Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երբեք չդադարես լինել այնպիսին, ինչպիսին որ կաս: Նույնիսկ այն ժամանակ, երբ դա անելը թվում է անհնար:

21:22, çarşamba, 13 şubat, 2013
Երբեք չդադարես լինել այնպիսին, ինչպիսին որ կաս: Նույնիսկ այն ժամանակ, երբ դա անելը թվում է անհնար:
    
     Գյուղից ոչ շատ հեռու, բլրի գագաթին, անքուն ժամապահների նման, հպարտ կանգնած էին երբեմնի չքնաղ վանքի ավերակ պատերը: Ե՞րբ էր կառուցվել այդ վանքը, ոչ ոք չէր կարող ստույգ ասել: Վաղուց արդեն ոչ ոք չէր լինում բլրի գագաթին: Դժվար է ասել, թե երբ էր այնտեղ վերջին անգամ մոմ վառվել: Ավերակ պատերը արդեն վաղուց չէին զգացել այրվող խնկի բույրը: Միայն գյուղի երեխաներն էին ամռանը այնտեղ ծաղիկ հավաքում: Երեւի նրանք էին ավերակ վանքի միակ բարեկամները, եւ մեկ էլ գյուղի հովիվը, որը երբեմն հոտը քշում էր վանքի բլրի մոտ, որին գյուղացիները անվանում էին Վանքի Թոփիկ:
     Քանդված վանքի ավերակներից ոչ շատ հեռու, մի տղա էր նստած: Նա կլիներ մոտավորապես քսան - քսանհինգ տարեկան: Նա մի մոմ էր վառել ավերակ վանքի ներսում, նստել էր խոտերի մեջ, մեջքը հենել խաչքարին եւ ննջում էր: Ամառային տաք ու արևոտ օր էր: Շուրջը` խաղաղ լռություն: Որոշ ժամանակ ննջելուց հետո, նա բացեց աչքերը եւ սկսեց զարմացած շուրջը նայել: Առաջին հայացքից կարելի էր կարծել, թե ինքն էլ է զարմացած իր գտնված վայրից: Բայց դա բոլորովին էլ այդպես չէր: Նա հրաշալի գիտակցում էր, թե ինքը որտեղ է գտնվում: Դեռավելին, նա գիտեր, թե ինչու՞ է ինքը միայնակ եկել այստեղ: Բայց դա իհարկե նրա գործն էր եւ նա ոչ մի ցանկություն չուներ որեւէ մեկին բացատրել, թե ինչու՞ վաղ առավոտյան, մի կողմ թողնելով իր բոլոր գործերը, վերցրեց մեքենան եւ քշեց եկավ քաղաքից այսքան հեռու գտնվող այս ավերակների մոտ: Ուղղակի այս պահին, նրան բոլորովին ուրիշ մի զգացում պատեց: Նրան թվաց, թե ինչ որ մեկն ուշադիր իրեն է նայում: Նա վեր կացավ տեղից, մի պտույտ գործեց վանքի ավերակների շուրջը, կիսաքանդ շեմից մտավ ներս, տեսավ, որ իր մոմը հանգիստ վառվում է եւ ոչ մի տարօրինակ բան չհայտնաբերելով, նորից նստեց իր առաջվա տեղում:
     - Կամաց - կամաց խելքս թռցնում եմ: Այստեղ ոչ ոք չկա, սակայն թվում է թե ինձ հետեւում են, - բարձրաձայն մտածեց նա:
     Հազիվ էր նա արտասանել վերջին բառերը, երբ ծանոթ մեղեդին սկսեց ծորալ քանդված վանքի պատերի մեջից: Նա հանգիստ փակեց աչքերը: Մի քանի րոպե, եւ նրան տանջող մտքերը, հիշողությունները, ցանկություններն ու երազանքները աստիճանաբար լքեցին նրան: Այդ ամբողջ մարդկայինը մնաց ինչ որ տեղ հեռվում: Նա անբացատրելի մի հարազատություն զգաց քանդված վանքի ավերակներից:
