Идет загрузка...
Сегодня:  Среда, 22 Мая, 2024 года

Статьи

Ինչպե՞ս վարվել թափոնների հետ

Սեփ.լրատու
Пресс-секретарь:
Սեփ.լրատու
10:56, Пятница, 22 Ноября, 2013 года

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը կազմակերպել էր իր հերթական բաց դասը թանգարանին կից գործող «Հրաբուխներ» Էկոակումբի սաների համար:

Բաց դասն անցկացվեց Հայաստան ծառատունկ ծրագիր «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի շրջանակներում՝ Կարին գյուղում:

Հայաստան ծառատունկ ծրագրի աշխատակիցներից Ալեն Կոստանյանը երեխաներին ներկայացրեց ծրագրի հիմնական առաքելությունը: Հայաստան ծառատունկ ծրագիրը գործում է 1994 թ-ից եւ այս ընթացքում հսկայական աշխատանք է իրականացրել՝ Հայաստանում պայքարելով անապատացման դեմ: Ծրագրի շրջանակներում տնկվել և վերականգվել են միլիոնավոր ծառեր, ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր:

Բաց դասի երկրորդ հատվածը վերնագրված էր «Թափոնների կառավարում», որը վարեց ծրագրի աշխատակիցներից Նվարդ Գեւորգյանը: Տիկին Գեւորգյանը երեխաներին պատմեց աղբի կուտակումից երկրագնդին սպառնացող աղետների մասին, ներկայացրեց թափոնների այլընտրանքային կիրառման տարբերակները եւ վերջում Էկոակումբի մասնակիցներին առաջարկեց եղեւնիներ պատրաստելու մի շարք այլընտրանքային ձեւեր:

Դասի երրորդ հատվածում երեխաները հյուրընկալվեցին տնկարանում, որտեղ ծանոթացան մի շարք պտղատու եւ օգտակար բույսերի եւ ծառատեսակների հետ, որոնցից են արոսենին, կծոխուրը, չմենին, ձյունապտղիկը, մետաքսե ակացիան, փշատենին, ունապենին: Տնկարանում պարապմունքն անցկացրեց տնկարանի տնօրենը՝ Էմիլ Գրիգորյանը, ով պատմեց, որ ծրագրի տնկարաններում աճեցված և տնկված ծառերը կենսական նշանակություն ունեն. նրանք մարդկանց ապահովում են սնունդով, փայտով, բարիքներով և տնտեսության աճի համար անհրաժեշտ հնարավորություններով:

Երեխաները վերադարձան Երեւան շատ բարձր տրամադրությամբ, վառ տպավորություններով եւ գիտելիքների մեծ պաշարով:

Հիշեցման կարգով նշենք, որ սկսած 2010 թ. օգոստոսից թանգարանին կից գործում է էկոակումբ, որի գերնպատակը երեխաների մեջ բնության հանդեպ սեր արթնացնելն է, ծանոթացնելը Հայաստանի երկրաբանական առաջացումներին և էկոլոգիական հիմնախնդիրներին: Ուստի բազմիցս կազմակերպվում են ուսուցողական արշավներ և հենց տեղում երեխաների հետ անցկացվում են գործնական աշխատանքներ: Էկոակումբը ակտիվ գործունեություն է ծավալում ու նշում գրեթե բոլոր բնապահպանական տոները:

Թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը միջոցառմանը եզրափակիչ խոսքում շնորհակալություն հայտնեց ծրագրի կազմակերպիչներին՝ երեխաներին հյուրընկալելու համար, ինչպես նաեւ խիստ կարեւորեց ծրագրի դերն ու նշանակությունը Հայաստանի բնապահպանական խնդիրների լուծման գործում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3396 | 0 | 0
Facebook