Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իմ երազի երկիր Նաիրի .«Հայորդի» ամսաթերթ

18:37, salı, 22 ağustos, 2017
Իմ երազի երկիր Նաիրի .«Հայորդի» ամսաթերթ

Երազ տեսա…

...Մարդիկ երջանիկ էին, ժպտադեմ, կարծես վրձնի մեկ հարվածով բոլորի դեմքից անհետացել էր հոգսի, հաց վաստակելու անվերջանալի մրցավազքի մռայլ քողը: Բոլորն ուրախ էին, զբաղվում էին իրենց սիրած մասնագիտությամբ, որի դիմաց ստանալով բարձր աշխատավարձ` ուրախ և երջանիկ վերադառնում էին սեփական օջախ՝ հանգստանալու, լավ ժամանակ անցկացնելու սիրելի միջավայրում, ինչու ոչ, անակնկալներով ուրախացնելու սիրելի ծնողներին և քաղցրասեր փոքրիկներին:

Իմ երազի երկրում երեկո էր… Տարեց զույգը թևանցուկ շտապում էր թատրոն, մեկ այլ տեղ` երիտասարդ տղան ծաղկեփնջով սպասում էր իր սիրելիին, որպեսզի միասին գնան դիտելու նոր ֆիլմը, մի ընտանիք պարզապես հանգիստն է վայելում սրճարանում՝ ըմբոշխնելով մրգային պաղպաղակը, հաջորդը գնացել է գյուղ՝ ծնողներին տեսակցության, մեկ ուրիշը պարզապես վայելում է զբոսայգում խաղացող երեխաների անհոգ հրճվանքը…

Մարդիկ չեն բամբասում, չեն չարանում, չեն դժգոհում, իշխանություններից գոհ են, սոցիալապես ապահով. ապրում են բարեկեցիկ, ազատ, անկախ, և նրանց չի հետաքրքրում ուրիշի թերմացքը:

Իմ երազի երկրում ամենաբարձր արժեքը մարդն է, մարդու ինքնասիրությունը վիրավորելը՝ մահացու մեղք: Պաշտպանված է մարդու իրավունքը՝ անկախ նրա սոցիալական վիճակից: Օրենքի առջև հավասար են թե՛ հողագործ բանվորը և թե՛ պետական պաշտոնյան՝ իր մեծ հնարավորություններով, կապերով, ծանոթներով հանդերձ:

Իմ երազների երկրում բաղձալի խաղաղություն է: Հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ են, սահմանները՝ բաց, ճանապարհներն՝ ազատ: Մարդիկ ծափուծիծաղով, երգուպարով, առատ սեղաններով իրենց փայփայած որդիներին ուղարկում են հայրենիքին ծառայելու և հայրենիքի առջև պարտքը կատարելու և նույնպիսի շուքով ու ուրախությամբ էլ ընդունում իրենց զավակներին: Չկա զինվորի մոր լաց, ցավից կծկված զինվորի հայր, նրանք միայն հպարտանում են իրենց զինվոր զավակներով: Հասարակ ընտանիքից դուրս եկած զինվորի կողքին ծառայում է նաև վարչապետի, նախագահի, գեներալի, պատգամավորի, նախարարի որդին, և կողքից նայողն անգամ չի նկատում, թե ով ով է, որովհետև բանակում վեհ գաղափարներ են և առյուծասիրտ որդիներ, որոնք իրենց առավելությունը վաստակում են միայն ու միայն արժանապատիվ ծառայության միջոցով:

Իմ երազի երկրում չկան չափազանց հարուստներ կամ չափազանց աղքատներ: Այնտեղ բոլորը հավասար են: Չկան մարդիկ, որոնք ունեն ամեն ինչ՝ դղյակներ, հարստություն, իսկ նրանց կողքին՝ անտուններ, մի կտոր հացի կարոտ, սոված երեխաներ, մարդիկ, որոնք բազում հիվանդությունների տակ կռացած` ստիպված են աշխատել ու աշխատել: Իմ երազների երկրում բոլորն են միմյանց օգնում, և չկա մեծամտություն, գոռոզություն, հպարտություն… Այստեղ մեկը մյուսի ուրախությամբ ուրախանում է, մեկը մյուսի տխրությամբ՝ տխրում: Հիվանդները հեշտությամբ, անվճար հետազոտվում, բուժվում են հիվանդանոցներում՝ բարեհամբույր բուժանձնակազմի կողմից:

Այստեղ դպրոցներ հաճախում են միայն սովորել սիրող աշակերտները, որոնց դասավանդում են իրենց աշխատանքից հաճույք ստացող ուսուցիչները: Չկան դասերը խանգարող, ուսուցիչներին չհարգող, բարկացնող այն չարաճճիները, որոնք իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում և, ընդհանրապես, ինչի համար են դպրոց հաճախում:

Իմ երազի երկրին հարկավոր է նաև լավ, հմուտ, բարեխիղճ արհեստավոր՝ բանվոր, վարորդ, շինարար: Չէ՞որ, վերջին հաշվով, բոլորս էլ մեր ծառայություններն ենք մատուցում մեկս մյուսին, և պետք չէ կյանքի շրջապտույտում աղաներ և ծառաներ փնտրել. մեկը բուժում է, մյուսը՝ սովորեցնում, մեկը մաքրում է, մյուսը՝ կառուցում:

Իմ երազում լուսանում է կիրակին, որը շա՜տ է տարբերվում մյուս օրերից: : Օրն սկսվում է ժպիտով, բարեմաղթանքներով: Բոլորը շտապում են եկեղեցի` իրենց գոհունակությունը հայտնելու Աստծուն և Տիրոջ օրհնությունը ստանալու, ապա հյուր են գնում կամ հյուր ընդունում, և այսպես է՛լ ավելի է ամրանում բարեկամական կապը հարազատների, ծանոթ – բարեկամների միջև:

Արթնացա զարթուցիչի զանգից:

Ափսոս, որ երազ էր…

Անուշ ԱՍԼԱՆՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ
    
    
    

«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 5, մայիս 2017թ.
    
    

https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7643 | 0 | 0
Facebook