Loading...

Articles

Եղեռն տեսած կնոջ պատմությունը ...

21:07, Wednesday, 24 April, 2019
Եղեռն տեսած կնոջ պատմությունը ...
     Ծանոթացե'ք, հորս տատիկն է՝ 1915 թվականի ցեղասպանության ողջ տանջանքն իր աչքերով տեսած, գաղթի ընթացքում տառապանքն ու զրկանքներն իր մաշկի վրա զգացած, թուրքի կողմից վայրագորեն սպանված ամուսնու համար իր ձեռքերով գերեզման փորած, սովից ու ծարավից մահացած իր երկու երեխաներին անգերեզման թողած Գոհար մայրիկն է...
     Ծանոթացե'ք, հորս տատիկն է, իր երեք զավակների հետ տեգոր երկու երեխաներին գաղթի ժամանակ օրորոցային երգող, ԷՐԳՐԻ մասին պատմող, սոված ու ծարավ երեխեքին վաղը ուտելիք տալու խոստումով հանգստացնող Գոհար մայրիկն է...
     Ծանոթացե'ք, հորս տատիկն է, ով անտեսնելով տեգոր կնոջ հորդորները՝ հետևել իր օրինակին և թողնել երեխաներին ու փրկվել, նա ճիշտ հակառակն է արել, իր երեք երեխաների հետ նաև տեգոր կնոջ կողմից լքված երկու փոքրիկներին վերցնելով. «Եթե մեռնելու ենք, իրար հետ կմեռնենք» ...
     Ծանոթացե'ք, Գոհար մայրիկն է, ով Կաղզվանից դուրս է եկել հինգ, Մազդոկ հասել երեք՝ իր մի աղջկա և տեգոր երկու երեխաների հետ, քանի որ ձեռքն ընկած հացի փշրանքների ու ջրի մեծ մասը տեգոր որբերին է տվել...
     Ծանոթացե'ք, հորս տատիկն է, ով հետագայում նոր ընտանիք կազմելով, իր ու տեգոր երեխաներից բացի ՄԱՅՐ է եղել նաև Դավալլույից Մազդոկ գաղթած ամուսնու երկու, և նոր ընտանիքում ծնված ևս երկու երեխաների համար, և եթե հարևաններն արդեն չափահաս երեխաների մոտ չխոսեին, նրանք երևի երբեք էլ չիմանային, որ իրենց ընտանիքում մի քանի ծնողներից ծնված երեխաներ են հարազատ քույր_եղբոր նման մեծանում...
     7_8 տարեկանում լսելով վերը նշված պատմությունների մասին ես մինչև հոգուս խորքը ատեցի թուրքին, և էլ ավելի հպարտացա, որ Գոհար տատիկի նման հերոս կնոջ արյունն է իմ երակներով հոսում, և երբ իմ աղջիկը՝ Գոհարիկը, մի քիչ մեծանա, ես նրան կպատմեմ այն, ինչ տատիկիցս եմ լսել և համոզված եմ, որ նա է'լ ավելի հպարտորեն կկրի իր անունը, որն ոչ միայն իր հորական տատիկի, այլ նաև Եղեռն տեսած ու մինչև իր մահը ԷՐԳԻՐ գնալու հույսով ապրած, պայքարող, չհանձնվող, քարից հաց քամող, հայ կնոջ վառ օրինակ Գոհար տատիկի անունն է։
     Այսօր 2019 թվականի ապրիլի 24_ն է, և արդեն 104 տարի հայ ազգը հիշում ու հարգում է միլիոնավոր անմեղ հայ նահատակների հիշատակը։ Արդեն սարերի հետևում չէ այն օրը, երբ Երկրի վրա եղանակ փոխող տերությունները կարձանագրեն հայ ազգի բնաջնջման փորձը, կարտասանեն ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ բառը, և ես իմ ընտանիքով կշրջեմ այժմյան Արևմտյան Հայաստանի ողջ տարածքով և Գոհար տատիկիս փոխարեն ԷՐԳՐԻՑ կարոտս կառնեմ...
     Հ.Գ. Ապրիլ՝ պայքարելու, հաղթելու, ապրելու և կյանքը շարունակելու ամիս... Ցավից շատ ենք լացել, երջանկությունից լացելու ժամանակն է...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
7750 | 0 | 0
Facebook