     Ի՞նչ մեղեդի էր դա, որտեղի՞ց էր այն գալիս, տղան իհարկե չգիտեր: Ճիշտն ասած, նա երբեք էլ չէր ցանկացել գտնել այդ հարցերի պատասխանները: Նա միայն գիտեր, որ այդ մեղեդին նրան ուղեկցել էր իր ողջ կյանքի ընթացքում: Նա գիտեր նաեւ, որ այն դուրս է հորդում այս քանդված վանքի ավերակների միջից, եւ գտնում է իրեն, անկախ այն բանից, թե ինքը որտեղ է գտնվում:
     Որոշ ժամանակ անց մեղեդին կտրվեց, եւ լսվեց զանգերի, գնալով ուժեղացող ղողանջը: Միշտ էլ այդպես էր լինում: Սկզբում մեղեդին, իսկ մեղեդու ավարտից հետո, մի թույլ քամի, չգիտես թե որտեղից, բերում էր զանգերի ղողանջը: Եվս մի քանի րոպե, եւ նորից լռություն տիրեց: Նա բացեց աչքերը եւ նայեց երկնքին: Քիչ առաջվա տագնապը չկար, եւ նա նորից իրեն հանգիստ զգաց: Հանկարած նա նկատեց, որ ոտքին մի գեղեցիկ թիթեռ է նստել: Տղան մի պահ ցանկացավ ձեռքով հարվածել ու սպանել թիթեռին, բայց ձեռքը օդում կախված մնաց:
     - Երեւի հոգնել է, մի քիչ կնստի ու էլի կթռնի, կգնա, - նորից բարձրաձայն
     մտածեց տղան:
     - Ինչու՞ ես մենակ նստել այստեղ:
     Տղան զարմացած շուրջը նայեց, սակայն մոտակայքում ոչ ոք չկար:
     - Մի փնտրիր ինձ այնտեղ, որտեղ ես չկամ: Ես քո ոտքի վրա եմ նստել:
     Նա ապշած նայեց թիթեռին: Թիթեռի ձայնը շատ զրնգուն էր ու հստակ:
     - Այդ դու՞ ես ինձ հետ խոսում, - հարցրեց նա թիթեռին:
     - Այո, ես: Ես հոգնել էի եւ նստեցի վանքի պատին: Հետո տեսա քեզ: Դու էլ ինձ նման մենակ էիր: Ես էլ եկա քեզ մոտ, որ միասին խաղանք, - բացատրեց թիթեռը:
     Տղան դեռ չէր կարողանում հավատալ, որ իր զրուցակիցը այդ գեղեցիկ
     արարածն է: Նա ոչինչ չկարողացավ պատասխանել:
     - Արի գնանք, միասին խաղանք: Ես քեզ շատ գեղեցիկ բաներ ցույց կտամ, - մանկան նման սկսեց համոզել թիթեռնիկը: Զարմանքը միանգամից անցավ: Նա ավելի հարմար հենվեց խաչքարին:
     - Ես երբեք չեմ խաղացել փոքրիկ թիթեռնիկների հետ: Ինձ մոտ լավ չի
     ստացվի: Ես չգիտեմ, թե ինչպե՞ս դա պետք է անեմ:
     - Ոչինչ պետք չէ անել: Ես կթռչեմ, իսկ դու կվազես իմ ետեւից: Հետո ես կիջնեմ քո ձեռքերին: Դու կկանգնես դեմքով դեպի արեւը, կբարձրացնես ձեռքերդ, եւ ես նորից կթռչեմ: Մեկ էլ կիջնեմ որեւէ ծաղկի վրա, եւ որ ծաղկի վրա ես կիջնեմ, հետո կքաղես այն, ու կպահես քեզ մոտ: Մի մերժիր: Այդ ամենը այնքան հեշտ է: Տղան ժպտաց ու ոտքի կանգնեց:
     - Լավ: Բայց եթե ինձ մոտ հաջող չստացվի, ապա ես մեղավոր չեմ: Չէ՞ որ ես քեզ զգուշացրեցի:
     Եվ նրանք սկսեցին խաղալ: Որոշ ժամանակ անց, նրանք հայտնվեցին տղայի նստած տեղում:
     - Բավական է, - ասաց թիթեռը:
     - Դու արդեն հոգնեցի՞ր: Ես էլի կարող եմ խաղալ քեզ հետ:
     - Շնորհակալ եմ: Դու բարի սիրտ ունես: Դու չես ցանկանում մերժել փոքրիկ թիթեռին: Բայց այս խաղը քո սրտով չէ: Ես ցանկանում էի, որ այս խաղը երկուսիս համար էլ հաճելի լիներ: Չէ՞ որ դու միայնակ ես:
     Տղան մի պահ խոժոռվեց:
     - Հիմա ես մենակ եմ, բայց ես միայնակ չեմ: Ես շատ...
     - Միայնակ ես: Եթե միայնակ չլինեիր, հիմա այստեղ չէիր լինի: Եվ մի վիճիր ինձ հետ:
     Նրանք երկուսն էլ մի պահ լռեցին:
     - Այս խաղը քո համար լուռ տանջանք էր, չնայած դու դա ցույց չտվեցիր:
     Համենայնդեպս աշխատեցիր ցույց չտալ:
     Բայց տղան չէր լսում նրան:
     - Ես միայնակ մարդ չեմ: Ուղղակի սիրում եմ մենակ մնալ, - փորձեց համառել տղան, չնայած հասկացավ, որ անհեթեթ բան ասաց: Նա փորձեց պարզել իր միտքը:
     - Ես հոգնել եմ կյանքից, մարդկանցից: Հոգնել եմ այս անվերջ ու անիմաստ վազքից: Իսկ այստեղ շատ լավ է: Այստեղ ինձնից ոչ ոք, ոչինչ չի պահանջում:
     - Իսկ այնտե՞ղ:
     - Այնտե՞ղ: Այնտեղ ամեն մեկը ցանկանում է ինձ տեսնել այնպիսին, ինչպիսին ինքը կցանկանար, որ ես լինեի: Ոչ ոք չի ընդունում ինձ այնպես, ինչպես որ ես կամ:
     Իսկ ես ցանկություն չունեմ ինձ հարմարեցնելու նրանց պահանջներին: Ասենք, եթե ցանկանամ էլ, երեւի չկարողանամ: Դու ինչ որ բան հասկացա՞ր:
     - Երեւի այո, երեւի ոչ: Բայց իմ կարծիքով ճիշտ չէ ամեն ինչում մարդկանց մեղադրելը: Չէ՞ որ նրանք քո մասին են մտածում:
     - Բոլորն էլ միայն իրենց մասին են մտածում:
     - Իսկ դու՞:
     - Ես ի՞նչ: Ես մարդկանցից չեմ պահանջում լինել այնպիսին, ինչպիսին ես
     կցանկանայի: Ես նրանց սիրում եմ այնպիսին, ինչպիսին որ նրանք կան: Եվ ատում եմ նրանց այնպիսին...
     - Ինչու՞ ինձ չսպանեցիր այն ժամանակ, երբ նստել էի քո ոտքին: Մի պահ դու ցանկացար:
     Տղան մռայլվեց: Նա արդեն հաշտվել էր այն մտքի հետ, որ գործ ունի մի
     արտասովոր արարածի հետ, այնպես որ այն փաստը, որ թիթեռը կարողանում էր իր մտքերը կարդալ, նրան չզարմացրեց: Ուղղակի թիթեռի վերջին հարցը նրան դուր չեկավ եւ նա հասկացավ, որ սպասվում է մի ծանր խոսակցություն:
     - Իմաստուն թիթե՛ռ, եթե այդ ամենը գիտես, ապա ինչու՞ չթռար իմ ոտքի վրայից, երբ ես ձեռքս արդեն բարձրացրել էի: Լավ - լավ, ոչինչ մի բացատրիր: Ես քեզ չսպանեցի, որովհետեւ դու մի փոքրիկ թիթեռնիկ ես, որը նույնպես ցանկանում է ապրել:
     - Իսկ եթե ինձ սպանելով դու կարողանայիր շատ բան փոխել: Օրինակ, եթե դու իմանայիր, որ ինձ սպանելուց հետո մարդիկ կդառնան ավելի բարի ու հոգով գեղեցիկ, ավելի համբերատար ու մեծահոգի: Դու իհարկե կսպանեի՞ր ինձ, - մի տեսակ տխուր տոնով հարցրեց թիթեռը:
     - Ինչպես կարող էի քեզ սպանել, եթե դու աշխարհի միակ խոսող թիթեռն ես:
     - Իսկ եթե ավելի լու՞րջ:
     - Անկասկած: Առանց մեկ վայրկյան իսկ վարանելու: Չէ՞ որ ես մինչեւ հիմա հենց այդպես էլ վարվել եմ: Մինչեւ հիմա միայն մեկին եմ խղճում: Մի կատաղի շուն էր, որը մտել էր իմ կողմից հսկվող տարածքից ներս, չնայած որ ինձ չէր սպառնում: Երեւի մոլորվել էր, եւ հասկանալով իր սխալը, փորձեց արագ հեռանալ: Ես կրակեցի նրա վրա, ու վիրավոր շունը, գետնին քարշ գալով հեռացավ: Ես ժամանակ ունեի եւ կարող էի նրան սատկացնել, բայց որոշեցի թողնել, որ նա հեռանա: Հետո չիմացա էլ, թե ի՞նչ եղավ վիրավոր շան հետ: Հիմա հասկանում եմ, որ պետք է վերջ տայի նրա տանջանքներին: Երեւի այդպես ավելի ճիշտ կլիներ: Դրանից հետո, ինձ մոտ, այլեւս ոչ մի կեղծ խղճահարության դեպք չի գրանցվել: Եվ իմ պարտականությունները կատարել եմ մինչեւ վերջ: Համենայնդեպս փորձել եմ անել առավելագույնը: Այնպես որ, քո պարագայում, նույնիսկ աչքս էլ չէի թարթի, - ասաց ու հասկացավ, որ չափն անցավ: Երեւի պետք չէր այդպես խոսել փոքրիկ թիթեռի հետ: Սակայն, ի զարմանս տղայի, նրա արտասանած վերջին բառերից հետո, թիթեռը սկսեց գեղեցիկ պտույտներ գործել օդում:
     - Ես ուրախ եմ: Ես շատ շատ - ուրախ եմ: Դու ասացիր այն, ինչ որ մտածում էիր: Ուրեմն ես չեմ սխալվել, - երգելու նման ասաց թիթեռը:
     - Ի՞նչ նկատի ունես, - հետաքրքրվեց տղան:
     - Հետո ամեն ինչ կբացատրեմ: Մի փոքր համբերություն: Երբ որ արեւը մայր կմտնի, դու ամեն ինչ կհասկանաս: Իսկ հիմա ես համարյա երջանիկ եմ: Մի խանգարիր ինձ, քո անմիտ հարցերով: Ես կասեի, որ ես երեւի աշխարհի ամենաերջանիկ թիթեռն եմ:
     Թիթեռը ավելի վեր բարձրացավ ու սկսեց խելագար պտույտներ գործել:
     Տղային մի պահ թվաց, թե թիթեռը խելքը թռցրել է: Բայց այս ամենը շատ կարճ տեւեց:
     - Ես գիտեմ, որ թիթեռները շատ կարճ կյանքով են ապրում: Ինչու՞ ես ինձ հետ կորցնում քո փոքրիկ ժամանակի թանկագին ակնթարթները: Գնա՛, միացի՛ր քո ընկերներին: Ամեն մի կենդանի արարած պետք է իր նմանների հետ ապրի, - համոզելու նման ասաց տղան, չնայած որ ինքն էլ չէր ցանկանա, որ թիթեռը հեռանա:
     - Դու չհասկացար ամենից կարեւորը: Բայց հուսով եմ, որ հետո ամեն ինչ քեզ համար պարզ կլինի: Եվ ամեն ինչ քո աչքերում կունենա նոր տեսք ու նոր հմայք:
     - Ես ոչինչ չեմ հասկանում: Ի միջի այլոց, դու ասացիր, որ երջանիկ թիթեռ ես:
     Իսկ ի՞նչ բան է երջանկությունը, իմաստուն թիթեռ, - առանց հեգնանքի հարցրեց տղան:
     - Տե՛ս, արեւը մայր է մտնում: Ինձ շատ քիչ ժամանակ է մնում: Ինձ արդեն կանչում են:
     Դու շատ լավ սկսեցիր: Քո կյանքի առաջին օրվանից ես քո կողքին եմ եղել: Ե՛վ վանքի մեղեդին, եւ՛ զանգերի ղողանջը, միշտ ուղեկցել են քեզ: Բայց հիմա դու այն չես: Դու մի պահ սկսեցիր տատանվել, ու հավատը թուլացավ: Եվ այդ պատճառով ես եկա քեզ այցելության: Էլի մի քիչ, եւ շատ հնարավոր է, որ դու կդառնայիր այնպիսին, ինչպիսին քեզ ցանկանում են տեսնել մարդիկ: Ես շուտով կհեռանամ, իսկ դու միշտ հիշի՛ր, երբեք չդադարես լինել այնպիսին, ինչպիսին որ կաս: Նույնիսկ այն ժամանակ, երբ դա անելը թվում է անհնար: Երբ ապրելը այլեւս դառնում է տառապանք: Իմացի՛ր, որ միշտ էլ կա մի ճանապարհ, որը երեւի չես նկատել, եւ միշտ էլ կա մի թիթեռ, որ քեզ համար պտույտներ կգործի հզոր արեւի ճաճանչների մեջ:
     Տղան թիթեռնիկին դրեց մի բարձր քարի վրա, որտեղ դեռ հասնում էին արեւի վերջին ճառագայթները:
     - Ես շատ ուրախացա, երբ հասկացա, որ դու չես դավաճանել քեզ, իսկ դա նշանակում է, որ չես դավաճանել նաեւ ինձ: Ահա թե ի՞նչ է երջանկությունը, մահացող թիթեռի համար: Ես պատասխանատու եմ քեզ համար, եւ ես հպարտ եմ, որ չեմ սխալվել քո հարցում:
     Թիթեռը խորը շունչ քաշեց: Զգացվում էր, որ ուժերը լքում են նրան, որ խոսելը ավելի ու ավելի է դժվարանում:
     - Ամեն մարդ ունի իր թիթեռնիկը: Շատերը դրան չեն հավատում: Շատերը չեն էլ մտածում այդ մասին: Ոմանց դա ուղղակի պետք չէ: Բայց բոլորն էլ վաղ թե ուշ հասկանում են, որ ...
