«Հիմնադիր խորհրդարանի» ՝ ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումն արդեն իր «փաստաբանների» բանակն ունի սոցիալական ցանցերում, և քանի որ դժվար է բացահայտ պաշտպանել այդ անտրամաբանական, անհասկանալի և մեր ազգային ու պետական շահերին ամբողջությամբ հակասող այդ նախաձեռնությունը, «փաստաբանները» մի փոքր հեռվից են սկսում. ասում են, թե Ժիրայր Սեֆիլյանին մի քննադատեք, որովհետև նա հերոս ու «կռված տղա» է:
Իհարկե, Սեֆիլյանը հերոս է, և դա ոչ ոք չի կարող հերքել, բայց եթե շարժվենք «կռված տղերքին չի կարելի քննադատել» տրամաբանությամբ, ուրեմն` նաև չպետք է քննադատենք օրինակ` Շմայսին:
Չէ՞ որ նա էլ է «կռված տղա», որը նույնպես ոչ ոք չի կարող հերքել: Այնինչ Առաքել Մովսիսյանն իր արտահայտած յուրաքանչյուր անհեթեթ մտքից հետո արժանանում է անխնա քննադատության ու ծաղրի: Նույն տրամաբանությամբ չպետք է քննադատենք նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև նա պատերազմ հաղթած նախագահ է, բայց անհնար է նրան չքննադատելը: Ահնար է չքննադատելը նաև Ռոբերտ Քոչարյանին, ով նույնպես «կռված տղա» է:
Սեֆիլյանի պաշտպաններին հիշեցնեմ նաև, որ կռված ու հերոս տղաներ են նաև ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը և շատ ուրիշները, որոնց նույն Սեֆիլյանի պաշտպաններն ամեն օր ջանք ու եռանդ չեն խնայում քննադատելու, վիրավորելու, ծաղրելու հարցում: Մի՞թե դա արդար է:
Ինչ վերաբերում է արդարությանը, ապա հանուն այդ արդարության` ես գտնում եմ՝ պետք է առաջնորդվենք հետևյալ երկու սկզբունքներից մեկով՝ կամ այսուհետ ընդհանրապես ոչ ոք չի քննադատում Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, Մանվել Գրիգորյանին, Սեդրակ Սարոյանին, Առաքել Մովսիսյանին, Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին, կամ էլ քննադատում են բոլորին: Կարելի է ասել՝ ներկայումս գործում է երկրորդ տարբերակը: Համոզված եմ, որ Սեֆիլյանի պաշտպաններն առաջին տարբերակը չեն ընտրի, երկրորդին էլ կողմ չեն լինի, սակայն նրանց կողմ լինելն արդեն նշանակություն չունի:
Սեֆիլյանն անձեռնմխելի չէ, և «փաստաբանները» ստիպված են իրենց համար ավելի հետաքրքիր «մասնագիտություն» ընտրել, քանի որ տվյալ «աշխատանքն» անարդյունավետ է:
vk.com/antimaidan_armenia