Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի բանակցությունների շնորհիվ, հուլիսի 1-ին Մասիս քաղաք այցելեց Լեհաստանի պատվիրակությունը` Բիալիստոկ քաղաքի քաղաքապետ Թադեուշ Տրուսկոալսկիի գլխավորությամբ: Վերջինս ներկայացնելով Բիալիստոկ քաղաքը նշեց, որ այնտեղ ապրում են թվով 300 000 բնակիչ, իսկ քաղաքի բյուջեն կազմում է 1մլդ դոլար: Պատվիրակության կազմում էին բարձրաստիճան պաշտոնյաներ և շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ: Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը, փոխքաղաքապետ Ն. Հակոբյանն ու աշխատակազմի առաջատար մասնագետ Ա. Առուստամյանը հյուրերին ներկայացրեցին քաղաքի պատմությունը, առկա հիմնախնդիրները, ներդրումների համար քաղաքի բարենպաստ աշխարհագրական դիրքը և վերջին 7 ամիսների ձեռքբերումները: Անդրադարձ կատարվեցին նաև այն ռեսուրսներին, որոնք հնարավորություն կընձեռեն ներդրումներ կատարել համապատասխան ոլորտներում: Միաժաման քննարկվեցին երկու քաղաքների միջև քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագրի կնքման հնարավոր տարբերակները: Հանդիպման վերջում պատվիրակության անդամները նշեցին, որ նմանատիպ այցերը էլ ավելի կնպաստեն կողմերի միջև հարաբերությունների խորացմանը` նպաստելով նորաստեղծ բարեկամության ամրապնդմանը: