Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Հերոսը». Գարիկ Վարդանյան .«Հայորդի» ամսաթերթ

09:04, cumartesi, 01 temmuz, 2017
«Հերոսը». Գարիկ Վարդանյան .«Հայորդի» ամսաթերթ
    
Գալիս է մի պահ, երբ պետք է ընդունել միակ, անխուսափելի որոշումը:
Նրանք հերոսներ դարձան. սովորական տղաները՝ հայոց բանակի զինվորներ: Նրանք, ովքեր ապրիլյան պատերազմում դիմադրեցին թշնամուն և մարտնչեցին մինչև վերջին շունչը:
Գարիկ Վարդանյանը առաջիններից էր, ով ընդունեց մարտը և կռվեց որպես իսկական մարտիկ: Եվ զոհվեց հերոսի նման:
Գարիկը ծնվել է 1996 թ. դեկտեմբերի 30-ին Արտաշատ քաղաքում` Արտաշես և Հասմիկ Վարդանյանների ընտանիքում: Ծնողների միջնեկ զավակն էր` կենսուրախ մի տղա:
Ուրախություն էր զգում, երբ կարողանում էր օգտակար լինել ուրիշներին: 2014 թ. հունվարի 17-ին Գարիկը զորակոչվեց բանակ: Նրան սիրում էին թե՛ ծառայակից ընկերները, և թե՛ սպաները: Բանակում, նրան «Հերոս» էին անվանում: Շրջապատում բոլորն ընդգծում էին նրա կենսուրախությունը, նրա բնավորության լույսը:
2016 թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ գրոհ է սկսում արցախյան բանակի դիրքերի վրա: Այդ հարձակմանը դիմագրավողների շարքերում էր նաև Գարիկը: Ապրիլյան քառօրյա պատերազմի թողած վերքերը երբեք էլ չեն սպիանա:
Դեկտեմբերի 30-ն էր, երբ հենց իր ծննդյան օրը, իր ծնված ժամին վիրավորվեց Գարիկը: Հիվանդանոցում բռնում է եղբոր ձեռքը և ասում. «Էդուլ, Ժանուլիս տոնածառին շատ-շատ խաղալիքներ կկախես, հանկարծ չպակասի»:
Մահանում է 2017 թ. հունվարի 15-ին, այն օրը, երբ տարիներ առաջ մկրտվել էր: Հուղարկավորությունը հունվարի 17-ին էր` այն օրը, երբ պետք է զորացրվեր:
Գարիկ Վարդանյանը պարգևատրվել է ՀՀ «Արիության» մեդալով:
Մեր անձնուրաց զինվորները, ցավոք սրտի, երբեմն իրենց կյանքով են ստիպված լինում ապացուցել, որ հայ ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը մեր ամուր բանակն է:
Գարիկի նամակը` մորը
Մոտիկ է օրս, բան չի մնացել, որ գնամ տունս ու դուռս բացեմ, տեսնեմ մայրիկիս ու նրան գրկեմ, արտասվեմ ու ցածր ասեմ, որ ես եկել եմ, տուն վերադարձել, որ կյանքի այս փուլը շիտակ եմ անցել՝ ապրել եմ մաքուր, չեմ դավաճանել, չեմ էլ ուրացել ու ոչ էլ խաբել: Դիրք եմ պաշտպանել ինձ ու քեզ համար՝ հանուն հայ ազգի, որ կարողանաք հանգիստ քուն մտնել: Բայց գիտեմ, մամ ջան, որ չես քնել, կարոտից լացել, անհանգիստ եղել, աղոթք ես արել, Աստծուն միշտ խնդրել, որ զինվոր տղադ առողջ վերջացնի, գա ու քեզ հասնի:
Մտածել ես, թե ի՞նչ եմ ես կերել, թե ո՞ւմ եմ օգնել, ո՞ւմ հետ եմ կռվել: Երբ որ չեմ զանգել, շատ ես մտածել՝ արդյոք քնա՞ծ եմ, թե՞ դիրքում կանգնած, մե՞րկ եմ ես արդյոք, թե՞ տաք հագնված:
Սիրում եմ քեզ, մամ, քո առջև ծնկած, ուզում եմ ասել՝ տուր ձեռքդ հոգնած, որ համբուրեմ այն, ու զգամ ամբողջ սրտով, որ երկու տարի կողքիս ես եղել հոգով ու մտքով, քո աղոթքներով: Սիրում եմ քեզ, մամ, իմ Աստված մամա, սերս միայն ինձ հետ կմահանա…
Քո որդի Գարիկ
Մոր նամակը` որդուն
Գարիկ ջան, անկախ իմ ու քո կամքից, դու կանգնած ես թշնամու երախում ու ժամեր անց կտոնես քո 20 –ամյակը: Մենք քեզ ճանապարհել ենք ոչ թե բանակ, այլ պատերազմ, քեզ մի անմեղ տղա ենք ճանապարհել ու կգաս տղամարդ կոչումով:
Կյանքն օվկիանոս է՝ գեղեցիկ, ալեկոծ ու անծայր, ես ի սրտե ցանկանում եմ քեզ, որ հուսո առագաստով լողաս միշտ դեպի առաջ և հանգրվանես երջանկության ափերում, թող ցանկացած երազանքդ իրականանա, թող միշտ բախտի աստղը փայլի քո գլխավերևում, քաջառողջ լինես, միշտ ուրախ, սիրող և անչափ սիրված:
Միշտ քեզ համար աղոթող Մամա

    
    
     Մարիա ԱՌԱՔԵԼՅԱՆ «Հայորդի» լրագրողական ակումբ
    
«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 4, ապրիլ 2017թ.
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4758 | 0 | 0
Facebook