Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռուբեն Բաբայան։ «Հայերը ոչ միայն ներկայացումներից են ուշանում, այլև` կյանքից…

12:34, շաբաթ, 22 մարտի, 2014 թ.

Ինչպիսի՞ն են Տիկնիկայինի այսօրվա փոքրիկ հանդիսատեսի պահանջները:
     -Փոքրիկ հանդիսատեսը կարիք ունի տեսնելու գեղեցիկ, հետաքրքիր հեքիաթ: Այլ հարց է, թե ի՞նչ ենք տալիս և ի՞նչ պահանջներ ենք դնում մեր առաջ: Մեր թատրոնը ձևավորում ենք` ելնելով հանդիսականի պահանջներից: Իհարկե, ոչ միշտ է, որ այն, ինչ ուզում է տեսնել երախան, լավ է: Հոգևոր առողջությունը ոչ պակաս նշանակություն ունի, քան ֆիզիկական առողջությունը:

Այսօր Տիկնիկային թատրոնում տեղի է ունենում սերնդափոխություն: Ժամանակակից ի՞նչ մեխանիզմներ է բերում նոր սերունդը:
     -Սերունդների բախում կա, բայց արվեստում դա ոչ այնքան սերունդների բախում է, որքան` հայացքների, մոտեցումների բախում: Ըստ իս` բոլոր սերունդների առկայությունը թատրոնում պարտադիր է, չէ՞ որ ընտանիքն ամբողջական է, եթե կա տատիկ, պապիկ, երեխաներ, թոռներ: Ավագ սերուդն ունի փորձ, իսկ երիտասարդները` կյանքով լեցուն ոգևորվածություն: Կարևոր է, որ լինի այս երկու սերունդների ճիշտ և կիրթ փոխանակությունը:


    

Մենք ունե՞նք թատերասեր հասարակություն:
     -Իրականում բոլոր երկրներում էլ թատերասեր հասարակությունը սահմանափակ քանակությամբ է: Հանդիսականը գալիս է թատրոն որոշակի խնդիրով, ու նա իրավունք ունի ստանալու իր օդի բաժինը, որը մենք պարտավոր ենք տալ:

Ըստ Ձեզ` որքանո՞վ են մեր հեռուստաընկերությունները լուսաբանում մշակույթը:
     -Կան հեռուստաընկերություններ, որոնք մշակույթին ավելի են տեղ տալիս, կան այնպիսիք, որոնք վարկանիշն են գերադասում: Մշակութային երկխոսությունը պահանջում է երկկողմանի պատրաստվածություն: Եթե քեզ դուր չի գալիս Լեոնարդո դա Վինչին, ուրեմն որոշակի ճանապարհ չես անցել` նկարչի արվեստը հասկանալու համար: Հեռուստատեսության հիմնական խնդիրն այդ ճանապարհը հանդիսատեսին ցույց տալն ու նրա հետ անցնելն է: Հանդիսականը պիտի անցնի ճանապարհ, որ կարողանանք ավելի բարձր գեղագիտական թեմաներից խոսել նրա հետ:

Մի առիթով ասել եք, որ թատրոնը սնվում է գրականությունից, երաժշտությունից, կերպարվեստից, արդյոք մենք ունենք ժամանակակից այդ արվեստները:
     -Ազգի արմատը կտրված չէ, սա է կարևորը: Այսօր ունենք ժամանակակից գրականություն, բայց ամեն ինչ չէ, որ կարելի է կարդալ: Այստեղ է, որ պետք է քննադատությունը, քանի որ այն նաև ուղղորդում է կարդացողին: Սա է պակասում ժամանակակից գրականությանը: Կերպարվեստի, երգարվեստի ոլորտներում ևս ունենք փայլուն դեմքեր, պարզապես, այո՛, երբեմն չի լուսաբանվում: Սրանք ազգային արժեքներ են ու պիտի գնահատվեն ոչ միայն տարիներ անց, այլև հիմա` կենդանության օրոք:


    

Ձեր բեմադրությունները մասնակցում են միջազգային փառատոնների: Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ կան հայ և արտերկրի հանդիսատեսի միջև:
     -Արտերկրում, երբ մարդիկ գնում են տոմսը, ի սկզբանե գնում են ներկայացման` հաճույք, բավարարվածություն ստանալու համար: Մեզ մոտ գալիս են «ի՞նչ եք ինձ ցույց տալու» մտածողությամբ, ու այս վիճակից իրենց դուրս բերելն արդեն բարդ է: Պետք է կարողանանք նրանց ոգևորել, քանի որ գալիս են մի քիչ ավելի կաշկանդված:

Նաև ուշացա՞ծ
     -Կարծում եմ` հայերը ոչ միայն ներկայացումներից են ուշանում, այլև` կյանքից: Երբ դադարենք ուշանալ ներկայացումներից, նաև կյանքից չենք ուշանա:

Հայկական մշակութային կյանքում բացթողումնե՞րն են շատ, թե` ձեռբերումները:
     -Տաղնդների պակաս չկա, պարզապես, ամեն ադամանդ պիտի հղկվի: Մենք մշակութային ազգ ենք և ունենք փայլուն ժառանգություն` մեր հեքիաթները: Բացթողումն այն է, որ ունենք մտածողության սահմանափակում, ինչը 21-րդ դարում անհեթեթ է: Մշակույթը հաղորդակցվող անոթների պես է, չի կարելի փակել անոթներն ու պահանջել, որ այն սնուցի ուղեղը: Բացթողումն այն է, որ վատ ենք ուսումնասիրում մասնագիտությունը, որովհետև միայն տաղանդ ունենալը քիչ է, պետք է նաև տիրապետել դրան: 21-րդ դարի դերասանը պիտի կարողանա անել ամեն ինչ:

Մի անգամ ասացիք` լավ դերասանը միաժամանակ պիտի նաև լավ մնջախաղաց ու ծաղրածու լինի, իսկ կարո՞ղ է ծաղրածուն կրկեսի արենան փոխարինի թատրոնի բեմով:
     -2000 տարի առաջ դերասանը կորողանում էր անել ամեն ինչ: Նա ծաղրածու էր, լարախաղաց, տիկնիկավար, հետո սկսվեց բաժանումը: Կարելի է ասել, որ բեմում դերասանի գործիքն իր մարմինն է: Պետք է ոչ միայն խոսքով հայտնել ասելիքը, այլև` մարմնով, ձայնով, հոգով, մտքով: Դերասններ կան, ովքեր մտքով հասկանում են` ինչ է պետք անել, բայց մարմինն ու ձայնը չեն ենթարկվում իրենց, այ սա ցավալի է:


    

Դերասան-հանդիսատես երկխոսություն կա, իսկ ռեժիսոր-հանդիսատես կապն ինչպե՞ս է պետք պահել:
     -Ասում են` ինչքան քիչ է երևում ռեժիսորը, այնքան լավ ռեժիսոր է: Երբ գովում են երեխային, նշանակում է` ծնողները լավն են, նույնն էլ` այստեղ: Ստանիսլավսկին աում էր` ռեժիսորը մահանում է դերասանի մեջ, այսինքն` ռեժիսորը դերասանին ավելի շատ պետք է սիրի, քան իրեն` բեմադրիչին: Ի վերջո` բոլոր պարտությունները ռեժիսորներինն են, իսկ հաղթանակները` դերասաններինը:

Բեմում բաց տեսարններ խաղալը կարո՞ղ է համարվել ազատության չափանիշ:
     -Մերկությունը վաղուց արդեն ազատության չափանիշ չէ, ազատությունն աշխարհի հանդեպ բաց լինելն է:

Նոր սերոնդն իրեն «արդարացնո՞ւմ» է:
     -Սիրում եմ նրանց, քանզի ավելի լավն են, քան ես` իրենց տարիքում: Պետք է կարողանալ խոսել երտասարդների հետ: Երբ մեծերն ասում են, թե իրենց ժամանակ լավ էր, դա նրանից է, որ նրանք այն ժամանակ երիտասարդ էին, իսկ երիտասարդությունն արդեն մեծ առավելություն է:

Թատրոններն աշխատում են 3 պատ ձևաչափով` քանդելով չորրորդ պատը: Հնարավո՞ր է` մի օր այդ 3 պատն էլ «քանդվեն»:
     -Այն, ինչ անվանում ենք 3 պատ, ուղղակի թատերական բեմերից մեկն է: Դա իտալական թատրոնի ձևն է, բայց աշխարհում կան տարբեր տեսակի բեմեր: Օրինակ` Կոլիզեյի հանդիսատեսը շրջապատում է բեմում խաղացողներին, մեկ այլ տեղում հանդիսատեսը մեջտեղում է, իսկ շուրջբոլորը դերասններն են: Ի դեպ` չի բացառվում, որ շուտով Տիկնիկայինում էլ կլինեն ներկայացումներ, որոնք կսկսվեն նախամուտքից: Կարևորը շինությունը չէ, այլ այն, որ ստեղծես թատրոն, ու կայանա հանդիսատեսի և դերասանի միջև երկխսությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4216 | 2 | 0
Facebook