Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Ամերիկան խրված է ընտրական պրոցեսի մեջ. Մոսկվան փորձում է օգտվել՝ ստանձնելով առաջատարի դերը ԼՂ բանակցություններում. Փոլ Սթրոնսկի

Blog About Everything
Մամուլի խոսնակ`
Blog About Everything
12:29, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2020 թ.
Ամերիկան խրված է ընտրական պրոցեսի մեջ. Մոսկվան փորձում է օգտվել՝ ստանձնելով առաջատարի դերը ԼՂ բանակցություններում. Փոլ Սթրոնսկի
    

    

«Ես մեծ ակնկալիքներ չունեմ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, բայց եթե այդ հանդիպումից հետո տարածաշրջանը ավելի կայուն դառնա՝ շատ լավ կլինի»:


    
    

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար, այսպես կոչված՝ «Լավրովի պլանի» կնքահայր Սերգեյ Լավրովը, որն այս տարվա ապրիլին վերջապես բացեց ռուսական դիվանագիտության խաղաքարտերը Ղարաբաղի հարցում՝ հայտարարելով, թե նախորդ տարի՝ 2019 թ․ ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը ներկայացվել է փուլային կարգավորում ենթադրող մի փաստաթուղթ, որն, իբր թե, «ներկայումս ակտիվորեն քննարկվում է», այժմ էլ ակտիվ ջանքեր է գործադրում հուլիսյան բախումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ երկխոսությունը վերականգնելու և մասնավորապես՝ Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի միջև հանդիպում կազմակերպելու համար։

Սեպտեմբերի 1-ին Լավրովը, ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի՝ ՄԳԻՄՕ-ի ուսանողների և դասախոսների առջև, ասել է, որ նախօրեին ինքը շփվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և այնպիսի «զգացողություն» ունի, որ երկու կողմերն էլ շահագրգռված են, որպեսզի իրավիճակը հանդարտվի և վերսկսվեն հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։


    

Լավրովի այս ելույթից մեկ օր առաջ էլ հրապարակվել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հետ, որում Հայաստանի արտգործնախարարն ասել էր, որ ինքը պատրաստ է հանդիպել Ջեյհուն Բայրամովի հետ։


    
    

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական» -ի զրուցակիցն է ամերիկացի քաղաքական վերլուծաբան, Վաշինգտոնի Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին (Paul Stronski):


    
    

– Պարոն Սթրոնսկի, որքանո՞վ է, Ձեր կարծիքով, հավանական Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպումը, և ինչո՞ւ է հատկապես Ռուսաստանը այդքան շահագրգռված, որ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսվեն ու մասնավորապես տեղի ունենա Զոհրաբ Մնացականյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարի հետ։


    

– Առաջին հերթին կուզենայի ընդգծել, որ այն, ինչ տեղի ունեցավ ամռանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, անշուշտ, խիստ մտահոգիչ է և անհանգստացնող։ Իսկ Ռուսաստանը երկար տարիներ միջնորդի դեր է խաղացել այս հարցում և շատ հաճախ ավելի ակտիվ է եղել այդ գործում, քան Արևմուտքը։ Ռուսաստանը, մի կողմից, հրահրում է հակամարտությունը և նպաստում է խնդրի չլուծմանը՝ զենք մատակարարելով և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, բայց, միևնույն ժամանակ, Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը կարող է խնդիրներ առաջացնել նաև Ռուսաստանի անվտանգության համար՝ ապակայունացնել տարածաշրջանը, այդ իսկ պատճառով Մոսկվան չի ուզում, որ կոնֆլիկտը դուրս գա վերահսկողությունից, և երբ բախումներ են լինում հայկական և ադրբեջանական կողմերի միջև՝ լինեն դրանք 2016-ի, թե 2020-ի իրադարձությունները, Ռուսաստանը գործի է դնում իր լծակները՝ հրադադար հաստատելու և կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար։ Ուստի կարծում եմ՝ նույնը նաև հիմա է տեղի ունենում: Ռազմական բախումները ապակայունացնում են տարածաշրջանը, և Ռուսաստանը հասկանում է, որ դա կարող է խնդիրներ ստեղծել նույնիսկ իր համար:


    

Եվ հիմա, երբ Միացյալ Նահանգները խրված է քաղաքական ընտրությունների պրոցեսի մեջ և ժամանակ չունի զբաղվելու արտաքին քաղաքական հարցերով, Մոսկվան, բնականաբար, ուզում է օգտվել այս իրավիճակից և ստանձնել բանակցությունների առաջատարի դերը: Սա լավ հնարավորություն է Ռուսաստանի համար, որից նա կփորձի օգտվել:


    

– Իսկ անձամբ Դուք, որպես մեր տարածաշրջանի փորձագետ, լուրջ ակնկալիքներ ունե՞ք Մնացականյանի և Բայրամովի հանդիպումից: Այն ինչ-որ կերպ կնպաստի՞ խաղաղ երկխոսության ակտիվացմանն ու լարվածության նվազեցմանը կողմերի միջև:


    

– Ո՛չ, չէի ասի, թե մեծ ակնկալիքներ ունեմ: Անցյալում ես շատ եմ տեսել նման հանդիպումներ, տեսել եմ, թե ինչպիսի մեծ ակնկալիքներ են եղել այդ հանդիպումներից և ինչպես են դրանք փշրվել՝ ընկնելով գետնին: Ուստի ես մեծ ակնկալիքներ չունեմ և չեմ կարծում, որ այս հանդիպումը կբերի լուրջ տեղաշարժի բանակցային գործընթացում: Բայց տեսնենք՝ ինչ կլինի: Պետք է հետևել իրադարձություններին: Կարծում եմ, որ ոչ ոք՝ ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Եվրոպան, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմ չեն ուզում տարածաշրջանում: Ու թեև ես մեծ ակնկալիքներ չունեմ, բայց եթե այդ հանդիպումից հետո տարածաշրջանը ավելի կայուն դառնա՝ շատ լավ կլինի:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2765 | 0 | 0
Facebook
COMMENT.am