Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18: 30-ի սահմաններում Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 38-ամյա Գրիշա Պետրոսյանը, վարելով «Lexus» մակնիշի՝ 98 QU 888 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր ժայռաբեկորներին բախվելով հայտնվել ձորում՝ ժայռաբեկորների վրա: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների՝ կա 1-2 վիրավոր: Այս պահին վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ ջոկատի հրամանատար Դավիթ Հայրապետյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի խումբը՝ քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Հրշեջները աշխատանքներ են կատարել, որպեսզի ավտոմեքենայից գազի արտահոսք չլինի: Այս պահին Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզում են ստացած տեղեկությունը՝ հիվանդանոց տեղափոխված անձանց վերաբերյալ: Ըստ դեպքի վայրում հավաքվածների «Lexus» -ի վարորդի առջև մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել, ինչից հետ էլ տեղի է ունեցել վթարը, սակայն դա կպարզվի նախաքննության ընթացքում՝ տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: