- Skype-ում կենդանի խոսքը այժմ կուղեկցվի համաժամանակյա թարգմանությամբ
Skype ընկերությունը գործարկել է ձայնային զանգերի համաժամանակյա թարգմանության ծառայություն:
BBC-ն հայտնում է, որ Translator ծառայությունը թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմում խոսակցության ընթացքում թարգմանել կենդանի խոսքը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` ծառայությունը մատչելի է լինելու 6 լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, չինարեն, իսպաներեն: Առաջիկայում նախատեսվում է մինչև 50 լեզուներով թարգմանություն ապահովել:
Առաջիկա մի քանի շաբաթներին նոր ֆունկցիան կհայտնվի Windows-ով պլատֆորմներում:
2. Շվեդիայում ստեղծվել են լազերային ածելիներ:
Պատկերացրեք, որ սափրվելուց առաջացող կտրվածքները կարող են մեկընդմիշտ անցյալ դառնալ:
Նման հեռանկար է «ավետում» The Independent-ը` հայտնելով նոր տիպի` լազերային ածելիների մասին: Արտաքինից սովորական ածելի հիշեցնող սափրիչ սարքը գործածելի է լինելու առանց փրփուրի կամ օճառի օգտագործման:
Շվեդական մի ընկերության այս նորույթը պետք է սպասել 2016-ի մարտին: Հայտնի է նաև արժեքը` 125 բրիտանական ֆունտ` 190 ԱՄՆ դոլար
3 . Apple-ը «խելացի» մատանի է արտոնագրել:
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը դիմել է ԱՄՆ-ի արտոնագրային բյուրո` Apple Ring «խելացի» մատանու տեխնոլոգիան արտոնագրելու նպատակով։
Ինչպես նշում է ria.ru-ն, արդեն գրանցված արտոնագրում ասվում է, որ «օգտատիրոջ մատը զարդարող սարքը համալրված է լինելու էկրանով ու բարձրախոսով» ։
Հայտնի է, որ մի շարք զգայակների միջոցով համալրված սարքը գործելու է սմարթֆոնի հետ փոխկապակցված։
Apple-ի ներկայացուցիչների խոսքերով՝ «խելացի» մատանին արդյունավետ կլինի այն դեպքում, երբ օգտատիրոջ ձեռքերը հոգնած են կամ ավելի մեծ գաջեթի օգտագործումն անհարմար է։
4 . Այլևս ոչ մի արդուկ. բրիտանացիները հագուստը չորացնող հեղափոխական սարք են ստեղծել:
Աշնանային խոնավ եղանակը սարերի հետևում չէ, ուստի՝ շուտով տնային տնտեսուհիները կրկին բախվելու են թաց հագուստը փռելու ու այն չորացնելու խնդրին։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, բրիտանացի մասնագետները հատուկ նման իրավիճակի համար ստեղծել են հեղափոխական չորացուցիչ, որը ոչ միայն տան պայմաններում կատարյալ չորացնում է հագուստը, այլև «արդուկում» այն։
DriBuddi կոչվող նորարարական սարքն աշխատում է այնպիսի «խելացի» տեխնոլոգիայով, որը հագուստը չորացնելու ժամանակ վերացնում է նաև դրա ճմռթվածությունը։ Արդյունքում՝ տնային տնտեսուհիները հավաքում են միանգամից «արդուկված» լվացք։
Աղբյուրը մանրամասնում է, որ չորացուցիչն իր մեջ միանգամից տեղավորում է 18 կտոր հագուստ, որոնք անթերի չորացվում ու «արդուկվում» են 2 ժամում։