Loading...

Articles

Դիմորդներն ավելացել են. Ֆիզիկա, մաթեմատիկա, հայոց պատմություն հանձնողները՝ քչացել

12:38, Friday, 06 April, 2012
Դիմորդներն ավելացել են. Ֆիզիկա, մաթեմատիկա, հայոց պատմություն հանձնողները՝ քչացել

Մեր երկրում առաջացած աժիոտաժով ընտրությունների հետ կարող են համեմատվել բուհական ընդունելության քննությունները: Հունիսին մեկնարկվող միասնական քննություններն արդեն մտել են նախաքննական փուլ: Այս տարի քննությունների անցկացման կարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք, ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանի, ներկայացվել են կառավարության հաստատմանը։ «Մենք 1995թ. եւ հետագա տարիներին ավարտած շրջանավարտների վերաբերյալ որոշակի սահմանափակումներ էինք ժառանգություն ստացել, ինչը պարզեցնելու փորձ է կատարվել։ Եթե դիմորդն ատեստատում որեւէ առարկայից չունի ավարտական քննության գնահատական, ընդունելության ժամանակ արդեն կարող է հիմք ընդունվել տարեկան գնահատականը։ Դա օգնում է ոչ միայն նախկին շրջանավարտներին, որոնք տարիներ անց ցանկանում են երկրորդ մասնագիտությունը ստանալ, այլեւ այն շրջանավարտ-դիմորդներին, ովքեր ցանկություն ունեն ուսումը շարունակելու ագրարային, ճարտարագիտական կամ այլ համալսարաններում, որտեղ երկու աստղանիշով առարկաներ են նշված»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գայանե Մանուկյանը։ Փոփոխությունը ենթադրում է, որ երկու աստղանիշով մասնագիտությունների դեպքում տվյալ առարկայից կարող է հիմք ընդունվել նաեւ դպրոցի տարեկան գնահատականը։

Եվս մեկ փոփոխություն, որի մասին «Առավոտը» տեղեկացրել էր նախորդ համարներում. կառավարության հաստատած քննությունների ցանկում օտար լեզուների թվում ավելացել է ռուսերենը: Այս փոփոխությունից հետո, ըստ մեր զրուցակցի, մոտ 200-ով ավելացել է ռուսերեն քննություն հանձնել ցանկացողների թիվը։

Մեկ այլ փոփոխության համաձայն (որը կատարվել է ԱԺ ՀՅԴ խմբակցության առաջարկով համապատասխան օրենքի ընդունումից հետո)՝ 8 եւ ավելի տարիներ սահմանամերձ, բարձրլեռնային բնակավայրերում ապրող դիմորդը բուհերի ընդունելությանն առանձին մրցույթով է մասնակցում եւ, դրական գնահատական ստանալու դեպքում, ընդգրկվում անվճար ուսուցման համակարգում։

Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, անցկացվելու է նաեւ լրացուցիչ մրցույթ։ Երբ փակցվեն ընդունվածների ցուցակները, մրցույթից դուրս մնացած, բայց դրական միավորներ ստացած դիմորդները հնարավորություն կունենան մասնակցել թափուր տեղերի համար մրցույթին։

Հավելենք, որ ԳԹԿ-ն մարտի 15-ին ավարտել է միասնական եւ կենտրոնացված քննությունների հայտագրման գործընթացը, եւ այժմ ընթանում է տվյալների բազավորման ու ճշգրտման փուլը։ Դիմորդներն իրենց հայտերում կարող են փոփոխությունները կատարել մինչեւ ապրիլի 10-ը։ Գայանե Մանուկյանը փոխանցեց որոշ նախնական տվյալներ՝ դիմում-հայտերի վերաբերյալ. եթե 2010-ին կար 17500 դիմորդ, այս տարի այդ թիվը շուրջ 18100 է։ Ավելի շատ դիմորդ ունենք Արցախում, ավելացել է դիմորդների թիվը Տավուշում, Սյունիքում։ Այս տարի փոքր-ինչ ավելացել են քիմիա, կենսաբանություն քննություն հանձնողները, նվազել է ֆիզիկա, մաթեմատիկա, հայոց պատմություն հանձնողների թիվը։

«Առավոտ» օրաթերթ
    
     http://www.aravot.am/2012/04/05/56065/

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
7265 | 0 | 0
Facebook