Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

ԿՈԼԵԳԱՆԵՐ ՈՒՆԵՄ, ՈՐՈՆՑ ԵՐԳԵՐՆ ԻՐԱՐԻՑ ՉԵՄ ՏԱՐԲԵՐՈՒՄ

Լուր
Пресс-секретарь:
Լուր
14:07, Пятница, 21 Июня, 2013 года
ԿՈԼԵԳԱՆԵՐ ՈՒՆԵՄ, ՈՐՈՆՑ ԵՐԳԵՐՆ ԻՐԱՐԻՑ ՉԵՄ ՏԱՐԲԵՐՈՒՄ
    
- Այսօր կարձես նորաձեւ է դարձել, որ Ձեր կոլեգաներից շատերը ընդգրկվում են աղանդավորական շարքերում:
- Ընդհանրապես ոչ մի ձեւ երբեք չեմ վերաբերվել իմ կոլեգաների, ընկերների հետ, որոնք կան այդ խմբերում: Երբեք այդ թեմայով չեմ խոսել նրանց հետ, որովհետեւ չեմ կարող դա բացատրել, ինձ համար անընդունելի է այնքան, որ անգամ չեմ էլ ուզում խոսել այդ մասին: Այլ հարց է, եթե դա ինձ խանգարեր փոխհարաբերությունների մեջ, ես, անպայման, իհարկե, իմ դիրքորոշումը կհայտնեի: Դիրքորոշումս հետեւյալն է, Աստված իմ մեջ է, ես չեմ ասի, որ շատ եմ գնում մեր Հայ առաքելական եկեղեցի, բայց կնքված եմ, գնում եմ այն ժամանակ, երբ իսկապես ունեմ դրա կարիքը: Աստված իմ մեջ է, դառնալ ինչ-որ մի հավատքի բրենդը, եւ այդ հավատքը դառնա կոմերցիայի մի միջոց... չգիտեմ, երեւի, այդքան դեռ չեմ կարող ինձ վաճառել, որ հավատքս, հավատքիս հետ վաճառեմ սկզբունքներս, սկզբունքներիս հետ` փաստորեն իմ ԵՍ-ը... չեմ կարող դա ինձ համար
անընդունելի է, առանց մեկնաբանությունների թեմա: Ընկերներս ու կոլեգաներս, ովքեր ներգրավված են, իրենց գործն է, իրենց խնդիրն է, իրավունք չունեմ այդ տիրույթը մտնելու այնքան, մինչեւ այն չխանգարի մեր փոխհարաբերություններին:
"ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ ՉԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ "ԵՎՐԱՏԵՍԻԼՈՎ""
- Երգարվեստի առումով չեմ դադարել գործել, հիմա Եվրամիության միջազգային երաժշտական մրցույթների եւ փառատոների ժյուրիի անդամ եմ եւ երաժշտական պրոդյուսեր: Մասնակցում եմ որպես ժյուրիի անդամ եւ տանում եմ մասնակիցներ Հայաստանից: Վերջինը` Նարինե Դովլաթյանն էր, ում հետ Շվեդիայից բերել ենք առաջին մրցանակը, դա անցյալ ամառ էր: Այս ամառ եւս նախատեսվում են մրցույթներ, բայց չեմ ուզում խոսել նախապես: Ուրախ եմ, որ կարողանում եմ եվրոպաբնակ հայերի համար ինչ-որ բան անել եւ բացի դրանից նաեւ հենց եվրոպացիներին, որոնք չեմ ասի մեծ ուշադրությամբ, բայց լինում են դեպքեր, երբ հետաքրքվում են, թե ինչ է նշանակում հայկական փոփ էստրադա: Բնավ, ոչ միշտ ես կարողանում ցույց տալ, թե որն է արդի հայկական էստրադան, դա փոփ չէ, բայց ուրախ եմ, որ դեռեւս կարելի է գտնել ինչ-որ կատարումներ, որոնք կարող են կոչվել հայկական փոփ:
     - Իսկ մենք շա՞տ բան ունենք հասնելու նրանց մակարդակին:
    
