրկին, երբ քաղաքից հեռացանք, քայլել դժվարացողներին մեզանից անջատեցին ու ասացին, որ նրանց սայլով կտանեն: Բայց ես գիտեի, թե ինչ է սպասում նրանց: Գնում էի ծծկեր երեխան կրծքիս, Սամվելի ձեռքը բռնած: Վախենում էի Սամվելին կորցնել: Կորցնելը հեշտ էր շատ, գտնելը` դժվար: Կորածը կորած էր: Էլի նույն գազանություններն էին, նույն թալանը, բռնաբարություններն ու սպանությունները, բայց ոչ այնքան մեծ չափով, որքան առաջին անգամ: Որովհետև հոտն այս անգամ այնքան մեծ չէր, որքան առաջին անգամ: Կրկին մարդիկ սովից ու ծարավից հյուծվեցին: Կրկին նրանց կաշին ու ոսկորը մնաց: Շատերն ուժասպառ ընկան ճանապարհին ու գնացին այս աշխարհից: Ես ի վիճակի չէի կերակրել կրծքի երեխայիս, Սամվելս արևահար էր եղել, հազիվ էր քայլում: Կրծքի երեխաս օրերով սովատանջ լաց էր լինում ու ինձ փաթաթվում, բայց ես նրա համար ուտելու ոչինչ չունեի: Խեղճ երեխան ի՞նչ գիտեր, թե նրան էլ աքսորում են, ու աքսորի զոհն է դառնալու: Երեխան կրծքիս լաց եղավ, լաց եղավ ու ձայնը հավիտյան կտրեց` մահացավ: Սիրտս պոկվեց տեղից: Լաց էի լինում ու գնում` գրկած մահացած, փայտացած երեխային, թաքցնելով նրա մահը մարդկանցից: Միևնույն ժամանակ աշխատում էի լացս թաքցնել Սամվելից: Խեղճ երեխան աչքերիս արցունքները տեսնելիս ինքն էլ լաց էր լինում: Որոշ ժամանակ անց թուրքերն իմացան, որ երեխան մահացել է, վերցրին երեխային ձեռքիցս ու կողքից հոսող գետը գցեցին: Խեղճ Սամվելս երբ որ տեսավ երեխային գետը գցելը` ճչաց ու ինձ փաթաթվեց: Վախից դողում էր: Մարդիկ ծարավից մեռնում էին` նայելով կողքից հոսող գետի ջրերին: Ո՞վ կարող էր համարձակվել գետը ջրի գնալ: Սպանում էին տեղնուտեղը: Երեխայի մահանելուց հետո գնալը ֆիզիկապես թեթևացավ, բայց հոգեպես տկարացա: Սամվելս չլիներ, էլ ապրել չէի ուզում: Խեղճն ամբողջ ճանապարհին հաց ու ջուր էր ուզում` նայելով կողքից հոսող գետի ջրերին ու շալակիս հացի տոպրակին, որի մեջ հոգապահուստ հացի կտորներ էի պահում: Մարդիկ օգնում էին իրար: Մեզ էլ դժվար պահերին հացի կտորներ ու ջուր էին տալիս: Այդ վիճակում մեզ քշող թուրքերից մեկը կպավ ինձ, թե` երեխան թող, ամուսնանանք: Ինչքան էլ որ չէի համաձայնում, հանգիստ չէր տալիս ոչ գիշերը, ոչ ցերեկը: Մեկ էլ տեսար` կեսգիշերին կանչում էր, թե` արի ամանները լվա: Կարո՞ղ ես չգնալ: Փորձիր, եթե ապրել չես ուզում: Խեղճ երեխային արթնացնում էի ու տանում հետս: Թուրքն սպառնում էր Սամվելի կյանքին: Ասում էր, որ եթե չհամաձայնեմ, կսպանի Սամվելին: Իսկ մյուս կողմից առաջարկում էր օգնել ինձ: Իրոք, մի քանի անգամ հաց ու ջուր տվեց, բայց դրանք խաղեր էին Սամվելի գլխին: Ի՞նչ կարող էի անել: Խեղճ երեխան չէր էլ կասկածում, թե ինչ էր սպասում նրան: Մի տեղ ճանապարհը թեքվեց գետից, հեռացավ դեպի անջրդի, անբնակ վայրերը: Ջրի հարցն ավելի բարդացավ: Մահվան գնով գետից ջուր գողանալու հույսն էլ չքացավ: Մարդիկ ասում էին, որ գետի ափերը լիքն են դիակներով: Օրերով ու գիշերներով փոշու ու կեղտի մեջ բացօթյա մնալը, արևին ու շոգին վառվելը անտանելի դարձան: Իսկ մյուս կողմից բաշի***ուկների բռնությունները, սպանություններն ու թալանը չէին դադարում: Իսկ երբեմն մեզանից ցանկացածին բռնում էին, տանում: Տանում էին հատկապես գեղեցիկ, ջահել կանանց ու աղջիկներին, չնայած նրան, որ մարդիկ այնքան էին հյուծվել, որ այլևս գեղեցկություն չէր մնացել: Գնալով քարավանում տղամարդ չմնաց, նրանք բոլորը զոհվեցին: Մնացին կանայք, երեխաներն ու աղջիկները: Մի տեղ ճանապարհին հեռվից շատ տներ երևացին: Մարդիկ ասացին, որ դա Դիարբեքիր քաղաքն է: Ասացին, որ այնտեղ հայ հացթուխներ շատ կան, եթե հնարավոր լինի այնտեղ գնալ, հայերը մեզ կօգնեն հացով ու ջրով: Բայց ովվ կարող էր այդպիսի հերոսություն գործել: Ամենադժվարը խմբից հեռանալն էր: Եթե թուրքերը նկատեին, կսպանեին տեղնուտեղը: Երկար խորհելուց հետո կանայք որոշեցին երեք երեխա ուղարկել: Ընտրեցին Սամվելին, Մինասյան Արթինի տղային` Եղիային, ու էլի մի ուրիշ, մոտ 10-11 տարեկան տղայի: Ես չէի համաձայնվում Սամվելին ուղարկել, որովհետև նա այնքան ամաչկոտ էր, այնքան աչքափակ, որ եթե որևէ անծանոթ նրա հետ խոսեր, նա լաց կլիներ: Նրան թուրքերն անմիջապես կբռնեին ու կսպանեին: Բայց երբ ինձ ասացին. ՙՔո երեխան երեխա է, մերը երեխա չի՞, ինչ է՚,- ես կոտրվեցի: Սամվելն առանց այն էլ արևահար էր եղել, հազիվ էր քայլում: Իսկ մյուս կողմից թուրքն էր սպառնում նրա կյանքին: Հիշեցի, թե ինչպես շատ երեխաների թուրքերը տարան, ինչ շնություններ արին, սպանեցին կամ վիրավոր ու տկլոր բաց թողեցին: Իսկ ոմանց ծնողների աչքի առաջ մորթեցին: Իսկ մյուս կողմից այնքան էլ հույս չունեի հիվանդ երեխային կենդանի տեղ հասցնել: Այս բոլորը ծանրութեթև անելուց հետո համաձայնեցի Սամվելին ուղարկել: Իսկ երբ Սամվելին հարցրի. - Կարո±ղ ես տղաների հետ գնալ այն երևացող քաղաքն ու հաց ու ջուր բերել,- երեխան զարմացած նայեց ինձ, թե իվնչ եմ ասում: Արդյոք լու՞րջ եմ ասում, թե՞ կատակ եմ անում: Թե ինչպե՞ս կարող է այդպիսի բան անել: Երեխան, անգամ, չպատասխանեց, կպավ ինձ ու կուչ եկավ: Ես ու մյուս երեխաների մայրերն սկսեցինք Սամվելին համոզել, որ չվախենա, գնա տղաների հետ: Երևում էր` մյուս տղաներն աչքաբաց էին, նրանք էլ սկսեցին համոզել Սամվելին: Սամվելը մոլորված մեկ մեկիս էր նայում, մեկ` մյուսին: Բայց տեսնելով, որ տղաները չեն վախենում, վերջում սիրտ առավ ու ինքն էլ համաձայնվեց և գնաց տղաների հետ` մի հարմար տեղ ծլկելով խմբից: Ճիշտն ասած, խիղճս տանջում էր, որ երեխային իմ ձեռքով թուրքերի ձեռքն ուղարկեցի: Բայց մյուս կողմից մտածում էի, որ գոնե աչքովս չեմ տեսնի նրա սև օրը: Ըստ պայմանի, երեխաներն