Արդեն ավանդույթ է դարձել Արդարադատության ակադեմիայում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին հյուրընկալելը: Ֆակուլտետային ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ բակալավրիատի և մագիստրատուրայի մի խումբ ուսանողներ նոյեմբերի 30-ին այցելեցին Արդարադատության ակադեմիա, հանդիպեցին ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանին:
Ուսանողների առաջարկով հանդիպումն անցավ հարց ու պատասխանի ձևաչափով: Հանդիպման հենց սկզբում ապագա իրավաբաններից շատերը նշեցին, որ ցանկություն ունեն ապագայում դառնալ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր՝ ընդգրկվելով դատավորի, դատախազի կամ քննիչի թեկնածությունների ցուցակներում:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց համալսարանականներին և մանրամասն ներկայացրեց ակադեմիայի գործունեությունը: Ռեկտորը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող տարաբնույթ մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին ընդունելությանը, ուսումնառությանը, պրակտիկային, քննաշրջանի կազմակերպմանը և այլն:
Հանդիպման ավարտին ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հորդորեց ուսանողներին լավ սովորել, լինել ուժեղ և վստահ, ճիշտ կողմնորոշվել աշխատանքի ընտրության հարցում, որպեսզի հետագայում սիրով աշխատեն և չհիսաթափվեն բարդություններից:
Ուսանողներն այցի ավարտին ցանկություն հայտնեցին լուսանկարվել ակադեմիայի շենքում բոլորովին վերջերս տեղադրված արդարության ոլորտում կրթությունը խորհրդանշող արձանի մոտ: