Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

՛՛ Աղմուկ ՛՛ Ժամանակակից գրող Մարգարիտա Ասլանյանի ինքնատիպ ստեղծագործություններից մեկը

Irena Tamazyan
Հեղինակ`
Irena Tamazyan
09:02, երեքշաբթի, 25 փետրվարի, 2014 թ.
     … Ու աղմուկներում տարբեր կյանքերի նույն հառաչանքի սառը քամին է անհույս թափառում՝ փնտրելով ինչ-որ մի տաքուկ, ջերմին հանգրվան՝ փրկվելու համար մարդկության ցավից՝ հավերժ անտեսված …Անցած ու չանցած, ապրած և չապրած, ներկա ու անցյալ՝ հավիտենաորբ են, անտուն, մերժված, գալիքները սին անպարագիծ են, օրերի հոսքը՝ միշտ անժամանակ …
     Լռության ճիչով խոր քուն է մտել հոգնամած աշխարհն այս, որ ուշացել է՝ անչափ շտապելիս, որ մատնվել է ծանր մենության …
     Երկնքի՝ անքնությունից ուռած կոպերից կախվել է ահա մառախուղն աշնան ու մշուշել է հայացքը կյանքի՝ դեպի վեր նայող … ՛՛Ինչ-որ տեղ հաստատ կա ինչ-որ սխալ՛՛ թեորեմից հոգնել եմ վաղուց … Խառնաշփոթ է հոգու քաոսում, մինչ գիտակցությունը խելք է քարոզում …
     Իսկ աղմուկներում տարբեր կյանքերի նույն տառապանքն է՝ միշտ անհորիզոն, միշտ նույն ձմեռն է, որ թարթիչներս թարթել չեն կարող, որ գարուններս գրկել չեն ուզում, որ անգամ հոգուս մենավոր տաճարի դռները խարխուլ չեն ուզում փարվել նրա թախծախեղդ ցրտին ու ներս թողնել այն՝ դառնալով սառույց, անզգա դառնալով …
     Ու թևածում է հոգուս հատակում այդ ծանր աղմուկն իր ողջ մերկությամբ՝ ցնցելով իմ ամրոցը որբ, հպվելով ցավիս՝ հավերժ համրացած, բայց աղաղակող՝ մի մեծ աղմուկով, որ արձագանքվում է մի պարպված շշում, մոխրահոտ ձեռքում քո, որ բռնել է այն ու բաց չի թողնում, որ ցավս դարձրել է աշխարհից իրեն պաշտպանող մի զսպաշապիկ, որ հեռացնելով քեզ դատարկված կյանքից՝ մոտեցնում է իմ մոլեգին դողերին՝ դարձնելով աղմուկ զգայարաններիս անտես հեռուներում …
     Իմ կարոտները չեն եղել երբեք այսքա՜ն ցավոտ, իմ սպասումները երբեք չեն եղել այսքա՜ն զուր . ապրի՛ր, խնդրում եմ՝ շունչս դողում է …
     … Ու աղմուկներում տարբեր կյանքերի մի օր կլսվի հոգուցս պոկված սարսափ-մեղեդին, երբ դու չլինես, երբ լինի շատ ցուրտ, երբ կյանքը դառնա երբեք չլռող մի հավերժ աղմուկ, կորուսյալ մի սիրտ՝ խեղդված իր ցավով երախում կյանքի, անստվեր ուրվական, որ պիտի թափառի աղմուկներում տարբեր կյանքերի՝ փնտրելով միշտ նույնը՝ գտնելով ուրիշ …
     Կանգ ա՛ռ, ժամանա՛կ, ՆԱ իմ կյանքի անփոխարինելի աղմուկն է՝ ես սիրում եմ նրան …
     Իմ կարոտները երբեք չեն եղել այսքա՜ն ցավոտ …
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3437 | 1 | 0
Facebook