Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եղիսե մարգարե. երաժշտության սիրահար հրաշագործը

20:00, հինգշաբթի, 17 հուլիսի, 2014 թ.
     Եղիսե մարգարեն (Եղիսե նշանակում է «Աստված փրկություն է») աշակերտն է Եղիա մարգարեի և ապրել է Հրեաստանում Քրիստոսից առաջ 9-րդ դարում: Եղիա մարգարեն Տիրոջ հրամանով ընտրել է Եղիսեին իբրև իր հաջորդի: Վերջինս իր ուսուցչին հետևել է մինչև վերջ և տեսել հրեղեն կառքով նրա երկինք բարձրանալը: Եղիսեն խնդրել է իր ուսուցչին իրեն տալ Եղիային տրված զորության կրկնակի չափը: Ըստ Եղիայի, դա կլիներ, եթե նա տեսներ իր երկինք բարձրանալը, որը և տեսնում է Եղիսեն: Եվ երբ Եղիայի թիկնոցն ընկել է ցած, Եղիսեն այն վերցրել է, որով և իրականացել է նրա փափագը: Մովսես մարգարեից հետո Եղիսեն է այն հին կտակարանյան մարգարեն, որ գործել է ամենամեծ թվով հրաշքները, նրա մասին կարելի է կարդալ Գ Թագավորություն 19, Դ Թագավորություն 2-9 և 13 գլուխներում: Եթե Եղիան հիմնականում մենակյաց էր, ապրում էր մարդկանցից հեռու վայրերում, ապա նրա աշակերտ Եղիսեն միշտ ապրել է մարդաշատ վայրերում: Նա սիրել է երաժշտություն, որի անհրաժեշտությունը հաճախ է զգացել մարգարեանալու ժամանակ (Դ Թագ.3.15): Եղիսեն մարգարեացել է 65 տարուց ավելի, վեց իսրայելցի թագավորների օրոք: Նաև բարեկարգություններով և կազմակերպչական գործերով է զբաղվել: Արտաքին թշնամիներին շահել է բարիքով և բարեկամությամբ (Դ Թագ.6): Եղիսեն իր խորագիտությամբ օգնել է իր երկրին թշնամիների դեմ պայքարում, թագավոր է օծել տվել Հեսու զորավարին, ով բնաջնջել է Աքաաբի կռապաշտ գերդաստանը և վերացրել ամբարիշտ թագուհի Հեզաբելին` Աքաաբի կռապաշտ կնոջը, ով բազմաթիվ չարիքներ էր պատճառել իսրայելի ժողովրդին: Եղիսեի գործած հրաշքներից են Դամասկոսի թագավորի զորավար` Նեեման ասորու բժշկությունը, Հորդանանի ջրերը բաժանելը, Երիքովի աղբյուրի ջուրը խմելու համար պիտանի դարձնելը, աղքատ այրուն քաղցից փրկելը` նրա ամանի միջի յուղն անպակաս դարձնելով, սամարացի կնոջ զավակին հարություն տալը և այլ հրաշագործություններ: Նա հրաշքներ է գործել ոչ միայն կենդանության օրոք, այլև մահվանից հետո: Եղիսեի մահվանից մեկ տարի հետո նրա գերեզմանի մեջ գցում են մի մեռյալի, որը դիպչելով Եղիսեի ոսկորներին հարություն է առնում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4285 | 0 | 0
Facebook