     - Խոսելը քո համար ուժերի ավելորդ ծախս է: Ես քեզ հասկանում եմ: Դու
     հանգստացիր: Շուտով արեւը մայր կմտնի: Քեզ հաշված րոպեներ են մնացել:
     - Հենց այդ պատճառով էլ ես պետք է ասեմ ամենակարեւորը: Ես տեսա այս գեղեցիկ արեւը, այս ջինջ երկինքը, այս ծաղկած դաշտերը, այս ավերված վանքը, տեսա քեզ, խաղացինք իրար հետ, զգացի իմ նմանների սերը, սիրեցի նրանց: Սա՛ է, հենց սա՛ է փոքրիկ թիթեռի երջանկությունը: Ես երջանիկ եմ:
     Տղան փորձեց հակաճառել, բայց հասկացավ, որ վիճելու ժամանակ չկա:
     - Իսկ երբ արեւը այլեւս չի շողա այսօրվա նման, երբ երկինքը այսպես ջինջ չի լինի, երբ կմնաս մենակ ու միայնակ, երբ հոգուդ խորքում կլինի աշնան տխուր անձրեւ, կամ ձմեռվա գիշերային բուք, այն ժամանակ դու կհիշես այս արեւը, այս երկինքը, այս վանքը, այս գեղեցիկ մեղեդին ու զանգերի ղողանջը: Այդ ծանր պահերին երեւի կհիշես նաեւ մեր խաղը, եւ արեւի ճաճանչների մեջ կտեսնես օդում պտույտներ գործող թիթեռին:
     Արեւը մայր մտավ: Թիթեռը հավաքեց իր ամենավերջին ուժերը:
     - Տար ինձ քեզ հետ եւ միշտ պահիր քեզ մոտ, - հազիվ լսելի ձայնով ասաց
     հանգչող թիթեռնիկը:
     Ամեն ինչ վերջացավ: Ամեն ինչ վերջացավ խաղաղ ու հանգիստ: Ուղղակի
     բարձր քարի վրա մնաց մի փոքրիկ ու անշարժ թիթեռնիկ: Տղան վերցրեց նրան ու գնաց իր մոմի մոտ: Մոմը վառվել էր մինչեւ վերջ: Նա փոքրիկ թիթեռնիկին իր հետ տարավ տուն: Գիշերը, քնելուց առաջ, նա նորից լսեց ծանոթ մեղեդին: Տղան մոտեցավ պատուհանին ու ետ քաշեց վարագույրը: Շուրջը մութ էր ու խավար: Չկային քաղաքային լույսերը: Չկար տանջված ու տառապած քաղաքը: Կար խավարի անծայրածիր անապատում գտնվող մի փոքրիկ սենյակ, եւ սենյակում` մի խելառ տղա: Կար նաեւ մի մեղեդի, որ հեռվից վստահ ու հանգիստ գալիս ու հասնում
     էր տղային: Եվ հանկարծ, խավարի մեջ մի աղոտ լույս երեւաց: Այն սկսեց կամաց – կամաց մեծանալ ու պայծառանալ: Դա մի մեծ վառվող մոմ էր, գեղեցիկ, ոսկյա մոմակալի վրա դրված: Աստիճանաբար մոմակալն ու մոմը մեծացան, եւ տղան խավարի անապատում տեսավ լուսավոր ու գեղեցիկ մի կանգուն վանք: Լույսը եւ մեղեդին ծորում էին այդ երկնային տաճարից: Տղան նկատեց, որ սեղանին դրված փոքրիկ թիթեռնիկի մարմինը նույնպես սկսեց լույս արձակել: Հիմա արդեն ամեն ինչ տղայի
     համար պարզ էր: Մեղեդին ավարտվեց եւ շուրջը սփռվեց զանգերի պարզ ու հստակ ղողանջը: Տղան նորից պատուհանից դուրս նայեց: Տաճարը համարյա կուրացուցիչ լույս էր արձակում: Տաճարը, խավարի անապատում եւ մթության ծովի մեջ Լույս էր ճաճանչում:
     - Եվ արեւի ճաճանչների մեջ կտեսնես օդում պտույտներ գործող թիթեռնիկին, - շատ ցածր ձայնով, ինքն իրեն ասաց տղան եւ մոտեցավ անկողնուն:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
4814 | 0 | 0
Facebook