ՀԱՂԹԱՆԱԿԻ ԴԱՓՆԵՊՍԱԿԸ
Մահապարտների «Արծիվ» զորագունդը հիշարժան հաղթանակներ արձանագրեց Արցախյան գոյամարտի պատմության էջերում: Վաղուհասի ազատագրությունը թերևս ամենաակնառուն է: Վճռական գրոհից առաջ մեր ուժերը դասավորված էին հետևյալ կերպ` կենտրոնում տեղակայել էինք մեծ տրամաչափի զենիթային հեռահար զինատեսակները, որոնք գտնվում էին 1744 մետր բարձրության վրա` Օխիի անտառապատ լեռան լանջին: Կողք կողքի դիրքեր էին գրավել նաև մոտոհրաձիգները. աջ թևում ականանետային դասակն էր, ձախում` հետախուզական երկու խմբերը, որոնցից մեկն ականապատում էր, մյուսը` նախահարձակվում: Ամբողջ մարտադաշտը ծառերով ու մացառներով էր ծածկված, թավուտների միջից միայն մի նեղ կածան էր ձգվում, որը նախօրոք տրակտորով լայնացրինք, մատչելի դարձրինք ոչ միայն հետևակի, այլև ռազմական տեխնիկայի համար: Չնայած այս ամենին, ուժերը խիստ անհավասար էին: Մահապարտների, և մեզ օգնության հասած ազատամարտիկների ընդհանուր թիվը հինգհարյուրից չէր անցնի, մինչդեռ ոսոխը, հետախուզության տվյալներով, երեք գումարտակ` մոտ 1200 զինվոր ուներ, չհաշված Չլդրանի ուղղությամբ դիրքավորված բրիգադը: Զորեղ էր նաև հակառակորդի տեխնիկան: Ղաչաղյուրտի բարձունքին` 1200 մետրի վրա ամրացված էր 2 մարտկոցով «Գրադ» կայանք, Գետավանից ձախ, Դադիվանքի ճանապարհին մի ուրիշ «Գրադ» կայանք և մարտկոց: «Գրադ» կայանքներ, հրանոթային մարտկոցներ կային նաև Հաթերքի ամբողջ երկարությամբ, Դրմբոնում, Չլդրանում, Մեհմանայի լանջերին: Դրանցից բացի թշնամին հրետանային դիվիզիոն, հակաօդային հիմավոր ուժեր ուներ: Սեպտեմբերի 18-ին, լուսաբացից դեռ շատ առաջ, ուղիղ ժամը 4-ին մեր բոլոր մարտիկներն իրենց տեղերում էին, կապը լիովին ապահովված էր, ամեն ոք համապատասխան հրահանգ ստանալու և հաղորդելու հնարավորություն ուներ: Որպեսզի գրոհը ղեկավարելը հարմար լինի` հրամանատարական դիտակետ դարձրինք 1700 մետր բարձրության սարի գագաթը, որը հիանալի տեսանելիություն ուներ: Հարձակումն անաղմուկ սկսելու, հակառակորդին անակնկալի բերելու համար մեր հետախուզական դասակը շրջանցեց Օխիի լեռնանցքը, հաջողությամբ թշնամու թիկունք դուրս եկավ: Կենտրոնում մարտական գործողությունները ղեկավարում էին Արթուր Ալեքսանյանն ու Սերժ Մովսիսյանը, ձախ կարևորագույն թևում` Հովսեփ Հովսեփյանը: Գրոհի հիմնական ծանրությունն ինքնակամ ստանձնեց Նոր Հաճընի դասակը, որն ըստ նախնական պայմանավորվածության, պիտի խոյանար հակառակորդի դիրքերի վրա: Մարտական առաջադրանքը հաջողությամբ իրագործելու համար նորհաճընցիները զինվել էին հակահետևակային զենքերով` մասնավորապես նռնականետերով: Առաջ անցնելով ասեմ, որ նրանք բացառիկ խիզախությամբ, ու հիմնականում ճիշտ կատարեցին իրենց խնդիրը: Ճակատամարտը վճռական էր, հենց այդ պատճառով էլ անզիջում: ժամանակին ավարտելով շրջանցումը, մենք դուրս եկանք մի բացատ, որտեղ մեզ պիտի միանային մեր հետախուզական խմբերը: Սակրավորները, որքան հնարավոր էր արագ ստուգեցին տեղանքը, որից հետո մենք ապահով շարունակեցինք առաջ շարժվել: Ժամը ուղիղ 5-ն անց 12 րոպեին Սերժ Մովսիսյանը հրաման ստացավ սկսել շեղող հարվածը: Սեյրան Անթանեսյանը, չնայած արդեն հակառակորդի թիկունքում էր, ձևացրեց, թե նահանջում է, բայց ըստ էության ուժերը վերադասավորեց անակնկալ գրոհի համար: Նախապատրաստական փուլն ավարտելուց հետո, ի վերջո անցանքվճռական գործողությունների: Ես ականանետ Արկադի Սեմերջյանին հրահանգեցի սկսել հակառակորդի բարձունքի ռմբակոծությունը: Ազերիները կարծեցին, թե գրոհը դիմահայաց է, ուժերը ներքև իջեցրին: Իջեցրին ու շրջափակման մեջ ընկան: Մեր բոլոր ջոկատներին պայմանավորված վայրում, բացատի միակ ծառի մոտ հաջողվեց միանալ իրար: Սակայն մեր դիմաց դեռևս ամրաշինական 7 գիծ կար, որը ինչպես հետո իմացանք ռազմական նորահնար միջոցներով կառուցել էին ռուս մասնագետները: Նրանք, փաստորեն ամեն կողմից փակ բլինդաժներ, բունկերներ էին ստեղծել, թշնամու զինվորները թունելներով էին միմյանց հետ կապ պահպանում: Թերևս դրա համար հենց մենք առաջին խրամատը ներխուժեցինք, նրանք նախ անակնկալի եկան, ապա խուճապի մատնվեցին: Ամեն դեպքում ակնհայտ էր, որ ազերիները հանձնվելու միտք չունեին: Մանավանդ, որ մենք հայտնվել էինք բացատում, նրանց տանկային վաշտը ճշգրիտ նշանառությամբ ռմբահարում էր մեր դիրքերը, շրջակա ժայռոտ բլրակներից ականանետներն ու հրանոթներն անընդհատ գործում էին: Չնայած նման համառ դիմադրությանը մենք մեր կյանքին սպառնացող վտանգն արհամարելով, շարունակում էինք հարձակումը, քանի որ զգում էինք, վերջնական հաղ թանակը մոտ է: Ավելի ճիշտ հավատում էինք հաղթանակին: Հետախուզական մեր խումբն արդեն այնքան էր առաջացել, որ մտել էր Կոճողուտ և շարունակում էր շարժվել Դրմբոնի ուղղությամբ: Հայ մարտիկների հանդգնությունից թշնամական ուժերն ասես բարոյալքվեցին, ցրիվ եկան Սարսանգի ջրամբարի երկայնքով: Մեր հրանոթաձիգներն դա հիանալի տեսնում ու անընդհատ ռմբակոծում էին դիրքերը, որ Հաթերքից ոսոխին օգնություն չհասնի: Իմ կարծիքով, հենց մեր հրանոթների դիպուկ կրակոցները ազերիներին վերջնականապես հուսահատության մատնեցին: Արկադի Սեմերջյանը անվրեպ էր գործում: Նրա արձակած արկերից մեկը ուղիղ խրամատի մեջ ընկավ, որն, ինչպես հետո պարզեցինք, թշնամու մոտ 20 զինվոր էր ողջ-ողջ թաղել: Մեր գրոհի հաջողությանը նպաստում էր նաև այն, որ ճակատամարտի պլանը նախօրոք հանգամանորեն քննարկել էինք ոչ միայն հրամկազմի, այլև դասակի հրամանատարների, նույնիսկ առանձին փորձված ազատամարտիկների հետ: Այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ անականկալներ չէին պատահում: Առավոտյան ժամը 8-ին մենք արդեն հակառակորդի բարձունքին չափազանց մոտ էինք, սակայն գրոհի արագությունից, գործողությունների լայնածավալությունից մահապարտներն այնպես էին հոգնել, ուժասպառ եղել, որ վճռական հարվածն ուշացնում էին: Իրեն զգացնել էր տալիս անընդհատ մեզ հալածող ջրի պակասը: Որպեսզի հակառակորդը նման հապաղումից չօգտվի, չառաջանա, մենք արագ մեր գրաված տարածքը ականապատեցինք: Ստիպված եղանք նույնիսկ սպասել, որ մարտական տեխնիկան մեզ հասնի ու սկսենք գրոհի վերջնական փուլը: Ճիշտ է, ճանապարհը նախօրոք լայնացրել էինք, բայց ձորակներ էին հանդիպում, որոնք տանկերը չէին կարողանում հաղթահարել: Մի կիրճում ճարահատ, վարորդական մուրճերով մարդահասակ ժայռեր ենք կոտրել, հանպատրաստից կամուրջ կառուցել: Որքան որ մենք մեր տանկիստներին շտապեցնում էինք, նրանք այնքան շփոթվում, սխալներ էին թույլ տալիս: Մի գետանցի ժամանակ, օրինակ, առջևից ընթացող հրասայլը հայտնվեց աննկատելի փոսում, շուռ եկավ: Մի ուրիշը այնքան արագ էր ընթանում, որ յուղը սկսեց եռալ, բռնկվեց: Բարեբախտաբար, մահապարտ Մուրադ Մուրադյանը հմուտ մասնագետ էր, վթարներն արագ վերացրեց, և երբ արդեն մոտեցել էր մեր դիրքերին, այնքան լարված նյարդայնացած էր, այսինքն անհամբեր էր, որ նշան բռնեց` կրակեց այն ժայռոտ բարձունքին, որտեղից անդադար մեզ ռմբակոծում էին: Թշնամին ըստ երևույթին չէր կարծում, որ մենք մեր զրահամեքենաները անանցանելի խորխորատներ կհասցնենք, տանկի առաջին իսկ որոտից ընկրկեց, սկսեց անկանոն նահանջել: Մենք արագացրին գրոհի թափն ու շուտով հայտնվեցինք անտառում: Փաստորեն ճակատամարտի ելքը այդ կարճ տարածքը պիտի վճռեր: Թշնամին դա գիտեր, նախապատրաստվել էր: Շատ շուտով խիտ մացառուտներում էինք, դարան էին մտել և ճշգրիտ կրակոցներով փորձում էին նոսրացնել մեր շարքերը: Մի գնդակ իմ ականջի մոտով այնքան արագ, այնպիսի չարագուշակ սուլոցով անցավ, որ կողքիս դիրք մտած Վալուշ Դավթյանի մազերը խանձեց, դեմքին մրի սև հետք թողեց: Սակայն մեր մարտիկների վճռականությունը, ոգևորությունը այլևս ոչինչ չէր կարող կասեցնել: Մանավանդ, երբ հաղթանակը այդքան մոտ էր: Ով գիտե այդ վերջին, ամենաճակատագրական պահին ինչ անսովոր ներշնչանք համակեց մեզ, որ մենք մեզ համար էլ անսպասելի կայծակ նային գրոհով նվաճեցինք բլուրը: Ընդ որում զոհ չտվեցինք: ՈՒ երբ Վաղուհասը մեզնից պատնեշող բարձունքին հասանք, մեր առջև տարօրինակ տեսարան բացվեց: Թշնամական բոլոր տանկերը ամրացված էին դզոտների բետոնի հաստ շերտի մեջ: Այդպես էին նրանք նախապատրաստվել, այդքան կարևորություն էին տվել Վաղուհասի ճակատամարտին: Սակայն դա էլ նրանց չփրկեց, մինչև մեր վերջնական նպատակը` Վաղուհաս տանող ճանապարհը մենք անցանք թշնամու ցաքուցրիվ դիակների միջով ու հենց գյուղ մտանք, ժամացույցիս նայեցի: Երեկոյան 6-ն էր: ճակատամարտը տևել էր ուղիղ տասնչորս ժամ: Մենք հանդիսավոր տողանի կանգնեցինք գյուղի փլատակներով ծածկված հրապարակում ու մեր սրբագործված սովորությամբ խոնարհած գլուխներով, բռունցք արած, վեր պարզած աջերով հիշեցինք նրանց, ովքեր նահատակվեցին անցած մեկ ամսվա ընթացքում, Գանձասարից Վաղուհաս ձգվող զարմանալիորեն կարճ ու աներևակալիորեն դժվարին ճանապարհին: Հայկական հինավուրց մարտավարական կարևորագույն նշանակություն ունեցող բնակավայրն ազատագրված էր: Բայց պարզ է, հանգստանալու մասին մտածել դեռևս չէինք կարող: Առջևում Հարությունագոմերն էր, հետո Կոճողուտը... Ամբողջ Արցախը, մեր ազատասեր, ազատատենչ լեռնաշխարհը... Անշուշտ մեր գումարտակի մարտական գործունեությունը միայն տարածքներ ազատագրելով չսահմանափակվեց: Մենք կռվում ու ինքներս էլ չէինք զգում, թե ինչպես է հետզհետե սաղմավորվում հայոց ազգային բանակը: Մահապարտներն առաջինը ջոկատներ միավորեցին, գումարտակով մարտնչելու փորձ կատարեցին, որը, ըստ էության, կամավորական շարժումից կանոնավոր բանակի անցնելու կարևորագույն փուլը հանդիսացավ: «Արծիվ» գումարտակի հաղթանակները միանշանակ վկայեցին, որ հայրենիքը բարձր է կուսակցական զանազան շահախնդրություններից, որ զինվորը միայն մի հավատամք պիտի ունենա` հայրենի հողի փրկությունն ու ժողովրդի ազատագրությունը: Մահապարտների նման նվիրումը հետագայում առանց չափազանցության համազգային նշանակություն ունեցավ: Մենք դեռ Հայաստան չէինք վերադարձել, արդեն կազմավորվել էր «Արծիվ-2» -ը, իսկ «Արծիվ-3» -ից հետո կամավորների թիվն այնքան մեծացավ, որ չէինք հասցնում բոլոր ցանկացողներին Արցախ ուղարկել: Կարծում եմ Հայաստանի հանրապետության, Արցախի անկախությունը պաշտպանող այսօրվա ու վաղվա զինվորը մահապարտներից շատ բան ունի սովորելիք, սակայն ամենակարևորը դարձյալ հայրենասիրությունն է: Անմացորդ, անշահախնդիր անսակարկ հայրենասիրություն: ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Արծիվ մահապարտների» զորագնդի ընդհանուր համակարգող հրամանատար |
Abone ol ve malalelerin yayınla: