Հրապարակվել է Թուրքիայից ներմուծելն արգելված մթերքների նախնական ցանկը
Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է արգելել Թուրքիայից որոշ մթերքների ներմուծումը, հայտնում է «Известия» -ն՝ երկրի գյուղատնտեսության նախարարությունում աղբյուրների հղումով:
Պարբերականի տվյալներով՝ ցուցակում ընդգրկվել են սառեցված մսամթերքը, ընտանի թռչունների միսը, աղացած կամ ծխեցված միսը, կաթն ու կաթնամթերքը՝ այդ թվում կաթնաշոռն ու պանիրը, ձկնեղենը, ծովամթերքը, մրգերն ու ընկուզեղենը, բանջարեղենն ու կանաչեղենը:
Նշվում է, որ Թուրքիայի գործողությունների դեմ տնտեսական միջոցառումների ամբողջական ցանկը կհրապարակվի մինչև դեկտեմբերի 1-ը։
ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունում ընդգծել են, որ կաջակցեն կառավարության նման որոշմանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ: Խոսքը տնտեսական պատժամիջոցների փաթեթի մասին է:
Նոյեմբերի 26-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել էր երկու օրվա ընթացքում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել: Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը վերջին զարգացումն է ռուս-թուրքական լարվածության ֆոնին, որն արդեն իսկ ազդել է գործարար, մշակութային, ռազմական կապերի վրա։