Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱԿ-ը և չկրկնվող «Սիրո Աշունը»

19:07, չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2012 թ.
ՀԱԿ-ը և չկրկնվող «Սիրո Աշունը»

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի

Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի

Ու պատուհանիդ լուռ կարտասվիի

Ու պատուհանիդ լուռ կարտասվի:

Ռ.Հախվերդյան


    

Ի՞նչպես կարելի է մոռանալ անցյալը: Շատերն ասում են, պետք է մոռանալ այն և նրա հետ կապված վատ հիշողությունները, որպեսզի կարողանաս սկսել նոր կյանք: Եթե չմոռանաս, ապա անցյալդ կհետապնդի քեզ՝ քո ողջ կյանքում: Սրա հետ համաձայն եմ մասամբ, սակայն կա մի խնդիր, որը ես կցանկանայի բարձրաձայնել: Ես կասեի դա սխալ է, հնարավոր չէ մոռանալ անցյալը, այն ընկած է մեր ներկայի հիմքում, փորձել ջնջել այն նշանակում է քանդել ներկայիս հիմքը: Այն, ինչ կատարվել է մեր անցյալում, կարող են լինել ներկայիս մեջ դրանց չկրկնվելու երաշխիքը, քանի որ դրանց վառ հիշողությունները մեզ կարող են հետ պահել անցյալի սխալները կամ ցավագին փորձառությունները կրկին վերապրելուց: Չեմ կարծում, որ ինչ որ մեկին դուր է գալիս դրանց ժամանակ առ ժամանակ այցելությունը կամ նույնիսկ հետապնդումը:

Այն ինչ կատարվում է ներկայումս, վկայում է այն մասին, որ մենք դեռ գտնվում ենք մղձավանջի մեջ, և ոչ մի կերպ չենք կարող արթնանալ և ազատվել դրա հետապնդումներից: Այո, կարծես անցյալի հիշողությունները նպատակ են դրել մեզ հետապնդելու:

Ժամանակը հայտարարել է կանգառ Հայաստանում, և ավելին, նա կարծես հետ դառնալու միտում ունի, ավելի շուտ նա ցանկանում է անցյալն ապառնի դարձնել:

Խոսքս վերաբերում է վերջին շաբաթվա իրադարձություններին, որոնք ծավալվում էին Մայրաքաղաքի Ազատության հրապարակում: Հետաքրքիր է, եթե հրապարակի անունը փոխվեր և դառնար օրինակ՝ Արվեստի հրապարակ, ապա նո՞րից էին հանրահավաքները էնտեղ անցկացնելու: Ասում են, որ անունները ճակատագրական են և կարող են ազդել տվյալ անձի կամ վայրի կյանքի կամ գոյության վրա: Չէի զարմանա, եթե դա այս պարագայում այդպես լիներ, սակայն ցավոք, դա այդպես չէ:

Անկախության 20 տարիների ընթացքում ունեցել ենք երեք նախագահներ, պատկերացնում եմ, եթե հանկարծ 50 կամ 60 ամյակ տոնեինք և այդ ժամանակահատվածում նախագահող բոլոր նախագահները՝ թեկնածություն դնեին վերադառնալու իշխանության գլուխ, ապա այս հրապարակը կլիներ պատերազմի դաշտ:

Հիշու՞մ եք «Ռուսական կայսրության թագը» գեղարվեստական ֆիլմը, ինձ համար շատ ծիծաղելի հատվածներից մեկն է թագավոր դառնալու երկու հավակնորդների ընտրական պայքարը: Ո՞րքան ծիծաղելի և հիմար իրավիճակում էին նրանք գտնվում: Ռուսական կայսրության համար անպատվաբեր և վարկաբեկիչ թեկնածուներ են առաջադրվում թագավորական տիտղոսի համար: Միջազգային հանրությունը և մանավանդ նրանք, ովքեր հետաքրքրված էին իրենց թեկնածուին տեսնելու այդ գահին՝ գտնվում էին անելանելի վիճակում, քանի որ չունեին ավելի արժանին կամ միգուցե ցանկանում էին հեղինակազրկել Ռուսական կայսրությունը աշխարհի աչքերում: Խեղկատակներ, ովքեր իրականում հավատում էին, որ իրենք են միակը և արժանին՝ կրելու Ռուսական կայսրության թագը:

Հիմա իմ մոտ այն տպավորությունն է, որ նույն սցենարն է ընթանում: Մ՞իթե հազարամյակներ գոյություն ունեցող ազգը, այլ ընտրանք չունի, մի՞թե չկան ավելի արժանավորները, որ մեր ժողովուրդը անընդհատ պտտվում է երեք անունների շուրջ: Թեև ի՞ նչ եմ զարմանում, զարմանալի չէ, որ հազարամյակների գոյատևումից հետո, մենք այսօր կարող ենք հիշել միայն մեկ երկու անուններ ու պարծենալ, որ նրանց օրոք մենք ազգ ենք եղել, որ աշխարհը մինչև այսօր երազում է ունենալ:

Ես նման հանրահավաքների չեմ մասնակցում, քանի որ ինչպես բոլորը, նույնպես և ես գիտեմ դրա բուն պատճառը՝ աթոռի կռիվ: Ինձ համար միևնույնը չէ, թե ինչ է կատարվում կամ ով կլինի իշխանության գլուխ, սակայն ես նախընտրում եմ այլ տարբերակ՝ իմ դիրքորոշումս հայտնելու և իմ ընտրությունը կատարելու համար:

Զարմանալի զուգատիպություն եմ տեսնում Հախվերդյան Ռուբենի « Մեր սիրո աշունը» երգի և ՀԱԿ-ի գործունեության միջև: Դարձյալ աշուն ու դարձյալ անցյալի այցելություն: Դարձյալ հուշեր և ուշացած ափսոսանքներ, դարձյալ սխալներ և դարձյալ մեղքի զգացողություն՝ Աանցյալը հետ բերելու փափագ և այցեքարտ, որի հասցեն ոչ ոք չի գտնում: Բեմահարթակը դարձել էր հռետորական դասախոսությունների ամբիոն: Դե, էս ազգը ուսյալ ազգ է, բայց ի՞նչու է նա ցանկանում մնալ ուսանող իր ողջ գոյատևման ընթացքում: Միգու՞ցե կգա ժամանակ, երբ նա կսկսի ուրիշներին դասավանդել:

Ում է պետք խոստովանանքդ ափսոսանքդ ուշացած

Սերը քո մի հանելուկ էր ու գաղտնիք էր չբացված

Դա գուցե աշնան կատակն էր տերևներն էին դեղնած

Ծառուղում լուռ արտասվում էր մի աղջիկ մենակ կանգնած:

Ռ.Հախվերդյան

Փորձում եմ հասկանալ իմ ժողովրդին, լավ, մղձավանջը՝ մղձավանջ, բայց որ նրանք այս մղձավանջի մեջ դառնում են մղձավանջի մի մաս, դա չեմ կարող ըմբռնել: Միթե երազի մեջ երազ եմ տեսնում, ապա մի արթնացրեք ինձ:

Այո, դանակը ժողովրդի ոսկորին է հասել, եկել է ինչ որ բան փոխելու ժամանակը, սակայն արդյո՞ք որևէ էական բան կփոխվի քեզ համար: Վերջին 20 տարիները ցույց տվեցին, որ ոչ: Գիտենք, որ գումարելիների տեղը փոխելիս, գումարը չի փոխվում, նամանավանդ, երբ մենք ուրիշ թվեր չունենք: Սակայն հարց է ծագում, մի՞թե մենք էլ ենք ներկայանում որպես այդպիսին: Մի գու՞ցե խնդիրը մեզանում է: Հարց եմ առաջ քաշում, սակայն գիտեմ իմ հարցիս պատասխանը, և որպեսզի ազնիվ լինեմ ինքս ինձ հետ՝ կասեմ, այո, խնդիրը մեզանում է, ախր մեզ հայտնի է ժողովրդական խոսքը, « ժողովուրդն արժանի է իր իշխանությանը» (իմ մեկնությամբ): Ազգային մինթալիտեթ է, մեր գեներում արմատացած, որից չենք կարող ազատվել, որը չենք կարող փոխել, միգու՞ցե ջանք չենք թափում, միգու՞ցե մեզ դուր է գալիս ազգովի թրաֆիկինգի ենթարկվելու գաղափարը, միգու՞ցե և վիճակը: Ընկել ենք մի կլոր շրջանի մեջ ու վազում, վազելով ուզում ենք հասնել, դուրս գալ, բայց շրջանը կարծես կախարդված լինի, այն չունի ելք: Մի գու՞ցե չենք նայում այն կողմ, որտեղ ելք կա: Մի՞գուցե, թեև բացառված էլ չէ, որ շեղում են մեր ուշադրությունը, իսկ մենք մանկան պես վստահում ենք, հավատում:

« Արդ հիշիր, թե որտեղից վայր ընկար եվ զղջա, եվ առաջի գործերն արա. ապա թե ոչ կգամ շուտով քեզ մոտ, և քո ճրագակալը կշարժեմ իր տեղից, եթե չապաշխարհես » Աստվածաշունչ, գիրք՝ Հայտնություն 2:5հ.

Համարձակվում եմ քեզ ասել, որ այո, շարժված է քո ճրագակալը, ճրագակալը Լուսավորչի: Խնդիրը քո հոգևոր և բարոյական անկման մեջ է, որ ազգերիս վարք ու բարքով ես ձգտում ապրել, ընդօրինակելով ազգերի գարշություններն ու բարքերը, կորցնելով սեփական, Աստվածատուր արժեքներիդ ու հավատալիքներիդ համակարգը: Ահա տեսար, ասացի, թեթևացա, հիմա կարող եմ ազատ շունչ քաշել: Այո, դժվար է ասել ճշմարտությունը, նամանավանդ երբ այն դառն է, սակայն Աստվածաշունչն ասում է, «Առատ է ատողի համբյուրները, սակայն անկեղծ են բարեկամի հասցրած վերքերը» :

Մենք կարիք ունենք ապաշխարհելու, դարձի գալու, որ Աստված բուժի մեզ, մեր միտքը, մեր հասկացողությունը, մեր սիրտը, եթե ոչ, մենք կշարունակենք Աստծո անեծքի տակ մնալ և ծնել արատավոր սերունդ, ով կդառնա մեր ազգի գլխին պատուհաս: Ու ամեն անգամ նրա դեմքին նայելիս պիտի զազրենք ու մեր սեփական հանցանքները հիշենք:

Ու մղձավանջդ կշարունակվի ու արթնացնող չի լինի:


    

Մամիկոն Համբարյան


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3235 | 0 | 0
Facebook