- Այո, մենք էլ, իրենք էլ շատ բան ունենք միմյանց հասնելու համար: Մեզ, երեւի, պակասում է սեփական երկրում նման առիթների հանդեպ ավելի մեծ ուշադրությունը, աջակցությունը եւ գնահատանքը: Աշխարհում մրցույթները չեն սահմանափակվում "Եվրատեսիլով", իհարկե, դա շատ լավ է, բայց, գոնե, այնտեղ էլ ամեն ինչ լավ լինի: Երբեմն մեր կատարողները մեղք չունեն ցածր տեղեր գրավելու համար, մեղք ունի այն կազմակերպչական աշխատանքը, որը տարվում է այստեղ` գնալուց առաջ: Մենք նրանցից կազմակերպչական աշխատանքները տանելու ճիշտ ձեւը պիտի սովորենք` ճիշտ PR-ի, մեզ ճիշտ մատուցելու, մեզ վրա աշխատելու: Նրանք էլ ունեն մեզ հասնելու շատ բան, որպեսզի կարողանան նման պայմաններում պարապելիս այդ բեմերում երգել: Մերոնք հիմնականում լավ են երգում, որովհետեւ այստեղ դժվար ու հնացած պայմաններում են պարապում, իսկ այնտեղ լավին շուտ ես սովորում, մի քիչ էլ մեջդ կա, ավելիին ես կարողանում ձգտել: Մեզ պակասում են միջազգային երաժշտական մրցույթներն ու փառատոները: Միջազգային այդ խմբի մեջ մտնող մրցույթները, որոնք պարտադրում են, որ յուրաքանչյուր տարի լինեն ամենամյա, ինչպես պարտադրում է "Եվրատեսիլը": Եթե սպասենք "Եվրատեսիլին", գուցե 10-15 տարի, բացի մանկական "Եվրատեսիլից" մեզ մոտ ոչ մի հզոր մրցույթ չլինի:
    
- Շատերն ասում են, որ "Եվրատեսիլը"...
- Ինձ համար երբեք մասնակցությունը կարեւոր չի եղել: Եթե այժմ բեմում ես, ուրեմն արդեն մասնակցում ես, կարեւորագույն փուլը անցել ես: "Եվրատեսիլում" կա հաղթող մեկ տեղ, մնացածներն արդեն կարեւոր չեն: Որքան էլ այսօր Բաքուն ասի մենք 2-րդն ենք, վերջ, կա մեկ մրցանակ:
- Ասում են, որ մեզ այդքան էլ պետք չէ "Եվրատեսիլը", ոչինչ չի տալիս:
- Չի տալիս, որովհետեւ մենք բան չենք տալիս "Եվրատեսիլին": Լավ կատարող ուղարկելը դեռեւս չի նշանակում, որ "Եվրատեսիլին" ինչ-որ բան ենք տվել: Այն տեսիլային իմաստ ունի, այնտեղ ամեն ինչը պետք է տեսնել: Ես սիրում եմ "Եվրատեսիլում" տեսնել հարուստ, շքեղ համար: Մեզ բացի հարուստ ձայնից ու կատարումից, պետք է նաեւ հարուստ համար:

    
"ՊԱՐԶԱՊԵՍ ՓՉԱՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՐՎԵՍՏԸ ԵՎ ՉԳԻՏԵՍ ԻՆՉՈՒ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ"- Վերադառնանք հայկական էստրադային, ինչո՞ւ եք պասիվ երգարվեստում:
- Տարին մեկ տեսահոլովակը բավական է, անիմաստ գումար ծախսելու մտադրություն չունեմ: Ես եմ որոշում մասնակցել, թե` ոչ, թող դա մեծամտություն չթվա: Պարզապես այսօր այնքան կոլեգաներ ունեմ, որոնց երգերն իրարից չեմ տարբերում: Երբեմն, անգամ արդեն ձայներն իրարից չեմ տարբերում: Չեմ գտնում, որ դա ճիշտ է: Իրենց սիրում եմ, հարգում, լավ գործեր ունեն, բայց ես չհասկացա այդ ամենը: Այո, բոլորը փոխեցին իրենց ոճը, բայց նրանցից նույն մարդիկ են այսօր միայն վաստակում հարսանիքներից, որովհետեւ մեծամասնությունը դանդաղ երգը դարձնում է 6/8, ինչն էլ այն քեֆային տրամադրությունը չի փոխանցում: Եթե ես այսօր չեմ կարողանում երգել կլկլացնելով, չեմ անում, եւ դա ամոթ չէ ասել: Իրոք, չեմ կարող եւ չեմ սիրում, երբ ինչ-որ մեկը չի կարող, բայց անում է, որովհետեւ հարսանիքներին իրեն չեն հրավիրում: Շատ հարսանիքների լինում եմ` ե՛ւ որպես հյուր, ե՛ւ որպես երգիչ, ու տեսնում եմ նույն իմ կոլեգաներին, իրենց երգածների տակ ինքս եմ պարում եւ քեֆ անում, որովհետեւ հնարավոր չէ հայկական մի խնջույք առանց մեր հայկական 6/8 ձեւաչափի: Դրա համար պետք է որոշակի երգիչներ լինեն եւ կան: Իսկ մնացածները պարզապես փչացրել են իրենց արվեստը եւ չգիտես ինչու բողոքում են: Անձամբ չեմ բողոքում, մենք ստանում ենք այն, ինչին արժանի ենք, լսարանը ստանում է այն, ինչ մենք ենք մատուցում:
    
Վերջին ձայնասկավառակը թողարկվեց 2009-ին...
- Այո, դա առաջին եւ վերջին ձայնասկավառակս էր:
- Ի՞նչն է պատճառը, որ դրանից հետո չեք թողարկել:
- Անիմաստ գումարներ չվատնելը:
- Թե՞ արդեն ժամանակակից տեխնոլոգիաներն են զարգացել ու բավարարվում եք միայն համացանցում տարածելով:
- Այսօր ծիծաղելի է, եթե ասեն, թե բոլորը մեծ տպաքանակով են տպագրում ձայնասկավառակ: Այո, համացանցը արեց իրենը, բայց անգամ այդ փոքր տպաքանակի դեպքում էլ եմ համարում անիմաստ գումարի վատնում: Եթե հասկանամ, որ իսկապես ունեմ նոր ձայնասկավառակի նյութ` կանեմ: Այսօր ձայնասկավառակ թողարկելը տեսահոլովակի նման մի բան է: Ունես գումար` վատնիր քամուն: Ցավոք, մի քիչ էգոիստ եմ դարձել վերջին տարիներին. ունեմ գումար ծախսում եմ ինքս ինձ վրա, կյանքը բարելավելու ու հարմարավետ դարձնելու համար:
    
- Իսկ մենահամե՞րգ:
- Շատ եմ ուզում ունենալ մենահամերգ` երկու ձեւաչափով: Մեկը կամերային` նվագախմբի հետ, որի ընթացքում կհնչեն բոլոր իմ երգերը նվագախմբի հետ: Եվ մյուս ձեւաչափով մենահամերգս, որտեղ կհնչեն բոլոր իմ երգերը բեմադրված շոուով, դեկորներով, հագուստներով, հատուկ բեմադրված պարերով: Ես արդեն պատրաստ եմ մենահամերգի` ունենալով իմ ետեւում 11 միջազգային մրցույթ, անցնելով բեմի լավ եւ շատ վատ կողմերը, ձախողումներ էլ են եղել, իհարկե, ամեն ինչ է եղել, կոփվել եմ, ինձ թվում է, որ կարող եմ որեւէ հետաքրքիր բան ներկայացնել: Կրկին չեմ ուզում հրավիրատոմսերից բաղկացած մենահամերգ ունենալ: Չեմ քննադատում այն մարդկանց, որ գնում են այդ քայլին: Չեմ ասում, որ մեծ համալիրներում` ավտոբուսներով լցնելով, համերգ անեմ, այլ կամերային համերգ, այն դահլիճում, որի բեմում կկանգնեմ ու կասեմ. այո՛, իմ համերգը հենց այստեղ պետք է լինի:
     նյութի աղբյուր՝ http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=7871%3A2012-04-04-19-36-17&catid=56%3Amshakuyt&Itemid=120
     Լուսանկարները՝ Սերգեյ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
4572 | 0 | 0
Facebook