***
Ինքս`
իմ ես-ի ավերակներում-
գլուխս առած երկու ափիս մեջ-
կամարից ընկած
մի շքեղ քարի
նստած ու…
անհուշ…
***
Իսկ ջրերը բարձրանում են,
Ինչպես բառերը:
(Օրը օրին
Ավելի խորտակվածը`
Օրը օրին
Ավելի երկնամերձ…)
Բառերը,
Ինչպես ջրերը,
Չհոսելով արդեն,
Պարտակում են մեզ:
Նատյուրմորտ
Մշուշի մեջ` քաղաք,
մաղաքի մեջ` մարդիկ,
ու մարդկանց մեջ` մշուշ:
Հին, հին
Բանաստեղծություն իմ, մի՛ աղմկիր,
Սա երազ է, ձյուն է, մի՛ աղմկիր:
Սոված այստեղ գայլի կաղկանձն անգամ
Կարկամ քնքշություն է, մի՛ աղմկիր:
Սրան էինք հասու, սեր կարծեցինք նաև
Դավաճանաությունը, մի՛ աղմկիր:
Երկնակամարը, տես, կա-կլինի,
Քանի դեռ դու սյուն ես, մի՛ աղմկիր:
Նույնիսկ եթե արդեն ունկդ է պատռում
Մահվան վայնասունը, մի՛ աղմկիր:
Չէ՞ որ կյանքը եղավ, և դու եղար
Նրա մի խոր սույլը, մի՛ աղմկիր:
***
Կախվելուց առաջ թուղթ են գրում:
Եթե մի թուղթը չի բավարարում,
կարելի է երկու՛ թուղթ գրել,
գուցե թե` երեք, չորս:
Այդպես է գիրքը գոյանում.
կախվելուց առաջ:
***
Մեր հոգում արև կա:
Բայց հիմա գիշեր է:
Վաղնջական
Նույնիսկ` աստվածները.
Նրանք, ում հավատում ենք,
Եվ նրանք, ում մասին չենք էլ լսել:
Մեր քաղածը և ոտնակոխ արածը,
Մեր նվաճածը և կորցրածը,
Մեր խոտորը և շիտակը,
Մեր ծնողներն ու մեր երեխաները,
Մեր երեխաները…
Ոչնչի մեջ ենք ճառագում,
Եվ կյանք նշանակող
Մեր հեռացումներն ու դարձերը
Լուսապսակն են կրում Ոչնչի:
Ոչ մի աղմուկ — ծաղիկների, գագաթների,
Երազների ու երեխաների —
Չի կարող խախտել լռությունը…
Ո՞վ և ինչո՞ւ է կամենում,
Որ խոսեմ:
Էլեգիա
(դասական ART-ագրություն)
Հոգուս մեջ` բառեր,
սրտումս` ցավ,
շուրջս` աշխարհի
ուրվագծեր…
Ի՜նչ երեխաներ
եկան ու անցան,
դայակը դեռ կա`
Չարիքը ծեր:
Անդին 2, 2017