Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՕՁՆ ՈՒ ՆԱՊԱՍՏԱԿԸ

00:54, cuma, 15 şubat, 2013
ՕՁՆ ՈՒ ՆԱՊԱՍՏԱԿԸ

ՕՁՆ ՈՒ ՆԱՊԱՍՏԱԿԸ
     Մոխրագույն լեռներ ու մոխրագույն քամի: Մոխրագույն երկինք ու մոխրագույն մարդիկ: Մոխրագույն աշխարհ: Ո՞վ էր ինքը: Ու՞ր էր շտապում այս ուշ ժամին: Ինչու՞ էր զինվորական տաք հագուստով: Ուսադիրներ չկային, ու չկային ոչ մի տարբերանշաններ: Մի բան միայն
     պարզ էր: Ցուրտ էր ու ինքը դողում էր ցրտից: Ողջ մարմնով էր դողում: Մոխրագույն բլուրներով քայլելը դառնում էր անտանելի: Ոտքերը անընդհատ խփում էր բազալտե ելուստներին: Անընդհատ ոտքերի տակից քարերի կտորներ էին թռչում եւ անընդհատ սայթաքելով գնում էր առաջ: Ինչպես հայտնվեց այս մոխրագույն թագավորությունում, որտեղ ոչ ճանապարհներ կային, ոչ արեւներ ու լուսիններ: Գիշեր չկար, եւ ոչ էլ ցերեկ: Եվ դա հասկանալի էր: Մարդ չկար, չկար ոչ ոք: Իսկ գիշերներն ու ցերեկները մարդկանց համար են, որ հաշվեն, որ հիշեն, որ... Օրերը չէին փոխվում, եւ ժամանակը ինչ որ տեղ, տիեզերքում, քնած էր մնացել,
     կամ էլ այս գորշության տեղը կորցրած սլացել էր առաջ: Ինքը մրսում էր, իսկ ոտքերի մատերն էլ ցավում էին անընդհատ քարերին խփվելուց: Հետո կանգ առավ: Այսպես գնալով ոչ մի տեղ էլ չես հասնի: Նպատակը կար: Այսինքն, ինքը չէր մոռացել: Ուղենիշներն էին անհետացել: Իսկ միգուցե նպատակը առջեւու՞մ չէր: Միգուցե սխա՞լ էր գնում: Երեւի առաջ գնալով դոփում էր տեղում, կամ ինչն ավելի վատ է, կարող է պատահել, որ առաջ գնալով ետ է գլորվում: Դպրոցը: Այո - այո, դպրոցը կօգնի: Միայն պետք է կանգ առնել ու հիշել, կենտրոնանալ: Դպրոցը, որը ինքը ավարտել էր ժամանակին, եւ նույն այդ դպրոցը, որը նրան ուղարկել էր այս մոխրագույն քարաշխարհը, չգիտես թե ինչու, հենց այդ դպրոցն էլ կօգնի: Գիտելիքը կօգնի: Կամ էլ, եթե կուզեք` գիտենալիքը, ասել է թե, երբ գիտես ի՞նչ ես անում, եւ հանուն ինչի: Կօգնի այն, ինչը սովորեցրել են դպրոցում: Ապրել նույնիսկ այն ժամանակ, երբ այլեւս ապրելը դառնում է անհնար, քայլել այն ժամանակ, երբ նույնիսկ ոտքերդ են կտրել` դա անցնում էին ցածր դասարաններում: Այդտեղ դա չի օգնի: Տեղում ցատկոտելով փորձում էր հիշել անցած դասերը: Ապրել այն ժամանակ, երբ թշնամիներդ այդ չեն ուզում, դա էլ միջին դասարաններում են անցել, բայց դա էլ չի օգնի, որովհետեւ այս մոխրագույն աշխարհում թշնամիներ էլ չկային: Այսինքն կային, հեռվից երեւում էին, սակայն հենց փորձում էր մոտենալ, մոխրանում ու ձուլվում էին տեղանքին: Ուրեմն, ի՞նչ: Միթե՞ վերջին դասը: Միայն թե ոչ այդ մեկը: Դա վերջին դասն էր, եւ իրեն թվացել էր, որ դա կարելի է կիրառել ամենածայրահեղ պահին: Ոչ: Հիմա դրա ժամանակը չէր: Ամեն ինչ
     այնքան էլ անհուսալի չէր թվում այս պահին: Պետք է հիշել ավելի հեշտ մի տարբերակ, որը երեւի աչքաթող էր արել, կամ էլ մոռացել: Մոռանալ անհնարին է: Իրենց հենց դրան էլ պատրաստում էին: Երբեք եւ ոչինչ չմոռանալ, իսկ դա հնարավոր էր միայն մի դեպքում, եթե կարողանաս հրամայել սրտիդ, որպեսզի վերջինս իր հիշողության անհամար ծալքերից դուրս բերի եւ քո առաջ դնի հենց այն, ինչը պետք է վերհիշել հենց այս
     տվյալ իրավիճակում: Զգաց, որ այլեւս չի մրսում, չնայած մոխրագույն քամին մի նոր թափով հարձակվեց մոխրագույն երկինք ունեցող մոխրագույն լեռնաշխարհի վրա: Ճանապարհը: Հիշեց, կամ էլ սիրտը հիշեցրեց ամենաաննշան ու ամենակարեւոր դասը: Ի՞նչ պետք է անել, երբ ընտրածդ ճանապարհը ոչ մի տեղ էլ չի տանում: Պետք է փոխել այն: Այսինքն սխալ է ասել` փոխել: Ճանապարհը, որը ոչ մի տեղ էլ չի տանում, կեղծ ճանապարհ է: Ավելի ստույգ` բնավ էլ ճանապարհ չէ: Ուրեմն ի՞նչ: Պետք է գտնել իրական ճանապարհը, որը շատ մոտ է, միգուցե քո կողքին: Նայեց շուրջը: Մոխրագույն բլուրների մոխրագույն ու քարքարոտ գագաթներ: Ոչ, այստեղ ճանապարհ չկար: Աջ կամ ձախ կատարած ցանկացած քայլ բերելու էր հնի կրկնության: Հետո՞, հետո ի՞նչ էր ասվում ճանապարհի մասին: Միգուցե այն անցնում է քեզանից մի փոքր վեր, մի փոքր բարձր մի հարթությամբ: Նա բարձրացրեց գլուխը ու նայեց երկնքին: Մոխրագույն ու անարեւ մի երկինք: Իհարկե կարող էր ամպերից էլ վեր բարձրանալ իսկ, այնտեղի բոլոր ճանապարհներն էլ իրեն ծանոթ էին: Սակայն խոսքը այդ ճանապարհների մասին չէր, որոնցով իրենք գալիս էին Տիեզերքի այս տխուր զնդանը ու ընտրելով լավագույններին, նրանց հետ վերադառնում էին Տուն: Ոչ, այդ ճանապարհներից կարող էին օգտվել միայն Վերեւներից եկած հրահանգներից հետո, երբ խնդիրդ արդեն լուծել ես, երբ Պապիկդ քեզանից գոհ, քեզ Տուն է կանչում: Զգաց, որ այլեւս տեղում թռչկոտելու կարիք չկար, չնայած որ ցուրտն ավելի էր սաստկացել:
     Ճշմարիտ ճանապարհը, ուրեմն, ոչ վերեւով է անցնում, ոչ էլ կողքով:
     Նշանակում է որ, մնաց միայն մեկ տարբերակ: Ճշմարիտ ճանապարհ անցնում է ինչ որ տեղ ներքեւում: Նայեց շուրջը: Անվերջ մոխրագույն բլուրներ: Ու հանկարծ սիրտը պայծառացավ: Ուղեղը վերջապես հասկացավ, թե սիրտն իրենից ի՞նչ է պահանջում: Իհարկե, եւ ինչպես ինքն այդ չէր հասկացել: Ահա թե ինչու՞ էր դողում: Այդ սիրտն էր
     տագնապ բարձրացրել, անվերջ սխալ ճանապարհներից հոգնած: Ինքը անընդհատ շարժվել էր այդ մոխրագույն բլուրների գագաթներով, իսկ եթե բլուրներն ունեն գագաթ, ապա նաեւ ունեն...
     Ինքն էլ ամաչեց իր հայտնաբերածից, այսինքն իր անուշադրությունից:
     Հիրավի ճշմարիտ էր Պապը, երբ իրեն ճանապարհելուց ասաց, որ ամեն մի նպատակի չէ, որ կարելի է հասնել շտապելով: Երբեմն կարող ես նույնիսկ նստած, առանց տեղիցդ շարժվելու, ավելի հեռուն գնալ, ինչպես նաեւ հակառակը: Վազելով առաջ, անվերջ հեռանաս քո նպատակից: Զգաց որ քրտնում է: Սրտից կենսական ուժերը հորդեցին ողջ մարմնով մեկ: Մի քանի քայլ կատարեց, ու հասկացավ, որ կանգնած է եղել բլրի գագաթին: Նայեց ներքեւ, բայց ոչինչ չտեսավ: Կիրճը շատ խորն էր, երեւի սա բլուր էլ չէր, այլ մի բարձր լեռ: Հանգիստ քմ***աղ տվեց, հետո բարձրացրեց զինվորական տաք համազգեստի օձիքը միշտ, սիրել է բարձրացրած օձիք, ձեռքերը դրեց գրպաններն ու ուրախ սուլելով սկսեց վազելով, համարյա մանկան նման թռվռալով, իջնել ներքեւ: Սա արդեն իր սիրած խաղն էր: Մանկուց, իրենց Տանը, քանի անգամ էր այսպես սլացել սարերի գագաթներից դեպի ներքեւ Եվ: Նրանք, ում Պապը նշանակել էր, որ իրեն խնամեն ու պահպանեն, քանի անգամ են վերջին ակնթարթին կանգնեցրել իրեն բացված անդունդի երախի մոտ: Բայց ինքը այդ խաղը սիրում էր, իսկ Պապն էլ իրեն էր սիրում: Եվ դրանով ամեն ինչ ասված էր:
     Բայց ինքն այլեւս առաջվա երեխան չէր: Պապի Անմահ Թիկնապահներն իրեն սովորեցրել էին ճախրելով իջնել բարձրունքներից, առանց ոտքը մի քարի խփելու: Նա հանգիստ իջավ մինչեւ անդունդի հատակը եւ միայն նկատեց, որ անդունդի հատակում մոխրագույնը ավելի ծանրացավ, իսկ հազիվ երեւացող երկինքը ավելի մթնեց: Եվ ի՞նչ պիտի գտներ այս մեռած մոլորակի վրա: Արդեն երկու հազար տարի պտտվել էր լեռների գագաթներին: Հեռվից տեսել էր թշնամիներին, որոնք իր
     մոտենալուն պես մոխրացել ու անհետացել էին: Մեկ երկու - լուսավոր կետեր էր տեսել, սակայն հասնելով այնտեղ, գտել էր կիսատ գրված մի մագաղաթի կտոր, իսկ Գրիչին արդեն տարել էին կամ իր եղբայրները կամ, էլ Պապի Անմահ Թիկնապահներից մեկնումեկը: Իսկ Պապը ճանապարհելուց ասաց որ, քանի դեռ մենակ կլինի, վերադարձի ճանապարհը փակ է լինելու իր համար: Միայն այստեղ, միայնության այս դժոխքում նա հասկացավ, որ Պապի սիրելի Թոռնիկը լինել ոչ միայն պատվաբեր, այլ նաեւ ծանր մի պարտականություն է: Վաղուց, շատ աղուց, ուսուցիչներն իրեն բացատրել էին, որ ամենածանր տեղերում,
     խաթարված կարգը վերահաստատելու համար, Պապը ուղարկում է իր ամենասիրելի Որդիներին ու Թոռներին: Նրանք միշտ էլ պատվով են վերադարձել Տուն, եւ դրանով էր իրենց Տունը Հավերժ ու Անմահ: Հիմա արդեն պարզ էր, որ իրեն ոչ մանկական մի բան են հանձնարարել:
     Հպարտությունից սիրտը քիչ մնաց պայթեր: Գլուխը բարձրացրեց վերեւ ու
     կամաց, հատիկ առ հատիկ արտասանեց:
     - Ես շուտով կվերադառնամ, ու Դու չես ամաչի քո Թոռան պատճառով: Եվ իմ անճարակության ու իմ չարածը ուղղելու համար, ստիպված չես լինի քո Որդիներից մեկին ուղարկել այս մոխրագույն լեռնաշխարհը:
     Ձեռքերը նորից դրեց գրպանները ու սկսեց դանդաղ քայլել առաջ: Հիմա
     արդեն շատ ուշադիր: Փաստորեն դա մի կիրճ էր: Ճանապարհի երկու կողմերից էլ դեպի երկինք էին բարձրանում մոխրագույն ու քարքարոտ լեռները, որոնց գագաթները համարյա ձուլվում էին մոխրագույն երկնքի հետ: Ճանապարհը բավական լայն էր եւ այս ու այնտեղ մեծ, շատ մեծ բազալտե ժայռաբեկորներ էինթափված: Ճանապարհը հաճախ շրջանցում էր քարերը հաճախ, նեղանում, սակայն այն լավ տրորված էր, եւ նրանից շեղվելը փաստորեն անհնար էր: Հանկարծ քարերի վրա տեսավ այն, ինչի ամենից քիչ էր սպասում: Դա մի փոքր օձ էր, որն էլ իր հերթին հեռվից նկատեց մոտեցող մարդուն: Երկուսն էլ պատահաբար չէին հայտնվել այդտեղ, եւ երկուսն էլ դա հրաշալի հասկանում էին: Ոչ
     մարդը դանդաղացրեց իր քայլերը, ոչ օձի ճուտը փորձեց փախչել: Միայն խորը ափսոսանք: Այսքանից հետո միայն մի օձի ճուտ: Բայց հիասթափությունը արագ անցավ: Եթե կան օձեր, ուրեմն դեռ կան մարդիկ, որոնք բնավ էլ մոխրագույն չէին: Մնում էր միայն գտնել նրանց եւ հաղորդել Պապի պատգամները: Տարածությունը գնալով փոքրանում էր, եւ նա նկատեց, որ օձը զարմանալիորեն մոխրագույն չէր: Սեւ եւ սպիտակ կլոր նախշերով: Եվ դժվար էր ասել, թե սեւ կաշվի վրա սպիտակ կլոր լաքաներ էին, թե հակառակը: Նա հանգիստ ժպտաց օձին, որը աչքերի թարթումով տվեց արժանի պատասխան: Նրանց երկուսին էլ ծնված օրից պատրաստել էին նման հանդիպումների: Բայց ի՞նչու էր օձը
     սեւ ու սպիտակ, եւ գույներն էլ հավասար բախշված: Նա հայացքը կտրեց օձից եւ առանց արագությունը փոխելու, միայն առաջ նայելով մոտեցավ թշնամուն: Քարը, որի վրա օձն էր, նրա աջ կողմում էր, իսկ աջը նրա ուժեղ ձեռքն էր: Ոտքերից ուժեղը ձախն էր, իսկ ձեռքերից` աջը: Օձն էլ հայացքը կտրեց մարդուց ու նայեց առաջ, կարծես թե այդ ճանապարհով ժամում այնքան մարդ էր անցնում որ, խեղճն արդեն հոգնել էր նրանցից: Այն որ օձը իր աջ կողմում էր, անշուշտ մեծ առավելություն էր տալիս, սակայն մի բան անհասկանալի էր: Այնուամենայնիվ, ինչու՞ էր օձը սեւ ու սպիտակ: Եթե թշնամի էր ապա, վաղուց արդեն պիտի մոխրացած լիներ, համենայնդեպս այդպես էր եղել մինչ այս պահը: Իսկ եթե յուրային էր...
     Այլեւս մտածելու ժամանակ չկար: Նրանք հավասարվեցին իրար: Օձի թռիչքը նման էր աղեղից թռած նետի սլացքին: Օձի հաշվարկը պարզ էր: Նա ուներ միայն մեկ հարվածի ժամանակ: Մարդու միակ անպաշտպան կետը, կոկորդն էր, եւ եթե հասներ իր նպատակին ապա, իր փոքրիկ ատամների ուժն էլ բավական կլիներ մարդուն թույնով հաղթելու համար:
     Սակայն օձը ճուտ էր, ուրեմն հենց այդ պատճառով էլ շտապեց ու առաջինը նետվեց կռվի: Մարդը շատ հանգիստ, առանց աչքը թարթելու, աջ ոտքը ետ դնելով, պտտվեց տեղում: Նետի նման սլացող օձը անցավ կզակի տակով, սակայն կոկորդից բավարար հեռավորությամբ: Վերջին պահին, երբ դատարկության մեջ սլացող օձի պոչը հավասարվեց մարդու դեմքին, մի կայծակնային շարժումով, մարդը, իր ուժեղ աջ ձեռքով որսաց սլացող օձի պոչը:
     - Գեղեցիկ, սակայն սխալ ու հուսահատ թռիչք, - արդեն իր ձեռքում գալարվող օձին ասաց մարդը: Գլխիվայր կախված կենդանին փորձում էր գլուխը բարձրացնելով խայթել իրեն պահող ձեռքը, սակայն ուժերը անհավասար էին: Մարդը քմ***աղ տվեց, իսկ հետո արեց այն, ինչն իրենց սովորեցրել էին դեռ մանուկ հասակում: Նա վեր բարձրացրեց իր ձեռքը եւ ամուր բռնելով օձի պոչից, սկսեց նրան արագ պտտել, այնքան արագ, որ օձը դառավ մի ուղիղ գիծ: Հետո նա հենվեց իր ուժեղ ձախ ոտքին, առանց պտտելը դանդաղեցնելու, աջ ոտքով մեկ քայլ կատարեց
     եւ...
     Եվ պետք էր ընդամենը պտտվող օձի գլուխը թափով իջեցնել հենց այն
     բազալտե քարին, որի վրայից օձը նետվեց գրոհի: Սակայն ձեռքը սկսեց թուլանալ: Արյունը սկսեց սառել երակների մեջ, ու մարմինը սկսեց դողալ: Ուրեմն նորից սիրտը տագնապ բարձրացրեց: Ուրեմն էլի ինչ որ - բան սխալ է անում: Դպրոցը: Դպրոցի ուժը ոչ միայն տրված գիտելիքի մեջ էր: Դպրոցի ուժը, առաջին հերթին սրտի ձայնը լսել սովորեցնելու մեջ էր: Լսել եւ հնազանդվել սրտի բոլոր հրամաններին, առանց վիճարկելու իրավունքի: Պտույտները դանդաղեցին:
     Նա ձեռքը հանգիստ իջեցրեց ներքեւ, եւ իրենից հեռու պահելով օդում գալարվող օձին, շարունակեց քայլել առաջ:
     - Ժամանակը ամեն ինչ կբացատրի: Ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա, - բարձրաձայն մտածեց նա:
     Նապաստակը: Նապաստակը դուրս եկավ մեկ ուրիշ մեծ քարի ետեւից:
     Նապաստակը զարմանալիորեն նման էր օձին: Սեւ ու սպիտակ կլոր
     նախշերով: Բայց հայացքը մի տեսակ ատելություն էր պարունակում: Նապաստակը կարծես թե շատ ավելի մեծ էր նապաստակ լինելու համար: Հայացքն էլ գիշատիչ, մի տեսակ թարախոտ: Մարդը մի պահ խղճաց նապաստակին: Հետո, հանկարծ քարերի ետեւից դուրս եկան ուրիշ նապաստակներ: Բոլորն էլ նույն նախշերով, սակայն առաջինից ավելի փոքր ու թույլ: Հետո դառան հարյուրներ, հետո` հազարներ: Հետո
     ողջ կիրճը լցվեց սեւ ու սպիտակ նապաստակներով, բոլորն էլ ատելությամբ լցված թարախակալ հայացքներով: Սիրտը արագ թպրտաց, իսկ ուղեղն էլ նույնքան արագ բացատրեց: Ուրեմն, փաստորեն երկրի տերը դառել էին նապաստակները: Նապաստակները կերել էին երկիրը: Նապաստակները մոխրացրել էին երկիրը: Իսկ օձի ճուտը, վերջինը օձերից, դեռ կարողացել էր պահել վերջին սահմանը: Մարդը արագ շուռ գալով որոշեց հեռանալ: Նախ պետք էր օձին դնել իր տեղը հետո,
     վերադառնալ ու նապաստակների հախից գալ: Հետո իրենք կարող էին շարունակել իրենց ճանապարհը: Սակայն նապաստակի ցատկերի ձայնը ոչ թե հեռանում, այլ ավելի էր մոտենում:
     - Որքան որ սա օձ է, այնքան էլ այս մեկը նապաստակ է, - հասցրեց մտածել մարդը եւ արագացրեց իր քայլերը: Նապաստակը ընդամենը մի արհամարհական հայացք նետեց հեռացող մարդու վրա ու կենտրոնացավ օձի ուղղությամբ: Օձը սկսեց ավելի կատաղի գալարվել օդում: Մարդը մի պահ տարակուսեց: Իր մոտենալուց նապաստակը ոչ միայն չմոխրացավ, ոչ միայն չպատրաստվեց մարտի, այլ ուշադիր նայելով օձի ուղղությամբ սկսեց, փոքրիկ ցատկերով մոտենալ իրեն: Նապաստակի աչքերի վայրենի հայացքը գամված էր գալարվող օձի վրա: Տարածությունը սկսեց աղետալիորեն փոքրանալ: Նապաստակների բանակը դանդաղ հետեւեց իր առաջնորդին: Նապաստակը առանց մարդուն ուշադրություն դարձնելու, գրոհեց թիկունքից: Մի կատաղի ցատկ կատարեց: Օձի կյանքը փրկեց մարդու ձեռքի արագ շարժումը: Նապաստակի ատամները շրխկացին դատարկության մեջ: Սակայն հենվելով գետնին, նապաստակը ընթացքից նոր ցատկ կատարեց, օդում ողնաշարը ուղղելով օձի
     ուղղությամբ: Եվ նորից մարդը հասցրեց ձեռքը բարձրացնել այնքան, որ
     նապաստակի ցատկը անարդյունք անցավ: Նապաստակի ցատկերը արագացան: Մի պահ նապաստակը նմանվեց մի կատաղի շան, որը տեղում ցատկելով փորձում էր հասնել օդից կախված արյունոտ մսի կտորին: Մարդը էլ ավելի արագացրեց իր քայլերը:
     Նապաստակը արագ փոխեց իր մարտավարությունը: Այժմ թիրախ դարձան մարդու ոտքերը: Կատաղած շան նման նա սկսեց կծոտել մարդու ոտքերը: Օձն էլ իր հերթին կախված, դիրքից սկսեց իրեն նետել մարդու կոկորդի ուղղությամբ:
     - Սա իմ կռիվը չի: Սրանք հին հաշիվներ ունեն: Ես էլ կարծես թե խանգարումեմ օձին: Եթե սա միայնակ կարողացել է պահել սահմանը, ուրեմն...
     Նա օդում պտտեց օձին եւ նրան նետեց նապաստակից բավականին մեծ
     հեռավորության վրա: Ինքն էլ բարձրացավ ճամփեզրի վրայի քարերից մեկի վրա եւ նստելով սկսեց հետեւել կռվին: Օձը արագ ուղղվեց ընկած տեղում ու մարտական դիրք ընդունեց:
     Նապաստակը փոքրիկ ցատկերով մոտեցավ թշնամուն ու թռիչքի
     հեռավորության վրա կանգ առավ: Օձը սկսեց մեծանալ ու դառավ համարյա հասուն գյուրզայի չափերի: Օձը դառավ մի կծիկ, բարձրացրեց գլուխը եւ քարացած նշան բռնեց օդում, մի անորոշ կետի վրա:
     Նապաստակը, որը դառել էր համարյա փոքրիկ երեխայի չափ, հենվեց ետեւի ոտքերի վրա եւ նույնպես անշարժացավ: Թռիչքը հրաշալի էր: Երկուսն էլ փառահեղ ռազմիկներ էին: Երկուսն էլ ճիշտ էին հաշվարկել իրենց ուժերը, եւ օդում հանդիպեցին հենց նախատեսված կետում:
     Դրանից հետո այլես ոչինչ հնարավոր չէր տարբերել: Սեւ ու սպիտակ մի մահաբեր գունդ սկսեց թավալ տալ գետնին: Գունդը երբեմն պոկվում էր գետնից եւ օդում պտտվելուց հետո կրկին թափով զարնվում գետնին: Պարբերաբար, թշնամիները բաժանվում էին իրարից ու մարտական դիրք ընդունելով, նորից նետվում էին իրար վրա: Մարդը ոտքերը բարձրացրեց քարի վրա: Համենայնդեպս: Կամ էլ հոգնեց անընդհատ աջ ու ձախ թափահարելուց, երբ ստիպված էր լինում խույս տալ ներքեւում կռվողների երախներից: Օձը պարտվում էր: Դա արդեն զգացվում էր ամեն մի նոր բախումից: Պարտվում էր բայց չէր էլ մտածում նահանջի մասին: Ինքը վերջինն էր, ու իր կռիվն էլ վերջինն էր: Նապաստակը կռվում էր իր իշխանության համար: Այս նապաստակային նախիրի առաջնորդը լինելու համար: Իսկ օ՞ձը: Օձը կռվում էր, որովհետեւ Տիեզերքի Տիրակալը իր ցեղին այդտեղ պահապան էր նշանակել: Ու իրենց ցեղից ոչ ոք չէր լքել իր սահմանը: Ապրել էին մարտնչելով ու մեռել էին կռվի վերքերից: Սակայն նույնիսկ մեռնելիս պառկել էին մի սահմանային բարձր քարի վրա ու հետո հոգիները ավանդել: Իսկ նապաստակները երկար ժամանակ կարծել են, թե օրինապահը դեռ ողջ է: Իսկ նապաստակները նույնիսկ սրանց դիակներից են վախեցել: Սա էլ երեւի կգնա իր նախնիների հետքերով: Ուրեմն սա վերջինն է, եւ հենց այդ պատճառով էլ Պապը իրեն այստեղ է ուղարկել:
     Կռվի աղմուկը լռեց: Մոխրագույն փոշին կամաց կամաց - ցրվեց եւ երեւացին ծանր հեւացող ախոյանները: Երկուսն էլ իրենց նախնական դիրքերում, օձը մարդուց ձախ, իսկ նապաստակը, մարդուց` աջ: Երկուսն էլ հեւալով պատրաստվում էին վերջին ցատկին: Տարօրինակ մի բան: Օձի կաշին անհաշիվ տեղերից պատռվել էր, իսկ նապաստակի վրա ոչ մի քերծվացք անգամ չկար: Փոխարենը նապաստակների բանակում հարյուրավոր սատկած դիակներ կային: Փաստորեն օձի ամեն մի խայթոցից զոհվում էր շարքերում կանգնած նապաստակներից որեւէ մեկը, իսկ առաջնորդը շարունակում էր անվնաս կռվել:
     - Իժի ծնունդներ, - նապաստակների կողմը նետեց մարդն ու կարեկցանքով նայեց ուժասպառ լինող օձին: Նա մտքում պատկերացրեց այն դաժան սպանդը, որն ինքն անելու էր նապաստակների ցեղի գլխին: Սակայն օձը մի արտասովոր ձեւով ձգվեց, հենվեց պոչի ծայրին եւ ուղիղ սլաք դարձած, գլուխը պարզեց երկնքին: Մի աղիողորմ ճիչ դուրս թռավ սլաքի նման ձգված օձի բերանից: Մարդուն ծանոթ էր այդ աղոթքը: Դա հենց վերջին դասն էր, որից ինքը խուսափեց բլրի գագաթին: Դա մեռնող հերոսի վերջին աղոթքն էր, որով նա օգնության էր կանչում իր զոհված նախնիների Անմահ Հոգիներին: Մարդը մտովի նույն դիրքն ընդունեց ու մտովի նույն աղոթքը ճչաց` հանուն օձի: Ուրեմն իր համար ինքն այլեւս չէր կարող օգտվել այդ հնարավորությունից: Մի