Մայիսի 28-ը՝ «Վարդանանք» ՌՀԴԱ-ի տարեգրության մեջ առանձնացավ ու առավել իմաստավորվեց իր պատմականությամբ ու լույսով: Ակումբի հերթական նախաձեռնության ուղեծիրն այս անգամ Դիլիջան տարավ, ուր ակումբականները՝ խորունկ անտառների ու զմրուխտ բնության գրկում մեկ ամբողջական օր անցկացրին գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի հետ: Օրվա հրամայականը իրենց ներկայությամբ պատվել էին նաև զոհված ազատամարտիկների ծնողներն ու հարազատները:
Ճանապարհի երկարությունը կարճվեց բազմաբնույթ հայրենասիրական երգերով ու ռազմատենչ ասմունքով: Այնուհետև հետաքրքիր բանաձևումներ, զրույցներ, մինչև երեկո շարունակվող հարց ու պատասխաններ: Ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը կարևորեց կենդանի լեգենդի՝ իրենց կողքին լինելը, մեկ անգամ ևս հանդես եկավ շնորհակալական խոսքով՝ ուղղված այն մարդուն, ով գրեթե իր բոլոր հարցազրույցներում հմտորեն ու համեստորեն շրջանցում է իր մարտական ուղու՝ իրենից կախված հաջողությունները և ամեն ինչ վերագրում ժողովրդի միասնականությանը: Նա այն եզակիներից է, որ ծնվում են ճիշտ ժամանակին և ուրույն առաքելությամբ: Նա իր կենսակերպով ու գործունեությամբ ապրելու իր բանաձևն է թելադրում և հայացքներով ոգի ներշնչում հանրությանը: Բարի ու մեծահոգի այս մարդու ժպիտը, որ բխում է հոգու խորքից ու հորդում աչքերից, գալիս է հավաստելու, որ մարդու ու մարդկայինի միաձուլումն ու մեկտեղումը դեռևս լիովին կորած չէ: Բազմազբաղ առօրյայի մեջ նա միշտ ժամանակ է գտնում երիտասարդներին իր ներկայությամբ պատվելու, խորհուրդներ տալու և կիսվելու համար: Օրը հագեցած էր, օրվա խորհուրդը՝ ի կատար: