Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ ԱՐՑԱԽԻՑ ՈՒ ԱՊՐԻԼԻ 24-ԻՑ. ՄԱՍ 2-ՐԴ

Andavet news
Հեղինակ`
Andavet news
10:57, երկուշաբթի, 23 փետրվարի, 2015 թ.
ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ ԱՐՑԱԽԻՑ ՈՒ ԱՊՐԻԼԻ 24-ԻՑ. ՄԱՍ 2-ՐԴ

ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿԱՏԱՐԱԾԸ ԵՐԵՍՈՎ ՉԵՆ ՏԱԼԻՍ

Հայտնի է՞ արդյոք իշխանությանը, որ «Հիմնադիր խորհրդարան» կոչվածը Հայաստանում ու Արցախում քաղաքական խժդժություններ հրահրելու նպատակով կասկածելի կազմակերպություններ ու անձինք է հրավիրել Հայաստան ու նրանց ներգրավել այդ շարժման մեջ:
     Մեզ հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով նախ նկատեց, թե Հայաստանի շահերով մտահոգ յուրաքանչյուր անձ պետք է գիտակցի, որ Հիմնադիր խորհրդարանի երկու ակցիաները՝ և ավտոերթը դեպի Արցախ, և «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հակահայկական, հայության շահերից չբխող գործողություններ են: «Ի՞նչ է նշանակում ավտոերթ անել դեպի Արցախ» , - հարց է հնչեցնում ԱԺ փոխնախագահը. «Դուք խնդիրներ ունեք Հայաստանի իշխանության հետ, ուրեմն բարի եղեք ձեր գործունեությունը ծավալել ՀՀ օրենսդրության համաձայն: Ի՞նչ գործ ունեք մտնել Արցախի Հանրապետություն: Արցախը անկախ ժողովրդավարական երկիր է, ունի ընտրված իշխանություն՝ նախագահ, խորհրդարան, Սահմանադրություն, որոնցով առաջնորդվում է: Արցախում հարցերը բացառապես որոշում են ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները: Ի՞նչ իրավունքով եք Արցախը խառնում ձեր քաղաքական խաղերին»:
     Ասաց, թե ի պատիվ խորհրդարանականների, իրենք մշտապես կատարել են տրված ջենտլմենական պայմանավորվածությունը, այն է՝ Գորիսից այն կողմ անտեսել են քաղաքական տարակարծությունները, մոռացել անգամ կուսակցական պատկանելությունն ու Արցախ մեկնել որպես հայ մարդիկ՝ Հայաստանի պատգամավորներ: Եվ այսօր Արցախը քաղաքական հաշվարկների մեջ ներքաշելը «Հիմանդիր խորհրդարանի» կողմից անբարոյական քայլ է:
     Եթե բոլորի ուշադրությունը գրավեց Իգոր Մուրադյանի հայտարարության այն հատվածը, թե գնում էինք Արցախ հակառուսական տրամադրություններով ցույցեր կազմակերպելու, ապա անտեսվեց նրա հետևյալ միտքը, թե Արցախը որպես անկախ պետություն գոյություն չունի. «Իգոր Մուրադյանն ասում է այն, ինչ տարիներ շարունակ աշխարհին փորձել են համոզել Ալիևն ու Էրդողանը: No comment, ես որևէ մեկնաբանություն չունեմ: Եթե Իգորի համար Արցախի հանրաքվեն ու գոյամարտում տարած հաղթանակը կեղծ է, ուրեմն ինձ մնում է ափսոսալ, որ նրա նմանը երբևէ կանգնած է եղել ղարաբաղյան շարժման ակունքներում»:
     Այս օրերին չեն դադարում հնչել կարծիքներ, թե ինչպե՜ս կարելի է Ժիրայր Սեֆիլյանի՝ Արցախյան ազատամարտի հերոսի հանդեպ նման վերաբերմունք դրսևորել: Բայց արդյոք հերոս լինելը կարող է արդարացնել մարդու հակապետական, հակազգային քայլերը: «Փառք ու պատիվ բոլոր կռված տղաներին, բայց թող բոլորն իմանա, որ երբեք իսկական հերոսներն իրենց կատարածը երեսով չեն տալիս: Կռվելու համար պետությունը պարգևատրում է, իսկ հասարակությունը հարգում իր հերոսին, բայց դա որևէ մեկին իրավունք չի տալիս անել քայլեր, որոնք չեն բխում պետության շահերից»:
     Ինչ վերաբերում է «100-ամյակը առանց ռեժիմի» ակցիային, շատերն են արտահայտում այն մտահոգությունը, թե «Հիմնադիր խորհրդարանը» կարծես նպատակ ունի վիժեցնելու այդ օրը աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանող պատվիրակների այցը, նրանք ուղղակի կարող են իրենց չգալը բացատրել ներքաղաքական խառնաշփոթով: Շարմազանովը նկատում է՝ գուցե ոմանց նպատակը դա է, բայց նրանք չեն հասնի իրենց նպատակին: Նախ մեր հասարակությունն այնքան խոհեմ է, որ դա թույլ չի տա, նաև մեր պետական կառույցներն այնքան ուժեղ ու ազգային են, որ մենք Ապրիլի 24-ը կիրականացնենք աննախադեպ համախմբվածությամբ ու միասնաբար:
     «Ապրիլի 24-ին, երբ բոլոր հայերը պետք է միասնաբար գնան Ծիծեռնակաբերդ ու հանդես գան պահանջատիրությամբ, երբ Հայոց եկեղեցին պետք է սրբացնի մեր նահատակների սուրբ հիշատակը, նրանք որոշել են շարժում սկսել «ռեժիմի դեմ» ու հարամել օրվա ազգային խորհուրդը: Ի՞նչ է սա, եթե ոչ անբարոյականություն»:
     Մասնագիտությամբ պատմաբան ԱԺ փոխնախագահը կարծում է, որ այսօր նաև պատմությանը դասերը վերհիշելու ժամանակն է. դրանք հարկ եղած չափով չսերտածներին հիշեցնում է. 428-ին կորցրեցինք Արշակունյաց թագավորությունը, որովհետև Սահակ Պարթևին չլսեցինք, փոխարենը նամակ գրեցինք պարսից շահին, որ նա գա ու մեզ տեր կանգնի: 1045-ին Անին կորցրեցինք, որովհետև Վահրամ Պահլավունուն լսելու և բյուզանդացիների դեմ կռվելու փոխարեն քաղաքի բանալիները թշնամուն հանձնեցինք, Կլիլիկյո Հայոց թագավարությունը կորցրինք դարձյալ անմիաբանության պատճառով: Եվ վերջապես, Առաջին Հանրապետությունը կորցրեցինք, որովհետև այս անգամ էլ հայ բոլշևիկները փոխարենը կանգնեին ժամանակի իշխանության՝ դաշնակցական ղեկավարության կողքին ու միասնաբար թշնամու դեմ պայքարեին, քարոզում էին՝ գիտեք քեմալական թուրքը ուրիշ է, երիտթուրքը չէ, իսկ կարմիր բանակը մեզ կօգնի: Ու Կարսը թուրքին ծախեցին:
     Չմոռանանք՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի:
     Կոչով դիմելով բոլոր խառնակչներին, ԱԺ փոխնախագահը զգուշացնում է՝ ձեռքներդ հեռու քաշեք Արցախից և Ապրիլի 24-ից:
    
     vk.com/antimaidan_armenia

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3510 | 0 | 0
Facebook