կուրացնող ճառագայթ պատռեց մոխրագույն երկինքը: Երկիրը դղրդաց: Աղոթքը լսել էին ու օգնությունը շտապում էր: Նապաստակները գլուխները բարձրացրեցին վեր ու ոռնացին փայլող արեւի վրա: Հանկարծ մի ճայթուն լսվեց ու օձը գլխից ճեղքվեց: Կաշին երկու կես եղած դանդաղ սահեց ներքեւ: Սկզբում երեւացին մանկան ոսկե գանգուրները, իսկ հետո լույսի պես ճերմակ մարմինը: Տղա էր, տաս - տասնհինգ տարեկան մի երեխա: Նա նստել էր ծնկների վրա հենվելով, կրունկներին, դեմքով դեպի նապաստակը: Գլուխը կախած, նա երկու ձեռքերով կարծես թե ուսերն էր մաքրում կաշվի մնացորդներից: Տղայի կիսադեմը տեսնելով` մարդը մի պահ պապանձվեց նստած տեղում: Կարծես իր կիսադեմը լիներ: Տղան դանդաղ գլուխը շրջեց մարդու կողմը եւ հայացքը բարձրացնելով նայեց ուղիղ նրա աչքերի մեջ: Տղայի աչքերը կապույտ էին, մազերը` ոսկեդեղին:
     - Սա քո որդին է, - կամաց շշնջաց սիրտը: Տղան կարծես լսեց մարդու սրտի ձայնը:
     Տղան ներքեւից մի ծանր հայացք նետեց հոր վրա ու զրնգուն ձայնով, ասաց:
     - Ես քեզ չասացի՞, ինձ հեռու պահիր այս նապաստակներից:
     Մարդը հայացքը գցեց նապաստակների առաջնորդի կողմը: Վերջինս
     աներեւակայելի մեծացել, համարյա տղայի չափ էր դարձել: Նա ամուր հենվեց ետեւի ոտքերի վրա ու ամբողջ մարմնով պրկվեց: Հետեւելու էր վերջին թռիչքը:
     Նապաստակը ետ քաշեց շրթունքները ու մարդը առաջին անգամ տեսավ նրա ժանիքները: Տարօրինակ, շատ տարօրինակ մի նապաստակ էր դա, որ կռվում էր մի արտասովոր, շատ արտասովոր օձի ճտի դեմ: Այլեւս հապաղելու ժամանակ չկար: Մարդը ձեռքերով հենվեց քարին ու փակեց աչքերը: Դպրոցը: Դպրոցի մարտական վարժությունները: Իր ամենասիրած ժամերը: Միայն աչքերդ փակ կարող ես հաշվել թշնամուդ քայլերը: Միայն նրանից կտրվելով կարող ես ստույգ ասել նրա մոտալուտ թռիչքի բարձրությունն ու արագությունը, նրա հարվածի թափը:
     Նապաստակը թռավ: Մարդը դա հասկացավ նապաստակի ոտքերի ու հողի շփման ձայնից: Նապաստակը թռավ տղայի ուղղությամբ: Նապաստակը գիտեր, որ մարդուն չի կարող հաղթել: Օձի ճուտն էլ, դեռ այն ժամանակ, քարի վրա պառկած, գիտեր, որ մարդուն չի կարող հաղթել: Բայց օձի ճուտը գրոհեց, իսկ նապաստա՞կը:
     Նապաստակները գրոհում են միայն նրանց վրա, ում կարող են հաղթել: Նրանք իրենցից ուժեղի վրա չեն գնում: Նրանք չգիտեն հերոսանալ:
     Մարդը թռավ աջ ոտքը առաջ պարզած, իսկ իր ուժեղ ձախ ոտքը ետ ծալած: Նա օդի մեջ, դանակի նման կտրեց նապաստակի ճանապարհը: Մարդն ու նապաստակը օդի մեջ կազմեցին մի ուղիղ անկյուն:
     Հաշվարկը Տիեզերական էր:
     Հետո, արդեն օդի մեջ, շեշտակի բացվեց ծալված ձախ ոտքը, եւ մարդու ուժեղ ձախ ոտքի, ուժեղ ձախ թաթն ու նապաստակի ժանիքները հանդիպեցին օդում:
     06.11.2005 . թ Երեւան: Վարդան Սեդրակյան:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5317 | 0 | 0
Facebook