այդ օրը երեկոյան ետ պիտի վերադառնային: Բայց երեկոյան ետ վերադարձավ միայն մեկն առանց հաց ու ջրի: Իսկ Սամվելն ու Եղիան չկային: Այդ երեխան ասաց, որ երբ նրանք մոտենում էին քաղաքին, թուրքերը նկատեցին ու հարձակվեցին նրանց վրա: Նրանք փախան` ով ուր կարող էր: Իսկ թե ուր մնացին Սամվելն ու Եղիան, չգիտեր: Ի՞նչ կարող էի անել: Ոչինչ: Կարծեցի, որ նրանց սպանեցին, որովհետև Սամվելը երբեք առանց ինձ չէր մնա: Լալիս էի ու գնում: Կանայք ինձ հուսադրում էին, թե երեխան կենդանի կլինի: Բայց զգում էի, որ նրանք էլ ինձ նման հույս չունեին, միայն հուսադրում էին ինձ: Այդպես էլ գնաց, կորավ ու կորավ անմեղ բալիկս: Գիշեր-ցերեկ լալիս էի ու աղոթում Աստծուն, որ Աստված իմ հոգին առնի, միայն իր բարի ձեռքը Սամվելիս վրա պահի: Բալիկներիս, ամուսնուս, տունուտեղ կորցրած, մտած դժոխքի քարավանը, մոլորված, լալով գնում էի դեպի անապատները… Քարավանը քանի գնում ցամաքում էր: Էլ մարդու նման չէինք, մեզ անասունի նման ծեծում էին ու քշում: Գնալով աքսորյալների թիվն այնքան քչացավ, որ կրկին մնացինք մի խումբ կանայք ու աղջիկներ: Հասանք Մոսուլ: Այնտեղ մեզ բաց թողին` կրկին բաժանելով փոքր խմբերի: Ես գնացի իմ ծանոթ թուրքի մոտ, ուր եղել էի առաջին անգամ: Ինձ լավ ընդունեցին: Ծառա դարձա: Մի տարի քարշ եկա մեկի-մյուսի մոտ… Ա¯խ, ամեն ինչ չես պատմի: Որքան անտանելի է, երբ դու քոնը չես: Երբ ուրիշն է քո գլխի տերը, թեկուզ երեխա կամ զառամյալ պառավ լինի: Կասի` չոքիր, ու կչոքես, եթե ուզում ես կենդանի մնալ: Մեզ համար ոչ ցուրտ կար, ոչ արև, ոչ շոգ, ոչ գիշեր, ոչ ցերեկ, ոչ թեթև, ոչ ծանր, ոչ էլ հանգիստ: Շատերը չդիմացան այդ ծանր օրերին ու մահացան: Մի տարի հետո մեզ կրկին ազատ արձակեցին: Բայց ում էր պետք այդ ազատությունը: Այդ երկար տարին մի օր աչքերիս արցունքը չի ցամաքել: Կրկին ջարդված սրտով վերադարձա Օրդու, կորցրած բոլոր հարազատներիս, բացի մեծ եղբորիցս` Գալստյան Կարապետից, որ ապրում էր Ռուսաստանում: Օրդու քաղաքում ծանոթներ գտա: Շատերը Եղեռնի ժամանակ անտառներում թաքնված հայ տղամարդիկ էին: Մոտ 80 հոգի գաղտնի նավակ վարձեցին ու նավակով եկանք Ադլեր: Ես գնացի եղբորս` Կարապետի մոտ, որ բնակվում էր Գագրայի շրջանի Օտլուղ գյուղում, որ գտնվում էր Պիլենկովոյից վերև: Ամուսնացա Ջանսուզյան Սեդրակի հետ, երեխաներ ունեցա: Անցավ 42 տարի, ինչ կորցրի Սամվելիս: Մարդ 42 տարի առաջ կորցրածին գտնելու ինչքա՞ն հույս կունենա: Բայց քանի որ Սամվելիս մահն աչքով չէի տեսել, հույսս չէի կտրում ու չէի դադարում փնտրել: Նա իմ սրտում միշտ կենդանի էր ու միշտ 8 տարեկան: Շատ ու շատ մարդիկ Եղեռնի ժամանակ կորցրած հարազատներին գտան աշխարհի տարբեր ծայրերում: Ամեն անգամ, երբ լսում էի, թե որևէ մեկը գտել է իր հարազատին, վառված սրտիս մոխիրների տակ թաղված հույսի կայծերը