Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ավիկ Իսահակյան, «ՈՒստա Կարո վեպը»

21:43, չորեքշաբթի, 05 փետրվարի, 2014 թ.
    

«Ուստա Կարո» վեպը


    
Ավետիք Իսահակյանը «Ուստա Կարո» վեպը ձեռնամուխ է եղել գրել «Աբու Լալա Մահարի» պոեմն ավարտելուց անմիջապես հետո: Եվ ինչպես «Աբու Լալա Մահարի» պոեմի, այնպես և «Ուստա Կարո» վեպի ստեղծման աշխատանքներն սկսվել են Ղազարապատ գյուղում: Մեզ է հասել վեպի առաջին տարբերակի ձեռագիրը` 356 մեծադիր էջ: Բնագրի առաջին անվանաթերթային էջը ընդարձակ տեղեկություն է տալիս Իսահակյանի նոր, մեծ մտահղացման վերաբերյալ: Ձեռագրի վերին մասում գերմաներեն գրված է` «Meister Karo» Ein humoristischer Roman aus dem armenischen Volks leben («Ուստա Կարո» . երգիծական վեպ հայ ժողովրդի կյանքից): Եվ ապա` «Ուստա Կարո և Օրթե Հարութ» . վեպ: Առաջին տարբերակն ուներ բնաբան, որը, սակայն, Իսահակյանի ձեռքով ջնջված է. ահա այն. «En France, tout le monde est un peu de Tartaren» . A. Doube. «Ամեն մի հայ փոքր՞ինչ Ուստա Կարո է»:
Ապա կրկին գերմաներեն` Von Avedik Issahakian. Geschreiben Fruhjahr S. 1910 in Kazarapat bei Alexandropol («Գրված է 1910 թվի գարնանը, Ղազարապատ` Ալեքսանդրապոլի շրջակայքում»): Անվանաթերթին նշված է նաև վեպի գրելու սկզբնական տարեթիվն ու վայրը` 21 ապրիլի. 1910թ. Ղազարապատ:
Բանաստեղծի կողմից առաջին հիշատակուը, որ ինքը սկսել է մի նոր գործ գրել, Վիկտորյա Աբովյանին (Խ. Աբովյանի թոռնուհուն) գրած (1910թ. մայիս 2, Ղազարապատ) նամակի հետևյալ հատվածն է. «... ամբողջ օրը պարապում եմ. օրեկան 14 ժամ սեղանիս առաջն եմ – գրում եմ, գրում եմ, գրում եմ, իսկի չեմ կարդում. սկսել եմ մի մեծ վեպ, որ հավատացնում եմ, հանճարեղ բան է (մինչև այժմ այդպես բան չեմ գրել, և ոչ մի մարդ չէ գրել. չասես` պարծենկոտ Ավետիք-ոչ-ճիշտն եմ ասում. «Աբուլ-Մահարին» նրա մի գլուխը չարժե... Մինչև մայիսի վերջը կլինի բոլորովին պատրաստ... Շատ ջղային եմ, քուն չունեմ, գրում եմ շատ տենդոտ, հազիվ զսպում եմ ձեռքս, որ չվազե...»:
Այսպես է սկսվում պատմությունը հայ գրականության ամենախորհրդավոր վեպերից մեկի` «Ուստա Կարոյի»: Այո, նման բան նա չէր գրել, սա պիտի լիներ բանաստեղծի հեղինակած առաջին և վերջին վեպը և սիրած գործը, որը նա համեմատում է անգամ «Աբու Լալա Մահարու» հետ և դեռ առավելությունը տալիս վեպին: Այսպես արտահայտվում են միայն սիրած առարկայի վերաբերյալ:
Ողջ 1910 թվականը և մասամբ էլ մինչև 1911-ի ամառը` մինչև Կովկասից Թուրքիա անլեգալ մեկնումը, Իսահակյանը արդյունավետ աշխատում է վեպի շուրջ: Եվ կրկին ու կրկին գրում է նա իր համար թանկագին մարդուն` Վիկտորյա Աբովյանին: «...Կյանքս անցնում է ամբողջապես աշխատանքի մեջ օրը 15 ժամ սեղանից առաջ եմ և գրում եմ, իսկի մի տող էլ չեմ կարդում, վեպս լավ առաջ է գնում, երևում է, որ 500 երեսի կհասնի, չեմ ուզում մեծ լինի, բայց հնար չկա. մեծ պլանով եմ սկսել, թեև նկատում եմ, որ ոչ մի ձանձրալի տեղ չկա, ամեն երեսն էլ կարդացվում է հետաքրքրությամբ» (1910, մայիսի 5, Ղազարապատ), «Գալով ինձ` իմ մխիթարությունը էլի մնում է «Ուստա Կարոն», որ հաջող կերպով հառաջ է գնում, տեսնենք ի՞նչ դուրս կգա»:

    
ըստ Ավիկ Իսահակյանի
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9901 | 0 | 0
Facebook