Այս հոդվածում խոսելու ենք բալգարկա գործիքի (հայերեն՝ անկյունահղկիչ) ստեղծման պատմության և հենց գործիքի առանձնահատկությունների մասին:
Եվ այսպես, բալգարկան ռուսերենից փոխառություն է՝ «болгарка» (թարգմ.՝ բուլղարուհի) բառից: Գործիքն ստեղծվել է 20-րդ դարի 70-ական թվականներին՝ Բուլղարիայի Լովեչ քաղաքում, Eltos ապրանքանիշի ներքո գտնվող Sparky Eltos ձեռնարկությունում: Այս անկյունահղկիչ մեքենան առաջին անգամ Խորհրդային Միություն արտահանվեց հենց բուլղարացիների կողմից, ինչի պատճառով էլ մինչ այժմ, ամբողջ հետխորհրդային տարածքում, բալգարկա են անվանում ցանկացած անկյունահղկիչ մեքենա, անգամ եթե այն այլ երկրից է:
Բալգարկայի կամ անկյունահղկիչ մեքենաների տեսակները
Կախված հիմնական տեխնիկական և գործառնական հատկանիշներից՝ առանձնացվում են անկյունահղկիչների մի քանի տեսակներ:
Ըստ շարժիչի սնուցման աղբյուրի
- Էլեկտրական բալգարկաներն ամենահայտնի մոդելներն են, որոնք աշխատում են էլեկտրական հոսանքով: Սնուցման տեսակետից միակ թերությունը, թերևս, անզգուշության պատճառով լարը կտրելու վտանգն է:
- Մարտկոցով աշխատող բալգարկաները շարժական անկյունահղկիչներ են, նախատեսված էլեկտրական վարդակից հեռու աշխատելու համար: Թերությունները՝ ոչ բավարար հզորություն և երկրորդ լիցքավորված մարտկոց ունենալու անհրաժեշտություն։
- Բենզինով աշխատող բալգարկաները հարմար են քաղաքակրթությունից և էլեկտրական վարդակներից հեռու տարածքներում աշխատելու համար: Բենզինով աշխատող բալգարկաներն այնքան հզոր են, որ հարմար են ցանկացած կարծրության և ծագման նյութեր կտրելու համար:
- Օդաճնշական անկյունահղկիչ մեքենաները սնվում են կոմպրեսորներից: Սեղմված օդով սնուցվող բալգարկան մյուսների շարքում առանձնանում է տարբեր աշխատանքներ կատարելու հեշտության, արտադրողականության բարձր մակարդակի, կոմպակտության և ցածր քաշի, խոնավության բարձր մակարդակների դիմակայունության, գերտաքացումից պաշտպանվածության, հրդեհային անվտանգության և երկարատև աշխատունակության շնորհիվ:
Ըստ բռնակի առկայության
- Մեկ բռնակով (սովորաբար 115, 125 մմ սկավառակով) – թեթև և կոմպակտ անկյունահղկիչներ: Քանի որ անվտանգության կանոններն արգելում են բալգարկան մի ձեռքով պահել, հետևաբար անհրաժեշտ է մյուս ձեռքով պահել գործիքը:
- Երկու բռնակով տարբերակներն ունեն հետևի (հիմնական) և առջևի (շարժական) բռնակներ:
Ըստ կիրառության
- Կենցաղային – նախատեսված են տանը օգտագործելու համար, չափսերով փոքր են, թույլ հզորությամբ և հարմար չեն անընդմեջ օգտագործման համար։
- Պրոֆեսիոնալ – առանձնանում են իրենց բազմաֆունկցիոնալությամբ և ծանրաբեռնված աշխատելու կարողությամբ:
Անկյունահղկիչների տեսակների նման բազմազանությունը հնարավորություն է տալիս ընտրել ձեր պահանջներին համապատասխանող լավագույն տարբերակը։
Անյունահղկիչների գլխադիրներ (նասադկաներ)
Անկյունահղկիչ մեքենան ունիվերսալ սարք է, որը կարելի է օգտագործել կտրելու, մանրացնելու, շերտազատելու, հղկելու, թեփահանելու, փայլեցնելու և այլնի համար: Աշխատանքի յուրաքանչյուր կոնկրետ տեսակի համար օգտագործվում է համապատասխան գլխադիր:
- Կտրող սկավառակներն օգտագործվում են մետաղ, քար և փայտ կտրելու կամ սղոցելու համար: Ադամանդե սկավառակները կօգնեն կտրել ցանկացած նյութ (սալիկ, քար, գրանիտ, բետոն և այլն):
- Մաքրող սլայդներն անհրաժեշտ են մակերեսից ժանգը, հին ներկը, ցեմենտը և այլ աղտոտիչները հեռացնելու համար:
- Հղկման և փայլեցման գլխադիրն ունի հղկող ծածկույթ, որն ընտրվում է ըստ մշակվող մակերեսի: Այս գլխադիրն օգտագործելիս պետք է հիշել, որ հղկման և փայլեցման համար անհրաժեշտ է հեղուկ և հղկող մածուկ:
Սկավառակ գնելիս կարդացե՛ք փաթեթավորման վրա նշված բնութագրերը կամ հարցրե՛ք ձեր վաճառքի խորհրդատուին՝ արդյոք այն կհամապատասխանի՞ ձեր պահանջներին և կարիքներին:
Անվտանգության կանոններ
Բալգարկան վտանգավոր գործիք է, որով աշխատելիս անհրաժեշտ է հետևել անվտանգության կանոններին՝ պաշտպանված լինելու և շրջապատող անձանց պաշտպանելու համար:
- Պատշաճ կերպով հավաքեք և կոմպլեկտավորեք սարքը:
- Երբեք մի՛ հանեք կափարիչը, որը վարպետին պաշտպանում է բեկորներից:
- Հետևե՛ք սլայդի շարժման ուղղությանը:
- Ընտրե՛ք կոնկրետ նյութին համապատասխան կցորդներ:
- Բալգարկա գնելիս նախապատվությունը տվեք պտույտների արագությունը կարգավորող սարքին։
- Օգտագործե՛ք պաշտպանիչ միջոցներ (ձեռնոցներ, ակնոցներ կամ դեմքի վահան, ռեսպիրատոր)
Հետևե՛ք վերը նշված հրահանգներին, և ձեր անկյունահղկիչ մեքենան ձեզ երկար տարիներ կծառայի: