Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կրոնը վնասակար է առողջության համար:

10:28, երկուշաբթի, 02 հուլիսի, 2018 թ.
Կրոնը վնասակար է առողջության համար:
    

    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Քրիստոֆեր Հիթչենս՜ «Աստված մեծ չէ»

     Գլուխ 4: Կրոնը վնասակար է առողջության համար (հատվածներ)

     2001 թվականի աշնանը ես բրազիլացի հանճարեղ լուսանկարիչ Սեբաստիո Սալգադոյի հետ միասին հայտնվեցի Կալկաթայում: Այս անգամ նա ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից էր ժամանել և խաչակրաց արշավանք էր վարում պոլիոմելիտի դեմ: Ջոնոս Սելկայի, ինչպես նաև մտահոգ ու տաղանդավոր այլ գիտնականների շնորհիվ, երեխաները կարող էին սիմվոլիկ գումարի դիմաց պատվաստվել սարսափազդու հիվանդության դեմ: Մի քանի ցենտ կամ պենս` այդքան արժեր երեխայի բերանի մեջ կաթեցվող երկու կաթիլ դեղը: Բժշկությունն արդեն ազատել էր մեզ «բնական ծաղիկ» հիվանդությունից և շատերը վստահ էին, որ պոլիոմելիտին հաղթելու համար կպահանջվի մեկ տարուց էլ քիչ ժանանակ: Թվում էր, թե հանուն այս նպատակի միավորվել է ողջ մարդկությունը: Որոշ երկրներում, օրինակ Սալվադորում, հակամարտող կողմերը զինադադար էին կնքել, որպեսզի չխանգարեն բժիշկներին իրականացնել պատվաստումը: Նույնիսկ ամենաաղքատ երկրները միջոցներ էին հայթայթել որպեսզի ամենահեռավոր գյուղեր հասցնեն բարի լուրը՝ դաժան հիվանդությունն այլևս չի սպանի երեխաներին, նրանց դժբախտ հաշմանդամների չի վերածի:

     Բենգալիայի բնակիչները՝ հատկապես կանայք, մեծ հնարամտությամբ ու եռանդով էին նվիրվել պատվաստման գործին: Հիշում եմ հավաքներից մեկի ժամանակ Կալկաթայի պատվարժան կանայք առանց ամոթի նշույլի որոշում էին համագործակցել քաղաքի մարմնավաճառների հետ՝ պատվաստումը հասարակության «ամենամութ» անկյուններ հասցնելու համար: Ինչ որ մեկն առաջարկեց քաղաքի արվարձաններից փիղ բերել ու ներգրավել պատվաստմանը նվիրված երթին: Ամեն ինչ գնում էր ծրագրվածի պես: Աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկի ամենաաղքատ քաղաքը ուր որ է կհաղթեր զզվելի հիվանդությանը:

     Վաշինգտոնում, ուր սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո մարդիկ դեռ վախենում էին տնից դուրս գալ, իմ դուստրը Հելոուինին համարձակորեն դռնեդուռ շրջում ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար գումար էր հավաքագրում: Նրա հավաքած մի քանի բուռ մետաղադրամը անծանոթ երեխաների կյանքեր էր փրկելու: Ինձ պատել էր բարի գործում ներդրում ունենալու հազվագյուտ զգացումը:

     Հանկարծ մեր ականջին տագնապալի շշուկներ հասան: Որոշ շրջաններում մոլեռանդ մահմեդականները սկսել էին խոսել, որ պատվաստումը դավադրության մաս է, որ արևմտյան «չար դեղը» ընդունողներին սպասվում է լուծ և իմպոտենցիա (ընկճող և միաժամանակ նվաստացնող համադրություն): Սա բավականին բարդացնում էր գործը: Արդյունքն ամրապնդելու համար դեղամիջոցն անհրաժեշտ էր ընդունել նաև երկրորդ անգամ: Չպատվաստվածների փոքր քանակն էլ բավական էր, որ հիվանդությունը գոյատևի ու շարունակի տարածվել: Ինչպես և ծաղիկի դեպքում, հիվանդությունը պետք է արմատախիլ արվի ամբողջությամբ:
    
     Հեռանալով Կալկաթայից ես մտածում էի, արդյո՞ք Բենգալիան կտեղավորվի ժամանակի մեջ և կազատվի պոլիոմելիտից մինչ հաջորդ տարեվերջ: Դրանից հետո կմնար միայն բուժել Աֆղանստանը և կրոնախեղդ եղած մի քանի այլ դժվար հասանելի շրջաններ: Այդ ժամանակ հնարավոր կլիներ տոնել ևս մեկ հիվանդության դարավոր իշխանության ավարտը: 2005-ին ես իմացա, թե ինչ էր տեղի ունեցել Հյուսիսային Նիգերիայում (Նիգերիան այն երկրների ցանկում էր, որոնք ժամանակավոր ազատ էին պոլիոմելիտից): Մի խումբ իսլամիստներ հրովարտակ էին հրապարակել, ըստ որի պատվաստումը ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի կողմից մշակված ու իսլամի դեմ ուղղված գաղտնի ծրագիր է: Մոլլաների պնդմամբ պատվաստումը ստեղծվել է իրական բարեպաշտ մահմեդականներին անպտուղ դարձնելու համար: Բոլորին կարգադրվում էր ոչ մի դեպքում դեղը չընդունել ու երեխաներին չտալ: Ընդամենը մի քանի ամիս անց պոլիոմելիտի համաճարակը վերադարձավ և վերադարձավ ոչ միայն Նիգերիա: Ճամփորդող նիգերացիները հասցրեցին այն Մեքքա, վերադարձրին հիվանդությունը դրանից ազատված մի շարք աֆրիկյան երկրներ և հեռավոր Եմեն: Քարը ետ գլորվեց լեռան գագաթից:
Եթե կարծում եք, որ սա եզակի դեպք է, ապա սխալվում եք...

     Կրոնի վերաբերմունքը բժշկությանը և գիտությանը միշտ բնորոշվում է օրինաչափ դժկամությամբ, հաճախ նաև օրինաչափ թշնամանքով: Ժամանակակից հավատացյալը կարող է ասել և նույնիսկ հավատալ, որ իր կրոնը լիովին համադրելի է գիտության ու բժշկության հետ, բայց անցանկալի փաստն այն է, որ բժշկությունն ու գիտությունը խախտում են կրոնի մենաշնորհը` հանդիպելով կատաղի դիմադրության: Ի՞նչ կլինի շամանների և հեքիմների հետ, երբ վերջին աղքատը տեսնի, թե որքան արդյունավետ են դեղերն ու վիրահատությունները՝ առանց որևէ ծիսակարգերի կամ աղոթքների: Մոտավորապես նույն բանն է լինում անձրև կանչողների հետ, երբ գալիս են կլիմայագետները կամ երկնային նշաններ մեկնաբանողների հետ, երբ դպրոցներում հայտնվում են աստղադիտակներ: Կար ժամանակ, երբ ժանտախտն Աստծո պատիժ էր համարվում, ինչը նպաստում էր եկեղեցու իշխանության ամրապնդմանը: Մեկ այլ վարկածով հիվանդություններն իրենց մոգությամբ տարածում էին անհավատներն ու հերետիկոսները, որոնց այրում էին խարույկի վրա: Այս դաժանությունը կարելի է հասկանալ ու մեղքը բարդել մարդկանց տգիտության վրա: Չէ որ նրանք դեռ չէին հասկանում հիվանդության զարգացման իրական պատճառը: Նոր կտակարանի «հրաշքների» մեծ մասը կապված է հիվանդների ապաքինման հետ, ինչը յուրահատուկ նշանակություն ուներ մի դարաշրջանում, երբ անենաթեթև հիվանդությունն անգամ մահացու էր: (Անձամբ Սուրբ Ավգուստինն էր ասում, որ քրիստոնեություն չէր ընդունի, եթե չլինեին հրաշքները): Այս արդարացումն ընդունելի է միայն անցած ժամանակների համար: Այն պահից, երբ Էդվարդ Ջեները բացահայտեց, որ ծաղիկով հիվանդ կովերից ստացված պատվաստանյութը կարող է կանխել նույն ծաղիկը մարդկանց մոտ, այս արդարացումն այլևս անընդունելի է: Այնուամենայնիվ Յելի համալսարանի ռեկտոր Թիմոթի Դուայտը, ով մինչ այժմ համարվում է Ամերիկայի ամենապաշտելի հոգևոր մարդկանցից մեկը, դեմ էր ծաղիկի դեմ պատվաստմանը՝ համարելով, որ այն միջամտություն է Աստծո ծրագրին: Նման մտածելակերպն այսօր էլ տարածված է, չնայած վերջինիս ծնունդ տված ու արդարացնող տգիտությունը վաղուց անցյալում է մնացել:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4105 | 0 | 0
Facebook