Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է

Գայանե Պ. Թ.
Հեղինակ`
Գայանե Պ. Թ.
02:00, հինգշաբթի, 17 ապրիլի, 2014 թ.

Կարեն Սերոբի Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում։

  • 1949 թ. ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտել է 1954 թ.՝ ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն։

Կ.Ս. Դեմիրճյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1954 թ. Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որտեղ եղել է կոնստրուկտորական խմբի ղեկավարը։

  • 1955 թ. նա ընդունվել է ՍՄԿԿ շարքերը։

Կ.Ս. Դեմիրճյանի աշխատանքային գործունեության հետագա տասնամյակը կապված է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի կոլեկտիվի կյանքի հետ։Այստեղ, բանվորական միջավայրում, ձևավորվեցին նրա գործնական և բարոյական հատկանիշները։ Աշխատելով որպես ավագ վարպետ, այնուհետև՝ ինժեներ-տեխնոլոգ ձուլման արտադրամասի պետ, նա գործին նվիրաբերում էր իր ուժերն ու գիտելիքները, ակտիվորեն մասնակցում հասարակական աշխատանքին, վայելելով բանվորների ու ծառայողների հարգանքը։

  • 1958 թ. Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվել է ձեռնարկության կուսակցական կոմիտեի քարտուղար։
  • 1959 - 1961 թթ. Կ.Ս. Դեմիրճյանը սովորում է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում։ Ուսումն ավարտելուց հետո նա վերադառնում է Երևանի էլեկտրատեխնիկական գործարան, աշխատում, որպես գլխավոր ինժեներ, իսկ 1962 թվականից սկսած՝ դիրեկտոր։ Նրա ղեկավարությամբ ձեռնարկության կոլեկտիվը զգալի հաջողություների հասավ արտադրության արդյունավետության բարձրացման, ներքին ռեզերվների ռացիոնալ օգտագործման, նոր արտադրատեսակների յուրացման, արտադրանքի ինքնարժեքի իջեցման, նրա որակի և հուսալիության բարելավման ուղղությամբ։
  • 1966 թ. Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի քարտուղար, ապա՝ 1971 թ. նոյեմբերի 1՝ երկրորդ քարտուղար։
  • 1972 թ. Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ քարտուղար և բյուրոյի անդամ։

1974 թ. նոյեմբերին Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար։

  • 1974 թ. սկսած Կ.Ս. Դեմիրճյանը բազմիցս ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, ԽՄԿԿ կենտկոմի անդամ, ԽՍՀՄ IX –XI գումարումների և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է՝ Լենինի երկու, Աշխատանքային Կարմիր Դրոշի երեք, Հոկտեմբերյան Հեղափոխության մեկ շքանշաններով, միութենական և այլ երկրների կառավարական պարգևներով։
  • 1985 թ. ԽՍՀՄ-ում «Վերակառուցման» կուրս հռչակվեց։ Սկզբունքորեն լինելով երկրում գլոբալ վերափոխումների քաղաքականության կողմնակից Կ.Ս. Դեմիրճյանը հետևողականորեն պնդում էր վերակառուցման հատուկ կոնցեպցիայի մշակման անհրաժեշտությունը, որն ընդգրկեր սոցիալ-տնտեսական խնդիրների ամբողջ ծավալը, տարածաշրջանային հիմնահարցերը, դրանց լուծման ուղիներն ու մեթոդները։ ՍՄԿԿ Կենտկոմում նման մոտեցումների բացակայությունը մեր հանրապետությունում վերակառուցման ընթացքի անհիմն քննադատությունը և ազգամիջյան հարաբերությունների հարցում սկզբունքային տարաձայնությունները կենտրոնի հետ (Նրա դիրքորոշումը հստակ ձևակերպում ստացավ 1988 թ. փետրվարի 28-ին տեղի ունեցած ՀԿԿ կենտկոմի պլենումի որոշման մեջ) դարձան նրա պաշտոնաթողության հիմնական պատճառը, մայիս 1988 թ.։
  • 1991 թ. մինչև 1999 թ. Կ.Ս. Դեմիրճյանը գլխավորել է Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններց մեկը՝ «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ-ն։

Երկրում տիրող ծանր իրավիճակը բերեց Կ.Ս. Դեմիրճյանի վերադարձը քաղաքական ակտիվ գործունեության։

  • 1998 թ. նա առաջադրվեց որպես Հանրապետության նախագահի թեկնածու։
  • 1999 թ. մայիսին Կ.Ս. Դեմիրճյանը ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ։ Հանրապետության զարգացմանը նա կարողացավ համակարգված բնույթ տալ՝ հստակեցվեցին զարգացման առաջնային խնդիրները, կառուցվածքային քաղաքականության առանցքային ուղիները, գլխավոր ներուժի՝ մարդկային գործոնի խելամիտ ու նպատակային իրացման մեծ հեռանկար միտող կողմնորոշիչները։

Կ.Ս. Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջը համախմբեց Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին և սփյուռքահայությանը, ձեռնամուխ եղավ երկրի վերականգման ծրագրերի իրականացմանը։

Սակայն, 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում՝ նիստի ժամանակ Կ.Ս. Դեմիրճյանը, Վ. Սարգսյանը, ԱԺ հինգ պատգամավորներ և մեկ նախարար քաղաքական աննախադեպ ահաբեկչության զոհ դարձան, սպանվեցին ամբողջ ժողովրդի հույսերը՝ կապված Կ.Ս. Դեմիրճյանի հետ։

Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան։ 27.12.1999 թ.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2954 | 0 | 0
Facebook