Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի քիչ պարզություն...

Քնար Եգանյան
Հեղինակ`
Քնար Եգանյան
00:17, երեքշաբթի, 08 հունվարի, 2013 թ.
Մի քիչ պարզություն...

Ես ուղղակի կարիք ունեմ պարզության…

Մի քիչ պարզություն մարդիկ, մի քիչ պարզություն իմ ընկերներ, ես պարզություն եմ աղերսում:

Ընկերուհին դավաճանում է ընկերուհուն, ընկերը`ընկերոջը, եղբայրը` քրոջը, մի խոսքով դավաճանում են բոլորը, ու հանուն ինչի՞, երևի հանուն իրենց շահերի, շատ անգամ իրենց պատիվը բարձր պահելու համար… Ստում են առանց ամաչելու, ուղիղ աչքերի մեջ նայելով:

Մի շատ հետաքրքիր փաստ եմ բացահայտել: Մեր տղաների մոտ է այն ընդունված, չնայած, որ աղջիկներն էլ հետ չեն մնում, խոսքս հիմնականում երիտասարդների մասին է: Եվ այսպես, ցանկացած միտք արտահայտելիս, դիմացինը անգիտակցաբար պահանջում է, որ երդվես.

-Դե երդվիր, -ու ի հանգստություն իր սրտի լսում է պատասխանը.

-Պապայի արև: Եվ միայն երդումից հետո է պարզ դառնում նրա խոսքերի իսկությունը: Մի անգամ մի տեղ կարդացի հետևյալ աֆորիզմը`‹‹Երդվացողներին մի հավատացեք››: Մի փոքր մտածելուց հետո հասկացա, որ շատ ճիշտ է ասված: Զարմանում եմ ինչպես են երդվում մարդիկ, ինքս վիրավորվում եմ, երբ ինձ ասում են երդվիր: Ես երբեք չեմ երդվում: Միթե սուտասան եմ, որ չեք հավատում: Իսկ նրանց ում արդեն իսկ չեք վստահում, ստիպել երդվել` պարզապես հիմարություն է, որովհետև սուտ խոսողը սուտ էլ կերդվի, միայն թե իրեն հավատան: Ցավում եմ, որ ինձ բախտ է վիճակվել, ինքս ինձ ապացուցել, որ սուտ երդվում են նաև հասուն տարիքով, լուրջ անձնավորությունները: Սուտ են երդվում նրանք, ովքեր ճառեր են կարդում սրբությունների վերաբերյալ: Եվ ինչ է դուրս գալիս…Սրբապիղծ մարդիկ` սրբի դիմակներով: Երբեք մի երդվեք, ու մի պահանջեք, որ դիմացինը երդվի: Զուր չէ Աստվածաշնչում գրված` ‹‹Բոլորովին մի՛ երդվեք. Ոչ երկնքով, ոչ երկրով, ոչ էլ քո գլխով երդվիր, քանի-որ չես կարող մի մազ դարձնել սպիտակ կամ սև: Այլ Ձեր խոսքը թող լինի այոն` այո և ոչը` ոչ, ու դրանից ավելին չարից է››: Եվ ևս մի հիմարություն մեջ բերեմ: Եթե ընկերդ ասում է`պապայի արև պետք է ուտես քսան հատ լահմաջո, հետո դուրս գաս, հանես շորերդ ու կիսամերկ վազես փողոցով, դու չես կարող մերժել, որովհետև դա նույնպես կդիտվի որպես սրբապղծություն:

Ցավում եմ…Այս ամենի համար իրոք ցավում եմ…

Ես ապշած նայում եմ շուրջս, նույնիսկ Ձեր շուրջն եմ նայում ու ի՞նչ` անտեսելով անվերջ կեղծիքները, դավաճանությունները, ինքներս մեզ խաբելով, խորտակված ստի հողմի մեջ գնում ենք առաջ:

Ես ուղղակի կարիք ունեմ պարզության…

…Ոչ միայն ես, այլ մենք բոլորս կարիք ունենք պարզության… Ուղղակի պարզ եղեք մեկդ մյուսի հանդեպ, ասացեք այն ինչ մտածում եք, ասացեք ճիշտը աչքերին նայելով, այլ ոչ թե հետևից ու այլ մարդու…Ցավոք օրերից մի օր բոլորն էլ դավաճանում են` հագնում են դիմակները, դառնում երկերեսանի, դե իսկ մենք շարունակում ենք չզգալ այդ փոփոխությունները, շարունակում ենք ժպտալ, շարունակում ենք հուսալ, որ դա թերևս վերջին անգամն էր… որ խաբվեցինք վերջին անգամ…

Ես ուղղակի կարիք ունեմ պարզության…

…Մի քիչ պարզություն մարդիկ, մի քիչ պարզություն իմ ընկերներ, ես պարզություն եմ աղերսում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2504 | 0 | 0
Facebook