Համայնք ղեկավարելը պատասխանատու աշխատանք է.
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում հունիսի 18-ին գյուղապետի պաշտոնի համար պայքարում են գործող գյուղապետ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը եւ անկուսակցական Արմենուհի Մելիքյանը: Համայնք այցելության ընթացքում Mamul.am-ի թղթակիցը զրուցեց գյուղապետի թեկնածու, գործող գյուղապետ Արթուր Մուրադյանի հետ: Հիշեցնենք նաև, որ Պռոշյանում արտահերթ ՏԻՄ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ 2013թ. ապրիլի 2–ին գյուղապետարանի շենքի դիմաց սպանվեց նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանը։ Գյուղապետի սպանության գործով ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները, ովքեր ազատ արձակվեցին: -Պարոն Մուրադյան կներկայացնեիք ղեկավարման ընթացքում կատարած աշխատանքները: -Կարծում եմ, որ այդ տարիները բարեխիղճ ծառայության տարիներ են եղել, քանի որ առաջին իսկ օրվանից ջանացել եմ համայնքի համար, ապրել գյուղացու հոգսերով` նրա հետ, ընկերական խաղաղ ու հարազատ միջավայրում, ընկերներով շրջապատված: Ինչ-որ արդյունքի, անշուշտ, հասել ենք: Աշխատել եմ բաց ու թափանցիկ, այնպես, որ հանրությունը տեղյակ լինի կատարվող աշխատանքների, ընթացիկ գործերի ու միջոցառումների մասին: Պարտավոր ենք գյուղացու համար անել ամեն հնարավորը, առավել ևս, եթե խոստացել ենք այս կամ այն խնդիրը լուծել, գործն առաջ տանել: Առաջնահերթ կարևորություն է տրվել ճանապարհների ասֆալտապատմանը, արտաքին լուսավորության անցկացմանը: Նախորդ տարի 1, 5 կմ ճանապարհահատված է լուսավորվել, մի փողոց ասֆալտապատվել: Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ գյուղի սկզբնամասում խաչքար է տեղադրվել: Պուրակն է բարեկարգվել, կանաչապատվել, նստարաններ են տեղադրվել: Աղբահանության, կոյուղագծերի վերանորոգման աշխատանքներ են կատարվել և այլն: Առաջարկ ենք ներկայացրել «Վեոլիա ջուր» ընկերություն` սպասարկելու համայնքի կոյուղին: Մանկապարտեզը ծանրաբեռնված է գործում (4 խումբ, 140-150 երեխա): Ամեն առումով կանգնած եմ գյուղացու կողքին, օգնում եմ` ինչպես ընկերն ընկերոջը կօգներ: Հատկապես նեղության պահին է մարդը զգում օգնության կարիք. բժշկի հարց է լինում, դեղի, սննդի և այլն: Շատ, շատ են խնդիրները, և միայնակ անհնար է, ինչպես ասում են, դրա տակից դուրս գալը: Փառք Աստծո, մեր կողքին են ընկերները: Նրանց շնորհիվ շատ խնդիրներ են լուծվում: Մեկ ձեռքը, ժողովրդի խոսքով, ծափ չի տա, մենակ մարդն էլ ոչինչ չի կարող անել: Իր հերթին էլ համայնքապետարանի աշխատակազմն է սրտացավ ու նվիրված գործում: Ջանում ենք ամեն հարցի լուծում տալ, լսել, ընդառաջել ու հասնել մարդկանց»: -Ինչպե՞ս եք գնահատում ձեր մրցակցի ընտրվելու շանսերը: -Մրցակցիս շանսերը ժողովուրդն է որոշում, ես չեմ թերագնահատում ոչ մեկի, կմրցենք, կտեսնենք: Ինքը լավ մարդ է, բոլորին հասնում է, մասնագիտությամբ բժշկուհի է։
|
Abone ol ve malalelerin yayınla: