Քաղաքագիտական կարևոր նշանակության արդիական գիրք. Արման Կիրակոսյան
Պատմական գիտությունների թեկնածու Սևակ Մելիքյանի ուսումնասիրությունը նվիրված է հայ-ամերիկյան հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը 1991-2000 թթ.: Հեղինակն իր առջև խնդիր է դրել ուսումնասիրել նշված ժամանակահատվածում տարբեր ոլորտներում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը, ԱՄՆ դիրքորոշման վերլուծությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի և Հայոց ցեղասպանության ճանաչման նկատմամբ, ամերիկահայ համայնք-Հայաստան փոխհարաբերությունների ձևավորումն ու ընթացքը: Նկատի առնելով այն հանգամանքը, որ հայ-ամերիկյան հարաբերությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը, գիրքն ունի արդիական և քաղաքագիտական կարևոր նշանակություն: Այն հետաքրքիր նորույթ է նորագույն շրջանի հայ-ամերիկյան հարաբերությունների հետազոտման գործում: Հեղինակն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել ուսումնասիրվող շրջանին վերաբերող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատմա-դիվանագիտական բաժնի, նույն նախարարության ԱՄՆ-ի և Կանադայի վարչության արխիվային նյութերը` երկկողմ միջպետական պայմանագրեր, պաշտոնական այցելությունների սղագրություններ, արձանագրություններ և դիվանագիտական նամակագրություն: Ուսումնասիրության մեջ օգտագործված են նաև Հայաստանի ազգային արխիվում պահվող ՀՀ կառավարության և արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերի նյութերը, ԱՄՆ կոնգրեսի, կառավարության և առանձին նահանգների արխիվային փաստաթղթերը: Հայ-ամերիկյան քաղաքական կապերի հաստատումն ու ամրապնդումը վերնագիրը կրող գլխի առաջին ենթագլխում հեղինակը վերլուծում է Խորհրդային Միության փլուզումից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային երկրների և գերտերությունների, մասնավորապես, ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական խնդիրներն ու նպատակները: Երկրորդ ենթագլխում լուսաբանվում են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, 1991-1995 թթ. առաջին միջպետական շփումների, փոխայցելությունների, Երևանում և Վաշինգտոնում դեսպանությունների բացման հետ առնչվող մանրամասները: Երրորդ ենթագլխում քննարկվում են 1995-2000 թթ. քաղաքական և անվտանգության երկխոսությանը վերաբերող հարցեր, կարևորվում է Հայաստանի հարցերով զբաղվող խորհրդարանական խմբի ստեղծման և ձևավորման նշանակությունը հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Ուսումնասիրության երկրորդ գլուխը նվիրված է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությանը: Առաջին ենթագլխում հեղինակը լուսաբանում է միջպետական տնտեսական համագործակցության սկզբնավորման ընթացքը, առևտրատնտեսական բնագավառում ստորագրված առաջին պայմանագրերը: Երկրորդ և երրորդ ենթագլուխները նվիրված են Հայաստանին հատկացվող ԱՄՆ մարդասիրական օգնության տրամադրմանն առնչվող հարցերին: Հայաստանին հատկացվող ԱՄՆ օգնության ընթացքը բաժանված է երեք հիմնական փուլի. ա) 1992-95 թթ.` մարդասիրական օգնություն. բ) 1996-98 թթ.` զարգացմանը նպաստող օգնություն. գ) 1999 թ. սկսած` մասնավոր սեկտորի զարգացմանը, ներդրումների խրախուսմանը և աշխատատեղերի ստեղծմանը նպաստող օգնություն: Հեղինակը մանրամասնորեն քննարկում է ԱՄՆ գերատեսչությունների օգնության ծրագրերը Հայաստանում առևտրի, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում: Երրորդ գլխի առաջին և երկրորդ ենթագլուխներում հեղինակը քննարկում է ուսումնասիրվող ժամանակահատվածում հայ-ամերիկյան գիտակրթական և մշակութային համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր, վերլուծում է միջպետական պայմանագրերն այդ ոլորտներում, հայ մասնագետների, գիտնականների, կրթության բնագավառի աշխատողների մասնակցությունն ամերիկյան տարբեր կազմակերպությունների ծրագրերին: Երրորդ ենթագլխում մանրամասնորեն լուսաբանված է ամերիկահայ կազմակերպությունների մարդասիրական օգնության, ինչպես նաև Հայաստանում տնտեսական, գիտական, մշակութային ծրագրերին նրանց մասնակցությանն առնչվող փաստեր: ԱՄՆ-ը և Հայ դատը. ԱՄՆ-ի մասնակցությունը արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին վերնագիրը կրող գլխի առաջին ենթագլխում հեղինակը վերլուծում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնախնդիրները, Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող խնդիրները, հայ-ամերիկյան կապերը ռուս-ամերիկյան հարաբերությունների և թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական գործակցության պայմաններում: Երկրորդ ենթագլխում մանրամասնորեն վերլուծվում է ԱՄՆ քաղաքականությունն արցախյան հակամարտության հարցում` սկսած 1991 թվականից: Հիմնվելով հիմնականում մամուլի նյութերի և քաղաքագիտական ուսումնասիրությունների վրա, հեղինակը քննում է ԱՄՆ դիրքորոշումը և մասնակցությունը հիմնահարցի խաղաղ կարգավորման Մինսկի խմբի եռանախագահողների միջնորդությամբ տեղի ունեցող բանակցությունների տարբեր փուլերում: Երրորդ ենթագլխում լուսաբանվում է ուսումնասիրվող ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ԱՄՆ-ում: Այսպիսով, գրքի հեղինակը կատարել է կարևոր մի աշխատանք, որը կարելի է համարել 1991-2000 թթ. ընթացքում տարբեր բնագավառներում հայ-ամերիկյան հարաբերությունների ուսումնասիրման առաջին փորձերից մեկը: Այն կարող է օգտակար լինել դիվանագետների, միջազգայնագետների, քաղաքագետների և ուսանողների համար:Արման Կիրակոսյան Պատմական գիտությունների դոկտոր |