բոցկլտում էին, ու ավելի եռանդով էի փնտրում: Փնտրում էի աշխարհի տարբեր մասերում: Վերջապես, ինչպես ասացի, բախտը ժպտաց, Սամվելս գտնվեց Բեյրութում: Մինչև գտնվելը բոլորն ինձ ասում էին` 42 տարի անցնելուց հետո ի՞նչ ես կորցրել, ի՞նչ ես փնտրում: Իմ երեխաներն այդ չէին ասում, բայց նրանց վերաբերմունքն այդ էր ասում: Իսկ ոմանք բացեիբաց ասում էին ինձ, թե իզուր ժամանակ եմ վատնում: Հետն էլ ավելացնում, թե ի՞նչ արած, մոր սիրտ է, թող փնտրի: Այդքան ժամանակ անցնելուց հետո ո՞վ էր սպասում այսպիսի բախտի, արևի ու հրաշքի: Երբ Սամվելիս նկարը ստացա, քիչ էր մնում ուրախությունից ուշքս գնար, գժվեի: Ճիշտն ասած, 42 տարի անցնելուց հետո ես էլ այնքան հույս չունեի, որ կգտնեմ Սամվելիս, բայց չփնտրել չէի կարող: Չէի կարծում, թե Աստված այսքան բարի կլիներ, որ էն աշխարհից որդուս կնվիրեր ինձ: Հիմա ուզում եմ տեսնել բալիկիս: Ա¯խ, բալիկս, տեսնելու բախտ կվիճակվի՞ արդյոք,- ասաց ու լաց եղավ: Մի քիչ հանգստանալուց հետո Զանակ տատին ներողություն խնդրեց, որ ինձ անհանգստացրեց, հետո խնդրեց, որ Սամվելին նամակ գրեմ ու օգնեմ, որ գոնե մի րոպե տեսնի նրան, եթե դա հնարավոր է, որպեսզի համոզվի, որ իրոք կենդանի է: Վազեցի, թուղթ ու գրիչ վերցրի, եկա: Հարցրի. - Սամվելի հասցեն ունե՞ք: Ասաց, որ ունի, ու ծոցից հանեց մի փոքր կապոց, որտեղ պահում էր Սամվելի հասցեն: Վերցրի Սամվելի հասցեն, ու պատրաստվեցի գրել ու հարցրի. - Ի՞նչ գրեմ: Ասաց, որ ինքը կթելադրի, ես կգրեմ: Ասացի` լավ: - Կներես,- ասաց,- որ գրելու ես անգրագետիս թելադրածը: Սխալներիս ուշադրություն մի դարձնիր,- ու սկսեց թելադրել: - Սամվելս, բալիկս, անուշիկս,- ու էլի հուզվեց, աչքերին արցունքի կաթիլներ երևացին: Այդպես էլ լացակումած սկսեց թելադրել. - Բալիկս, արդյոք իրո՞ք կենդանի ես, թե՞ չէ: Արդյոք Աստված ղսմաթ կանի՞ իրար տեսնել, թե՞ չէ: Իրո՞ք այդտեղ ես, թե չէ, յավրիկս… ինչպե՞ս ես, տղաս… Ա¯խ, շատ ու շատ եմ կարոտել… Արդյոք դո՞ւ էլ մեզ նման արևին ու լուսնին նայում ես, թե՞ չէ: Բալիկս, եթե նայում ես, գոնե լուսնին ու արևին նայելով մի քիչ կարոտս կառնեմ: Եթե քեզ չտեսնեմ էլ, Աստված տա` դու կենդանի լինես, ողջ ու առողջ լինես, լավ լինես, բալիկս, ուրիշ ոչինչ չեմ ուզում: Այստեղ մի քիչ հանգստանալուց հետո շարունակեց. - Բալիկս, որտե՞ղ կորար, որտե՞ղ մնացիր: Աշխարհը վառվում էր, որտե՞ղ գլուխդ պահեցիր կրակից: Ինչպե՞ս կենդանի մնացիր: Քանի¯ տարի Տեր-Զորի անապատները չափչփեցի: Ի՞նչ գիտեի, որ կենդանի ես, կամ որտեղ ես, որ գայի օգնեի: Անուշ բալիկս, քեզ լավ նայիր, քաղցած, ծարավ մի մնա: Անուշ բալիկս, գրում եմ այս նամակն ու վախենում եմ, որ այս բոլորը երազ չլինի: Աստված որ այսքան բարի եղավ, բալքի մի դուռ էլ կբանա, ու իրար կտեսնենք: Ա¯խ, տղաս, ինչո՞վ կարող եմ քեզ օգնել: – Ասաց ու սկսեց հեկեկալ, լաց լինել: Դժվարանում էր խոսել: Ես կարծես հանգիստ լսում էի, բայց հանկարծ իմ սիրտն էլ փոթորկվեց: Աշխատում էի ինձ հանգիստ պահել, որ Զանակ տատին ավելի չհուզեմ: Բայց տեսնելով, որ լացը չի կտրում, որպեսզի նրան այդ վիճակից դուրս բերեմ, հնարավորին չափ հանգիստ տոնով ասացի. - Նամակը շատ երկար ստացվեց: Վախենալով, որ վերջացնում եմ գրելը, անմիջապես ուշքի եկավ, իրեն հավաքեց ու ասաց. - Չէ, չէ, գրիր: Տղաս, քո աչքերին, ձեռքերին, մամակ ասող ձայնիդ մատաղ: Բալիկս, կասես` ի՞նչ մայր էր, քեզ նման երեխային թողեց դժբախտության մեջ ու հեռացավ: Բայց ես քեզ անտեր չեմ թողել, բալիկս: Այդպես ստացվեց: Դու երևի հիշում ես, թե ինչ էր կատարվում: Ինչ օրի էի ես ու քեզ համար ինչ կարող էի անել, ոչնչով քեզ օգնել չէի կարող: Մեռներ քո մայրը, այդ օրերը չտեսներ: Այստեղ Զանակ տատիկի լացն ուժեղացավ: Որպեսզի նրա լացը կտրեմ, ներողություն խնդրեցի ու ասացի. - Վերջացնենք գրելը: Մի պահ նա մտքերի մեջ ընկավ, հետո ասաց, որ վերջացնում ենք, բայց կրկին սկսեց թելադրել. - Բալիկս, շա՞տ սոված – ծարավ մնացիր, թե՞ չէ: Շա՞տ ինձ փնտրեցիր: Ա¯խ, բալիկս, արդյոք քեզ կտեսնե՞մ, թե՞ չէ: Գոնե աչքս թարթելու չափ ժամանակ քեզ տեսնեի ու համոզվեի, որ կենդանի ես: Այսքանն ասելուց հետո լռեց: Քիչ հետո ասաց, որ մնացածը ինքս գրեմ: Բայց ի՞նչ գրեի: Քիչ հետո ասացի, որ գրեցի, վերջացրի: Նա լուռ մտքերի մեջ ընկավ: Նկատվում էր, որ գոհ էր: Ուրախության շողերը թափառում էին դեմքին: Մեկական նամակ էլ Զանակ տատիկի անունից գրեցի Խորհրդային Միության ու Լիբանանի կառավարությունների արտաքին գործերի նախարարությունների հասցեներով, խնդրեցի գոնե մի րոպեով թույլ տան տեսնել Սամվելին, նշելով, թե երբ, որտեղ, ինչպես էր կորցրել Սամվելին 42 տարի առաջ: Նամակները ծրարեցի, գրեցի հասցեներն ու ասացի, որ նամակները պատրաստ են, ես փոստ կգցեմ: Բայց Զանակ տատին անհանգստացավ, ասաց, որ նամակներն ինքը փոստ կգցի: Ապշած նայում էր նամակներին, նրա ձեռքերը սկսեցին դողդողալ, դեմքի մկանները` խաղալ: Նրա դեմքին երևում էին նրա ներքնաշխարհի տրտունջի ու հույսի ալիքների տատանումները: Մի ձեռքով, դանդաղ սկսեց արցունքները սրբել, մյուսով ՙա¯խ, Սամվելս՚ ասելով վերցրեց նամակներն ու հարցրեց, թե դրանից որն է Սամվելի նամակը: Ցույց տվեցի: Զանակ տատին Սամվելի նամակը դրեց կրծքին, հետո համբուրեց ու ասաց. - Ա¯խ, Սամվելս, միթե այս նամակը ձեռքդ պիտի առնես: Մեռնեմ քո թաթիկներին: Բալիկս, այս նամակի վրա թողած համբույրներս թող համբուրեն քո ձեռքերը: Այս ասելով դանդաղ կանգնեց: Աչքերը փակեց: Խոր շունչ քաշեց ու աչքերի արցունքները սրբելով ասաց. - Լավ էր` անցածը չհիշեի: Մնաք բարով, ես էլի կգամ,- ասաց ու գնաց: Դրանից հետո Զանակ տատին ամեն ամիս գալիս էր հարցնելու, թե ինչու նամակներին պատասխան չկա: Ամեն անգամ ասում էի, թե նման նամակների պատասխանը շուտ չի գալիս: Անցավ վեց ամիս: Ոչ մի պատասխան: Կրկնեցի նամակները: Անցավ էլի 6 ամիս: Մի օր էլ նամակ ստացան, որ Սամվելին թույլատրել են 3 ամսով գալ Խորհրդային Միություն, հյուր լինել մորը: Ինչ խոսք, երևի թույլատրող մարդկանց գութը շարժվել էր, որ այդքան երկար ժամանակ էին տվել: 1964թ. հուլիսի վերջերին Սամվելից հեռագիր ստացան, որ ՙԱրմենիա՚ նավով ընտանիքով Լիբանանից մեկնում է Օդեսա: Մի խումբ ազգականներ թռան Օդեսա` Սամվելին դիմավորելու: Իսկ մի խումբ ազգականներ, հարևաններ ու համագյուղացիներ գնացին Ադլեր, այնտեղ դիմավորելու: Որովհետև Սամվելը օդանավով Օդեսայից թռչելու էր Ադլեր: Թե ինչ եղավ Օդեսայում, չգիտեմ, բայց մենք Ադլերում երկար սպասեցինք: Լուրն անմիջապես տարածվեց օդանավակայանում, որտեղ այդ ժամանակ եկող-գնացողների, հանգստացողների, ճանապարհողների ու դիմավորողների եռուզեռ էր տիրում: Մարդիկ, երբ իմացան, որ մայր ու որդի 43 տարի առաջ իրար կորցնելուց հետո պիտի հանդիպեն, դիմեցին դեպի այն դահլիճը, ուր պիտի մտնեին Օդեսայից եկողները: Այդ դահլիճում էին հավաքվել ծանոթ թե անծանոթ, հայեր, ռուսներ, վրացիներ ու այլ ազգերի մարդիկ: Մեկ էլ ռադիոյով հաղորդեցին, որ Օդեսայից թռչող օդանավը վայրէջք է կատարում: Հետն էլ ասացին, որ այդ օդանավով Բեյրույթից եկած հյուրը հանդիպելու է 43 տարի առաջ կորցրած մորը: Այդ հայտարարությունից հետո մեր դահլիճում այնքան մարդ հավաքվեց, որ ասեղ գցելու տեղ չկար: Շուտով եկան Օդեսայից թռչողները: Եկան Սամվելի կինն ու 8 տարեկան տղան` Իշխանը: Նրանց ուղեկցում էին Օդեսա դիմավորելու գնացողներից մի քանիսը: Իսկ Սամվելը չկար: Ասացին, որ այդ օդանավում տեղ չի եղել բոլորին, և որ Սամվելը կգա հաջորդ օդանավով: Զանակ տատին երբ իմացավ, որ Սամվելը չկա, դեմքի ժպիտը մարեց: Զննող հայացքով նայեց մեկին-մյուսին, պարզելու համար, կատա՞կ են անում, թե՞ լուրջ են ասում: Բայց ոչինչ չհասկացավ: Սամվելի կնոջն ու երեխային դիմավորելուց հետո միայն հասկացավ, որ իրոք Սամվելը չկա: Սամվելի փոխարեն գրկել էր 8 տարեկան թոռանը` Իշխանին, բայց դա նրան չէր հանգստացնում: Աստիճանաբար նրա ոտքերը թուլացան: Որպեսզի չընկնի, Զանակ տատին դիմեց կողքին կանգնած մարդկանց օգնությանը և լալկան ձայնով ասաց. - Ո՞ւր է Սամվելս, ո՞ւր է բալիկս: Ի՞նչ եղավ: - Կգա, մայրի՛կ, կգա: Հանգստացի՛ր, շուտով կգա,- ասում էին Օդեսայից եկածները: - Ինձ մի խաբեք, որտե՞ղ մնաց տղաս` Սամվելս: Ի՞նչ եղավ, ի՞նչ պատահեց:- Ասաց ու աչքերը չորս արած շարունակեց եկողների մեջ փնտրել Սամվելին: Բայց չգսստնելով նրան` լրջացած ասաց. - Կատակ ե՞ք անում, թե՞ մի բան պատահեց: Այս անգամ մարդիկ ավելի լուրջ սկսեցին հասկացնել, որ ոչինչ չի պատահել, որ իրոք Օդեսայում բոլորին տեղ չի եղել օդանավում, որ Սամվելը կգա մի ժամ հետո` հաջորդ օդանավով: Բայց Զանակ տատին կրկին կասկածում էր, թե կարող է այդպես լինել, ու չէր հագստանում: - Չէ, ո՞ւմ եք խաբում,- ասաց նա ավելի լրջացած ու բարձր ձայնով, իսկ հետո տեսնելով, որ կատակ չեն անում, ինչ-որ կասկածների մեջ ընկած ու խեղճացած, աղերսանք արտահայտող, մարող ու լալկան ձայնով դիմեց բոլորին. - Ո՞ւմ եք համոզում: Ի՞նչ պատահեց: Ինձ ճիշտն ասեք, ի՞նչ եղավ տղաս: Էլի՞ կորավ: Այստեղ Զանակ տատիկի աչքերը մթնեցին, գլուխը պտտվեց, ձայնը կտրվեց, արցունքները գլորվեցին այտերի վրայով: Անուժ, անօգնական դարձավ: Ամբողջ տեսքն արտահայտում էր մի այնպիսի հուսահատություն, որ կարծես էլ փրկություն չկար: - Քեզ չեն ասում` մի տարի սպասիր, ասում են` մի ժամ սպասիր: 43 տարի սպասել ես, մի ժամ չե՞ս կարող սպասել,- ասաց համագյուղացիներից մեկը ու հետո ավելացրեց,- մի ժամ հետո եթե Սամվելը չգա, նոր կհարցնես, թե ուր է նա: Տեղ գտան, Զանակ տատին նստացրին: Ամեն կողմից հույս էին տալիս, հանգստացնում նրան: Բայց նրա արտասուքը չէր կտրվում: Հուսադրողներն այնքան շատ էին հավաքվել նրա գլխին, որ դա էլ իր հերթին կասկածի առիթ էր տալիս: Համագյուղացիներից մեկը, տեսնելով Զանակ տատիկի վիճակը, նրա մեծ աղջկան` Մարթային ասաց. - Մարթա, մի քիչ դու հանգստացրու մորդ, որ հանկարծ կաթվածահար չլինի: - Մայրիկ,- ասաց Մարթան հանգիստ, բայց ինչ-որ դժգոհ տոնով,- քեզ բոլորն էլ ասում են, որ օդանավում բոլորին տեղ չի եղել, որ Սամվելը կգա հաջորդ օդանավով: Էլ ի՞նչը պարզ չէ, որ կորցնում ես ինքդ քեզ: - Էդ ինչպե՞ս է, որ բոլորին տեղ է եղել, իսկ հենց Սամվելին տեղ չի եղել: Եթե բան է պատահել, ասեք, ի՞նչ եք թաքցնում, ձգձգում,- ասաց նա: - Ոչ ոք ոչինչ չի թաքցնում, ոչինչ էլ չի պատահել: Քեզ ասում են` օդանավում տեղ չի եղել բոլորին: Էլ ի՞նչը պարզ չէ,- բարկացած տոնով վրա տվեց Մարթան: Իսկ հետո հանգիստ, ցածր տոնով ավելացրեց,- չե՞ս տեսնում. Օդեսա դիմավորելու գնացողները բոլորը չեն վերադարձել: Չե՞ս տեսնում` եղբայրս` Հարությունն էլ չկա: Նրան էլ տեղ չի եղել օդանավում, մնացել է Սամվելի հետ: Զանակ տատին, տեսնելով, որ իրոք Հարությունն էլ չկա, ձեռքերը դրեց կրծքին, խոր շունչ քաշեց ու ասաց. - Էդպես ասեիք,- ու հանգստացավ: Մի ժամ հետո ռադիոյով հաղորդեցին, որ Օդեսայից թռչող օդանավը վայրէջք է կատարում: - Լսեցի՞ք, Զանակ տատի, լսեցի՞ք, Օդեսայից եկավ հաջորդ օդանավը,- ասաց մեկը: Ուրախությունից Զանակ տատիկի ձեռքերը սկսեցին դողալ, արտասվող աչքերը փայլեցին ու այնպես առույգացավ, որ չէիր ասի, թե պառավ է: Չնայելով մարդկանց խտությանը` նա մեզ հետ մոտեցավ ելքի դարպասին: Նա մի ձեռքը բերանին պահած անընդհատ կարծես ինչ-որ բան էր կուլ տալիս: Ասես ինչ-որ բան մնացել էր կոկորդում ու խանգարում էր խոսելուն: Դարպասի մոտ երևաց Օդեսայից եկողների շարանը: Դահլիճում հավաքված մարդիկ մի կերպ ճանապարհ բաց արին Օդեսայից եկածների համար: Ինձ թվաց, թե բոլորն էլ ուզում էին ինձ նման եկողների մեջ հեռվից գուշակել, թե որն է Սամվելը: Հեռվից եկողների մեջ նկատեցի Հարությունի կողքից քայլող միջահասակ, կլոր դեմքով, խոշոր աչքերով, կիսով չափ սպիտակած, կարճ կտրած մազերով, փողկապով, կոկիկ հագնված մի գեղեցիկ տղամարդու: Մտքում ասացի` երևի սա կլինի Սամվելը: Ու դա պարզելու համար աչքերս չէի հեռացնում նրանից: Մի պահ դահլիճում լռություն տիրեց: Բոլորն էլ շունչները պահած սպասում էին հանդիպման երանելի պահին: Երբ Օդեսայից եկածները մեզնից հեռու էին մոտ 2 մետր, չեմ հիշում` ով էր ասաց. - Արդյոք կճանաչի՞ մորը: Այդ րոպեին մի կին իմ կողքին կանգնած Զանակ տատկին մի կողմ քաշեց, ինքն առաջ անցավ ու բարձր ձայնով ասաց. - Սրանց մեջ ճանաչեցեք Ձեր մորը: Մեկ էլ այդ մարդը, որից աչքերս չէի հեռացնում, աչքերը չորս արած տեղնուտեղը քարացավ: Ճամպրուկները ձեռքերից ընկան ցած: Զարմացած, թե ինչ է կատարվում, մոլորված, անհամբեր, թափով մղվեց առաջ: Նորից քարացավ: Չիմանալով, թե ինչ անի, նայեց չորս կողմն ու դիմելով բոլորին, հուսահատ, շունչը կտրված, ինչ-որ ոչ մարդկային ձայնով ասաց. - Մի պահեք մորս: Իսկ մյուս կողմից, քոթոթները կորցրած վիրավոր մայր արջի նման, անհամբեր` մարդկանց արանքից առաջ նետվեց Զանակ տատին ու խեղդվող ձայնով գոռաց. - Սամվե՛լս, տղա՛ս,- ու նրանք գրկախառնվեցին: Երկուսն էլ արցունքոտ այտերով գրկում էին իրար, համբուրում: Ոչ մի խոսք, ոչ մի ձայն: Չորս կողմն ասես մարդիկ քարացել էին: Զանակ տատին գրկել էր Սամվելին ու աչքերը փակել: Նրա փակ աչքերից 43 տարի կուտակված արցունքի գետն էր հոսում: Քիչ անց մեկն ասաց. - Զանակ տատի, մի քիչ հանգստացեք, թողեք որ մենք էլ բարևենք: Զանակ տատին կարծես նոր արթնացավ, ուշքի եկավ ու թեքվելով դեպի իրեն դիմողը, ուրախությունից խելագարվածի նման փաթաթվեց նրան ու համբուրեց: Հետո ում պատահեր` փաթաթվում էր, համբուրում, ասես բոլորն էլ նրա հարազատները լինեին: Օդանավակայանում այդ օրը մեզ համար տոն էր: Շուտով նստեցինք մեքենաներն ու հյուրերի հետ մեկնեցինք Զանակ տատիկի տուն: Այդ ու հաջորդ օրը Զանակ տատիկի տանը կերուխում էր: Հավաքվել էր ամբողջ գյուղը: Զանակ տատին, Սամվելը վերհիշեցին իրենց գլխից անցածը: Բայց զգացվում էր, որ երկուսն էլ չէին ուզում անցածը մանրամասն քրքրել ու իրար ցավ պատճառել: Մոր հարցին, թե ինչ պատահեց, որտեղ և ինչպես կենդանի մնաց, Սամվելը երկու խոսքով պատասխանեց, որ երբ նրանք մոտենում էին Դիարբեքիր քաղաքին, նրանց հետապնդեցին թուրքերը: Ինքը փախավ անտառ, թաքնվեց:Թե ուր մնացին ընկերները,չգիտեր: Հետո անտառում միացավ փախստական հայերին: Իսկ մի տարի հետո, երբ ազատություն տվեցին, ինքը մնաց մենակ: |