Ինչքա՜ն տարբեր են մարդկանց աչքերը` շագանակագույն, սև, կապույտ, կանաչ, տխուր ու ուրախ աչքեր, չար կամ բարի, արտահայտիչ կամ էլ ոչինչ չասող աչքեր: Մարդկանց աչքերը ավելի խոսուն են, քան խոսքերը, մարդու աչքերին երկար նայելով` կարող ես հասնել մինչև հոգու խորքը, տեսնել նրա էությունը. զուր չեն ասում` աչքերը հոգու հայելին են, սակայն ժամանակ առ ժամանակ հայելին պետք է մաքրել հետքերից, աչքերն էլ կմաքրվեն չարից: Տեսե՞լ եք՝ ինչքան անկեղծ ու մաքուր են մանուկների աչքերը, ինչքա՜ն խինդ կա նրանցում, որովհետև նրանք բարի են, իսկ բարությունը մաքրում է ոչ միայն սիրտն ու հոգին, այլև աչքերը:
Իսկ երբևէ մտածե՞լ եք` ինչպիսին են երկնքի աչքերը, երբևէ մտածե՞լ եք՝ ինչպիսին են մեզ աչքեր նվիրողի աչքերը. նա, ով կարողանում է տիեզերքը պահել ափի մեջ, տիեզերքի պես անսահման խորը աչքեր ունի: Նա, ով կարողանում է բոլորին ներել ու սիրել, անսահման բարի աչքեր ունի: Երբեք չեմ տեսել Աստծո աչքերը, բայց միշտ երազել եմ դրա մասին. չեմ տեսել, սակայն պատկերացրել եմ, թե ինչպիսին են դրանք, երբ երկրագնդի վրա մի նոր հրաշք է լույս աշխարհ գալիս կամ ինչքա՜ն տխուր են դրանք, երբ մարդկանցից ինչ-որ մեկը սխալ ուղի է բռնում, չէ՞ որ մենք նրա զավակներն ենք, չէ՞ որ նա սիրում է մեզ հոր պես:
Այսօր շատերը զրկված են աչքի լույսից, զրկված են արշալույսը, արփին տեսնելու բերկրանքից, չեն տեսնում կապույտ երկինքը, գունագեղ թռչուններին, մարդկանց, չեն տեսնում մայրամուտը, լուսինը, աստղերը, բայց գուցե նրանք ավելի խորն են տեսնում, չգիտեմ, բայց մենք, որ տեսնում ենք մեզ շրջապատող աշխարհը, ամեն վայրկյան մոռանում ենք, թե ինչքան օրհնված ու երջանիկ ենք. մի մոռացեք երջանիկ լինել: