Loading...

Articles

Ինչո՞ւ չի կարելի երեխաներին ստիպել մինչեւ վերջ ուտել ճաշը

18:24, Thursday, 20 October, 2016
Ինչո՞ւ չի կարելի երեխաներին ստիպել մինչեւ վերջ ուտել ճաշը

Բազմաթիվ ծնողներ, ինչպես մանկապարտեզների դաստիարակչուհիներ երեխաներին ստիպում են ամբողջությամբ դատարկել ափսեի պարունակությունը, եթե անգամ փոքրիկները պնդում են, որ քաղցած չեն: «Մինչեւ ամբողջը չուտես, սեղանից չես հեռանա» արտահայտությունը տարբեր տարբերակներով կյանքում գոնե մեկ անգամ լսել են բոլոր երեխաները: Նեբրասկայի համալսարանի գիտնականները, սակայն, հայտարարում են, որ երեխային ստիպելը վնասակար է:

ԱՄՆ-ում անցկացված հետազոտության առաջատար հեղինակ Դիփնի Դեւի խոսքով՝ մանկապարտեզների բազմաթիվ դաստիարակներ հետեւում են, որ երեխաներն ամբողջությամբ ուտեն ճաշը: Որոշ դեպքերում էլ ուտելիքն օգտագործվում է որպես պարգեւատրում, օրինակ՝ ինքնուրույն զուգարան գնալու համար երեխային կարող են կոնֆետ հրամցնել:

Գիտնականների պնդմամբ՝ դա սխալ է եւ վնասակար, քանի որ այդ կերպ դաստիարակված երեխաները, հնարավոր է, չկարողանան ինքնուրույն կառավարել քաղցի զգացողությունը: Արդյունքում նրանց մոտ կարող է արագ սննդի հանդեպ հակվածություն առաջանալ, որոնք հագեցվածության կարճաժամկետ զգացողություն են ապահովում: Ավելին, մեծ է հավանականությունը, որ նման երեխաների մոտ ավելորդ քաշ կամ ճարպակալում կառաջանա:

Մասնագետները հարցում են անցկացրել 2-5 տարեկան երեխաների խմբերի 18 դաստիարակչուհու շրջանում: Նրանք միջինը 42 տարեկան կանայք են եղել՝ նախադպրոցական տարիքի երեխաների հետ շուրջ 12 տարվա աշխատանքային փորձով: Ոմանք պատմել են, որ իսկապես նման հնարքների են դիմել, հատկապես՝ քմահաճ եւ համառ երեխաների հետ: Մյուսներն էլ հայտարարել են, որ «մաքուր ափսեների» կողմնակից են: Մի քանի դաստիարակներ, սակայն, նշել են, որ երեխաներին չեն ստիպում մինչեւ վերջ ուտել, քանի որ լսել են նման գործողությունների եւ հետագայում ճարպակալման առաջացման վտանգի միջեւ կապի վերաբերյալ հետազոտությունների մասին:

Հեղինակները նշում են, որ ոչ ընդգրկուն ուսումնասիրության պատճառով իրենց աշխատանքը չի ապացուցում, որ նախադպրոցական կրթական հաստատություններում կերակրելու քաղաքականությունը միանշանակ ավելորդ քաշի կամ սխալ սննդային սովորույթների առաջացման պատճառ է դառնում, սակայն դրա հավանականությունն անտեսելն ու երեխաներին ստիպելով կերակրել, ամեն դեպքում, պետք չէ:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4300 | 0 | 0
Facebook