Միշտ լուսավոր ու պայծառ, կարեկից ու մեծահոգի այս կնոջ ներաշխարհը անհերքելի գեղեցիկ է, անսահման թափանցիկ ու լուսե: Սաթենիկ Աբրահամյանն է՝ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահը: Նրա հետ կարելի է ժամերով զրուցել ու չհոգնել, կիսվել ու մտորել տարաբնույթ հարցերի շուրջ, մշակել ու իրականություն դարձնել բազմաբնույթ ծրագրեր: Թերևս նրա կենսաժպիտ էությունն է պատճառը, որ սիրելի է ու սիրված, որ կարողանում է անթաքույց սեր սերմանել հայի, հայրենիքի ու հայերենի հանդեպ, որ անմնացորդ նվիրումով հայրենասիրության դասեր է տալիս, մնայուն բարոյական արժեքներ փոխանցում հազարավոր երիտասարդների: Նրա մեծ ու սիրառատ սրտում հայրենիքը պահող երեկվա, այսօրվա ու վաղվա զինվորն է, իսկ բարի աչքերում՝ աշխարհը, որ սկսվում է Հայաստանից ու ավարտվում Հայաստանով: