Երևան, Հայաստան - Հունիսի 19-22-ին Նյու Յորքում կայանալիք Orion Summit 2023-ի մասնակիցների համար կազմակերպվել են մի շարք այցելություններ առաջատար կրթական, ֆինանսական հաստատություններ, նյույորքյան ստարտափներ ու վենչուրային ընկերություններ:
Գագաթնաժողովի մասնակիցներին կհյուրընկալի Jacobs Technion-Cornell Institute at Cornell Tech համալսարանը: Ռուզվելտ կղզու առաջատար այս համալսարանում շրջայցը կգլխավորի Runway and Spinouts ծրագրի տնօրեն Ֆերնանդո Գոմես-Բաքուերոն: Ֆերնանդոյի հետազոտությունները կենտրոնացած են էներգիայի պահպանման կիրառման համար առաջադեմ նանոնյութերի, նանոտեխնոլոգիաների տնտեսական ազդեցության և տեխնոլոգիական ձեռներեցության վրա: Jacobs-ը հիմնադրվել է Technion-Israel տեխնոլոգիական ինստիտուտի և ամերիկյան Cornell University-ի կողմից, որը 20-րդն է համալսարանների համաշխարհային վարկանիշում:
Գագաթնաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան նաև շրջայց կատարելու We Work-ում, որի տարբեր տարածքներում գործում են Fortune 500 հաջողակների ցանկում ընդգրկված ընկերությունների մեկ երրորդը՝ Microsoft-ը, UBS-ը, Pinterest-ը և այլն: Այցելության մեկ այլ հասցե է բիզնեսի և միջոցառումների հեղինակավոր ակումբը՝ Նյու Յորքի Harvard Club-ը:
Orion Summit 2023-ը տեղի կունենա «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով: Գագաթնաժողովին մասնակցելու համար կարելի է գրանցվել պաշտոնական կայքի միջոցով:
«Orion» -ի մասին
«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։