Loading...

Articles

ՄԱՐԴ, ՈՐԻ ԳԼԽՈՒՄ 44 ՏԱՐԻ «ԱՊՐԵԼ Է» ՓԱՄՓՈՒՇՏԸ

13:38, Wednesday, 22 May, 2024
ՄԱՐԴ, ՈՐԻ ԳԼԽՈՒՄ 44 ՏԱՐԻ «ԱՊՐԵԼ Է» ՓԱՄՓՈՒՇՏԸ
    

Այս տարի 2024թ. լրանում է սփյուռքում հրատարակվող մեր գործընկեր «Գործարար» ռուս-հայկական միջազգային երկլեզու ամսագրի 25 տարին, որի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է ՎԱՀՐԱՄ ԲԵԿՉՅԱՆԸ: Ի դեպ այս հոդվածի հերոսը` Մկրտիչ Արտեմի Մակարյանը, Վահրամ Բեկչյանի պապիկն է, որն իր անխոնջ ու ոչ պակաս հերոսական գործունեությունը ծավալում է լրագրության ասպարեզում:

-----

Ո՜չ ոք չի մոռացվել, ո՜չինչ չի մոռացվի

ՍԽՐԱՆՔ ՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ


    

ՄԱՐԴ, ՈՐԻ ԳԼԽՈՒՄ 44 ՏԱՐԻ «ԱՊՐԵԼ Է» ՓԱՄՓՈՒՇՏԸ

ՄԱՐԴԻԿ, ՏԱՐԻՆԵՐ, ՃԱԿԱՏԱԳՐԵՐ
    
    

Հայրենիքը գերմանա-ֆաշիստական զավթիչներից ազատագրողներից մեկն էլ Մկրտիչ Արտեմի Մակարյանն էր, ով մարտական փառահեղ ուղի է անցել լեգենդար 409-րդ հայկական դիվիզիայում։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 409-րդ դիվիզիայում ծառայելիս Մկրտիչ Մակարյանը եղել է այդ դիվիզիայի 684-րդ գնդի դասակի հրամանատարը, մեծ հարգանք վայելել մարտական ընկերների շրջանում։ Մասնակցել է Մոզդոկի, Դնեպրի գետանցման ահեղ մարտերին, Յասսի-Քիշինևյան ռազմագործողությանը, որտեղ էլ աչքի է ընկել իր սխրագործություններով և արժանացել «Կարմիր աստղի» շքանշանի ու տարբեր մեդալների։ 1944 թ. գարնանը Քիշինևից ոչ հեռու մղվող կատաղի մարտերից մեկում նա հրազենային գնդակով ծանր վիրավորվում է գլխից և հոսպիտալացվում։ Առաջին բուժօգնությունը նրան ցույց է տալիս նույն գնդի նախկին սանհրահանգիչ, կիրովականցի Հրանտ Հովհաննեսի Բուլղադարյանը՝ թշնամու ահեղ կրակի տակից դուրս բերելով ու սանգումարտակ հասցնելով հայրենակցին։ Հոսպիտալում մի քանի ամիս բուժվելուց հետո՝ 1944 թ. օգոստոսին, Մ. Մակարյանը՝ որպես երկրորդ կարգի հաշմանդամ, զորացրվում ու վերադառնում է հայրենի քաղաք, աշխատում քաղաքի ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում։

Հայրենական մեծ պատերազմի և աշխատանքի կոմունիստ վետերան Մկրտիչ Մակարյանը ունեցել է 10 երեխա: Նրա ընտանիքում հիշարժան իրադարձություն էր 1978 թվականը, երբ նշվեց իր և կնոջ՝ Շարմաղի ամուսնության հիսնամյա հոբելյանը՝ «Ոսկե հարսանիքը»: Այդ յուրահատուկ տոնակատարության մասնակիցները հրճվանքով էին նայում տարեց «հարս ու փեսային», որոնց կյանքի օրինակը արժանի էր գովասանքի։

Մկրտիչ Մակարյանը մահացել է 1988 թ. մարտի 22-ին՝ 86 տարեկանում: Պատերազմի ավարտից հետո էլ Մ. Մակարյանի գլխուղեղում «բնակալած» թշնամու գնդակը շարունակեց «քայլել» նրա հետ՝ նրան չկարողանալով զրկել ապրելու տենչից ու ձգտումից։ Միայն ժամանակ առ ժամանակ սաստկացող գլխացավերն էին հիշեցնում գնդակի գոյությունը։ Սա արդեն ինքնին մի յուրօրինակ սխրանք էր՝ 44 տարի գնդակը պահել գլխում։ Դիահերձման ժամանակ անսովոր փաստ է արձանագրվել։ Հանգուցյալի գլխուղեղի աջ կիսագնդի մակերևույթից 7 սմ խորության վրա, անցնելով ուղեղային հյուսվածքի ստվերաշերտը, փամփուշտը հայտնվել էր գլխուղեղի աջակողմյան կիսագնդի խոռոչում։ Գնդակի երկարությունը մոտավորապես 4 սմ է, տրամագիծը՝ 1 սմ, կշիռը՝ գրեթե 14 գրամ։

Դիահերձող բժիշկ, ախտաբան Ա. Ն. Պառավյանը զարմանքով նշել է. «Այս դեպքն ապշեցուցիչ է, եզակի։ Վիրանցքը լիովին սպիացել էր։ Բժշկական պրակտիկայում հազվադեպ է պատահում, երբ կենսականորեն կարևոր օրգաններում (ուղեղ, սիրտ, թոքեր և այլն) օտար մարմինների առկայության դեպքում մարդը շարունակում է ակտիվ ապրելակերպ վարել, աշխատել՝ հուրախություն հարազատների ու բարեկամների» ։


    

Ինչպես վերհիշում և պատմում էր դեպքի ականատես Հրանտ Բուլղադարյանը, Մ. Մակարյանին առաջին օգնությունը ցուցաբերելիս և հոսպիտալ տանելու ճանապարհին Մ. Մակարյանը չէր կորցրել գիտակցությունը, մտակողմնորոշումն ու շարժողականությունը խախտված չէին, անկաշկանդ հաղորդակցվում էր շրջապատի հետ…

Մ. Մակարյանի աղջիկը՝ Լաուրան, մեծ սիրով և ակնածանքով է խոսում իր ծնողին առաջին օգնությունը ցուցաբերած Հրանտ Բուլղադարյանի մասին, ով պատերազմից հետո դարձել էր Մակարյան ընտանիքի ամենամոտ ու ցանկալի բարեկամը։

Մկրտիչ Մակարյանի հետ 44 տարի «քայլած» գնդակը, որն իր գլխից հանվելուց հետո մինչ օրս պահվում է «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում, ցուցադրված է 409-րդ հրաձգային դիվիզիային նվիրված ցուցասրահում։

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի գիտաշխատող

Խորագիր՝ #09 (1522) 08.03.2024 - 15.03.2024, Պատմության էջերից

http://www.hayzinvor.am/107951.html

Հիշյալ հոդվածը տպագրվել է նաև «Գործարար» ամսագրում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
430 | 0 | 0
Facebook