Loading...

Articles

Մեր ժամանակների բարիքների գնահատումն իմ հայացքով

Sona Sargsyan
21:49, Tuesday, 18 February, 2014
Մեր ժամանակների բարիքների գնահատումն իմ հայացքով

Նորից եկավ իմ պաշտելի շաբաթ օրը, նորից գյուղում եմ` տաք վառարանի կողքին նստած, նորից լսում եմ պապիկիս խրատներն ու խորհուրդները, նորից քննարկում ենք տարբեր թեմաներ.

-Կյանքիդ անցկացրած յուրաքանչյուր օրն այնպես պետք է ապրես, որ խիղճդ մաքուր լինի, ի´մ աղջիկ:

Ինչպես հասկացաք այսօրվա զրույցի թեման ժամանակի բարոյական արժեքների գնահատումն է: Պապիկս պատմում է, որ իրենց ժամանակ մարդիկ եղել են ավելի բարի, ավելի շնորհակալ և գնահատող:

-Թոռնի´կս, մեր ժամանակներում մարդկանց մեծ մասն աղքատ և կարիքավոր էր: Ես դժվար մանկություն եմ ունեցել, բայց մարդիկ այդ ժամանակ ավելի կարեկից ու ձեռք մեկնող էին քան հիմա: Շատ մարդկանց տներում կար միայն հաց և պանիր, բայց ընտանիքը համերաշխ էր, միասնական և երջանիկ: Մեր ժամանակի մարդիկ համեստ ու հեզ էին, աղջիկներն ամոթխած ու պարկեշտ էին, տղաները` քաջ ու անվախ: Երբ ես փոքր էի ու պատերազմ էր, ոչ մի հայ տղամարդ չմնաց տանն իր ընտանիքի մոտ, այլ վերցրեց զենքն ու գնաց պատերազմելու իր ընտանիքի և հայրենիքի պաշտպանության համար: Իսկ հիմա, հիմա բոլոր տղաները վախենում ու փախչում են բանակում ծառայելուց: Հիմա մարդիկ գոռոզ են: Հիմա ամեն պայման կա լավ ապրելու համար: Հիմա կյանքը հեշտացված է, բայց մարդիկ, մարդիկ առաջվանը չեն, թոռնի´կս: Հիմա` քո ժամանակերում, մարդկանց մեջ շատ չարություն և նախանձ կա: Ամեն օր լսում ես, որ ընտանիք է բաժանվում: Աղջիկների մեծ մասն անպարկեշտ է, իսկ տղաներն էլ վախկոտ են:

-Պապի´կ, բայց ախր ոչ բոլոր մարդիկ են քո ասածի պես հիմա:

-Թոռնի´կս, քո ժամանակներում այլանդակությունն ու անպարկեշտությունն այնքան շատ է, որ երբեմն նաև ծածկում է այդ բացառություններին: Սոնա´ս, միշտ հիշիր կյանքում կան մարդկային բարոյական արժեքներ, որոնք միշտ պետք է պահպանես և առաջնորդվես դրանցով, անկախ նրանից, թե որ դարում ես ապրում: Դու միշտ պետք է հարգես մեծերին: Պետք է ոգեշնչված լինես հայրենասիրությամբ` հայրենասեր պիտի լինես: Պետք է թույլերին ու տկարներին օգնության ձեռք մեկնես: Պետք է լսես մեծերի խոսքը: Պետք է ծնողասեր լինես և ամենակարևորը պետք է գնահատել և շնորհակալ լինել իմանաս: Սխալդ ընդունել պետք է իմանաս և ներողություն խնդրել կարողանաս: Աղջի´կս, ամեն քայլ անելուց առաջ պետք է հազար չափես մեկը կտրես: Շատ-շատ կարևոր է պատասխանատվության զգացում ունենալը, մաքուր և պարզ եղիր հոգով, որպեսզի խիղճդ էլ մաքուր լինի: Ես այսօր կամ, վաղը գուցե չլինեմ: Կմեծանաս, մեծ աղջիկ կդառնաս ու այն ժամանակ կհասկանաս խոսքերիս ուժը: Միշտ գնահատիր այն, ինչ ունես, քանի որ վաղը գուցե և դա էլ չունենաս:

Աչքերս բացեցի և սկսեցի լաց լինել անկախ ինձանից: Շուտով մայրս նտավ սենյակ.

-Սոնա´ս, զարթնե՞լ ես, իսկ ինչու՞ ես արտասվում:

-Մա´մ, մա´մ, երազիս պապիկին էի տեսել: Նորից շաբաթ օր էր, նորից պապիկի մոտ էի ու պապիկն ինձ խորհուրդներ էր տալիս: Մա´մ պապիկին շատ եմ կարոտում: Այնքան խորհուրդներ տվեց ինձ կյանքի մասին, կարծես գիտեր, որ իմ կյանքի ամենակարևոր օրն է այսօր. ամենամեծ քայլը դեպի նոր կյանք: Մա´մ, ուզում եմ այնպես անել, որ պապին երկնքից նայի ու հպարտանա ինձնով:

-Բալե´ս, մի լացիր: Այդպես էլ լինելու է, իսկ հիմա մաքրիր արցունքներդ և վեր կաց: Պետք է պատրաստվես, հյուրերը շուտով կգան:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3871 | 0 | 0
Facebook