Այսօր` սեպտեմբերի 23-ին, Արարատի մարզի Նորաբաց համայնքում անցկացվեց «Ձնծաղիկ» մսուր- մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի քննությունը։ Մրցույթի մասնակիցները` Անի Օհանյանն ու Աշխեն Հարությունյանը, նախ հաղթահարեցին գրավոր հարցաշարի փուլը։
-Մրցույթի մասնակիցներին տրված է 50 հարցից բաղկացած հարցաշար։ Երկու մասնակիցն էլ նախապես չեն ունեցել հարցաշարը, սակայն ծանոթ էին, թե ինչ բնույթի հարցեր էին լինելու զետեղված, - նշեց հանձնաժողովի նախագահ՝ Գալուստ Գալստյանը։ Թեւ մասնակիցներից մեկը կրթություն ստացել է Անանիա Շիրակացի համալսարանում, բայց ըստ հանձնաժողովի անդամի` դրանում արտառոց ոչինչ չկա, քանի որ համալսարանն ունի պետական հավատարմագիր։ Մրցույթի սկզբում թափուր հաստիքի համար պայքարողները նշեցին, որ կողմնապահություն չեն նկատել, իսկ հարցաշարի մոտավոր բովանդակությունը ձեռք են բերել համացանցից։ Երկրորդ` բանավոր փուլում, մասնակիցներից յուրաքանչյուրը պատասխանեց հինգ հիմնական եւ երկու լրացուցիչ հարցերի։ -Հանձնաժողովի հարցին, թե ինչ կփոխեն մանկապարտեզում` տնօրեն ընտրվելու դեպքում, Անի Օհանյանը խոստացավ անվճար հիմունքներով դասավանդել անգլերեն, իսկ Աշխեն Հարությունյանը նշեց, որ ինչպես ընտանիքում, այնպես էլ աշխատանքի վայրում կարեւորում է սերն ու առողջ մթնոլորտը, հավելեց նաեւ, որ անչափ սիրում է երեխաներին եւ նրանց հետ աշխատելը։ Վերջում հանձնաժողովի անդամները անանուն քվեարկություն կատարեցին։ Արդյունքում «Ձնծաղիկ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն դարձավ Անի Օհանյանը։ Աշխեն Հարությունյանը, չընդունելով մրցույթի արդյունքները, խոստացավ բողոքարկել այն։