Ռուբիկ Հովհաննիսյան
Կյանքի մեծ մասը նվիրել եւ նվիրում է բժշկությանը
Լավագույն մասնագետները նրանք են, որոնք մասնագիտությունն ընտրում են առաքելության խոր գիտակցմամբ: Մարդու, առավել եւս բժշկի համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է, կոչում: Այն շուրջ 40 տարի է՝ առաքելություն է նաեւ բժիշկ Ռուբիկ Հովհաննիսյանի համար:
65-ամյա Հովհաննիսյանը 30 տարի է՝ Շիրակի մարզի Աշոցքի շրջանի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի թերապեւտիկ բաժանմունքի վարիչն է: «Հավասարակշռված, զգացմունքների մեջ՝ զուսպ, բայց անսահման բարի», - մեկ նախադասությամբ այսպես է նկարագրում Հովհաննիսյանին իր կրտսեր դուստրը՝ Նարինեն: Ռուբիկ Հովհաննիսյանն ունի չորս երեխա՝ երեք աղջիկ եւ մեկ տղա:
Զարմանալի է, թե այդքան ծանր ու պատասխանատու աշխատանք կատարող մարդու մասին զավակներն ինչպիսի մեղմությամբ ու քնքշությամբ են խոսում: Եթե մի պահ մոռանաս նրա կատարած աշխատանքի ծանրությունը, կմտածես՝ խոսքն աննկարագրելի փխրուն անձնավորության մասին է: Եվ իսկապես, Ռուբիկ Հովհաննիսյանին ճանաչողները կփաստեն նրա հանգստության ու մարդասիրության մասին:
Նա մարդ հակադրություն է. մի կողմում իր բարձր առաքելությամբ կատարած դժվարին աշխատանքն է, մյուս կողմում՝ նրա հանգստությունն ու մեղմությունը: Լռակյաց է, չի սիրում շատ խոսել: Երբ զավակները փորձում են մտաբերել հոր հաճախակի գործածած բառերը, ժպիտով միաբերան ասում են՝ «բալ ջան», -նն է:
Ինչպես ասել է իսպանացի նշանավոր բժիշկ Խոսե դե Լյատումենդին, «Միայն բժշկություն իմացող բժիշկը նույնիսկ բժշկություն էլ չգիտե»: Բժիշկը պետք է գերազանց տիրապետի միջանձնային հարաբերությունների նրբություններին. Հովհաննիսյանն այդ ամենին տիրապետում է գերազանց:
Ռուբիկ Հովհաննիսյանը ծնվել է Ջավախքում՝ Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո՝ 1971 թվականին ընդունվել է Երեւանի բժշկական ինստիտուտ։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Աշոցքի շրջանային հիվանդանոցում՝ որպես թերապեւտ, այնուհետեւ՝ նույն հիվանդանոցի բուժական մասի փոխտնօրեն։
1988 թվականին տեղափոխվել է Ամասիայի շրջանային հիվանդանոց: Կարճ ժամանակ անց կրկին նշանակվել Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի թերապեւտիկ բաժանմունքի վարիչ եւ մինչ օրս բժշկի բարձր պարտքն է կատարում նույն համայնքում՝ ապահովելով ՀՀ հյուսիսային սահմանամերձ շրջանների բնակչության առողջության պահպանումը, տարիների հետ կրկնապատկելով ժողովրդի սերն ու հարգանքն իր նկատմամբ: