Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վահան Թեքեյան...

14:31, perşembe, 31 оcak, 2013
Վահան Թեքեյան...

Թեքեյան Վահան Միհրանի (1878–1948), հայ ժողովրդական բանաստեղծ։ Հայ բանաստեղծության հարուստ աշխարհում իրենց ուրույն ու չքնաղ երանգներն ունեն Վ. Թեքեյանի ստեղծագործություները։ Նա Եղեռնից պատահաբար փրկված հայ այն լավագույն ստեղծագործողն է, որը բարձր պահեց ապագայի հավատը և իր ստեղծագործություններում արծարծեց կենսուրախության ու հերոսության գաղափարները։
     Ծնվել է 1878 թ հունվարի 21-ին Կ.Պոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, եղել Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարանների սանը։ 1896թ որպես առևտրական պաշտոնյա մեկնում է Եվրոպա, ապա հաստատվում է Եգիպտոսում։ Այստեղից անընդհատ աշխատակցում է արևմտահայ պարբերականներին, իսկ 1905 թվականից ժամանակի հայ գրողներին համախմբում իր հիմնադրած «Շիրակ» պարբերականի շուրջը։
     Համիդյան բռնակալության անկումից հետո Թեքեյանը «Շիրակը» տեղափոխում է Կ.Պոլիս, հաստատվում այստեղ, մասնակցում ազգային-հասարակական կյանքին։ 1914 թվականին Թեքեյանը կրկին Եգիպտոսում էր, մի բարեբախտության, որը նրան հնարավորություն տվեց փրկվելու արյունահեղ կոտորածից։ Սակայն գրական-մանկավարժական կյանքը, ծննդավայրում անցկացնելու ձգտումը դարձյալ հանգիստ չի տալիս նրան, և վերադառնալով Պոլիս, սկսում է խմբագրել «Ժողովրդի ձայն» օրաթերթը, ապա վարում Կենտրոնական վարժարանի տնօրենի պաշտոնը։ Քաղաքական կյանքն, այնուամենայնիվ, ստիպում է գրողին կրկին ապաստան գտնել Եգիպտոսում, ուր մինչև իր կյանքի վերջը խմբագրում է «Արև» օրաթերթը։
     Վախճանվել է Կահիրեում 1948 թ ապրիլի 4–ին։ Թեքեյանի աճյունը հանգչում է Կահիրեի հայկական գերեզմանատանը։
    

Ստեղծագործական աշխատանք
     1901 թ Փարիզում հրատակվում է Թեքեյանի բանաստեղծությունների առաջին հավաքածու «Հոգերը»։ Հրատակվում է «Հրաշալի հարություն» (1914), «Կես գիշերեն մինչև աշալույս» (1920), «Սեր» (1933), «Հայկական երգեր» (1943) և այլ բանաստեղծությունների հավաքածուները։
     Թեքեյանի լիրիկական պոեզիան սիմվոլիզմի և ռոմանտիզմի յուրoրինակ համատեղություն է։
     Թեքեյանը ոչ միայն չքնաղ բանաստեղծությունների ու սոնետների հեղինակ է, այլև գրել է պատմվածքներ` գաղութահայ կյանքի ու ազգային-ազատագրական շարժումների մասին։ Նա նաև ճանապարհորդական նոթերի, բազմաթեմա հոդվածների ու գրական արժեքավոր նամակների հեղինակ է։ Նրա գրչի տակից դուրս եկած յուրաքանչյուր գործում միախառնված են բանաստեղծական երևակայությունն ու փիլիսոփայող միտքը։ Դրանց միջոցով էլ գրողը փորձել է ըմբռնել կյանքի գաղտնիքներն ու վեր հանել մարդկային հասարակութան մեջ տեղ գտած անարդարութունները։
     Թեքեյանի երկերում քիչ չեն նաև հայ ժողովրդի պատմությունից և ավանդություներից քաղված զրույցների մշակումները։
     Հայ ընթերցողները Վ. Թեքեյանի թարգմանությունների շնորհիվ ծանոթացել են նաև արտասահմանյան, հատկապես ֆրանսիական գրողներից շատերի` Շեքսպիրի, Վիկտոր Հյուգոյի, Շառլ Բոդլերի, Օսկար Ուայլդի և ուրիշների արժեքավոր գործերին։
     Թեքեյանի գրական ու հասարակական գործունեության արժանիքների արդարացի գնահատականը սփյուռքի ամենամեծ մշակութային միությունը նրա անունով կոչելն էր։ Միությունը հիմնադրվել է 1947թ Բեյրութում։ Աշխարհի բազմաթիվ երկրներում ունեցած իր մասնաճյուղերով այն օգնում է սփյուռքահայության մեջ տարածելու հայրենի մշակույթը։
     Ստեղծագործությունները
     1901 - «Հոգեր» (Փարիզ)
     1914 - «Հրաշալի հարություն» (Կ.Պոլիս)
     1918 - «Կեսգիշերեն մինչև արշալույս» (Փարիզ)
     1933 - «Սեր» (Փարիզ)
     1943 - «Հայերգություն» (Կահիրե)
     1944 - «Տաղարան» (Կահիրե)
     1945 - «Ամբողջական երկեր» (Կահիրե`15 հատորով)
     1958 - «Երկեր» (Խորհրդային Հայաստան)
     1970 - «Հատընտիր» (Խորհրդ. Հայաստան)
     1978 - «Իրիկվան խորհուրդներ» (Խորհրդ. Հայաստան)
     Մեջբերումներ Վահան Թեքեյանի մասին
     … Նա դարձավ սփյուռքի հայության ամենաճանաչված բանաստեղծը, նրա դառն օրերի ողբասացը, նրա ծանր ապրումների և հույսերի երգիչը և մահացավ իբրև ազնիվ հայրենասեր` հոգով ու սրտով իրեն կապված զգալով մայր հայրենիքին։
     Վաղարշակ Նորենց
     Թեքեյանի լավագույն բանաստեղծությունները կարդալիս ինձ միշտ թվացել է, թե կանգնել եմ մեր ճարտարապետական որևէ նշանավոր կոթողի դեմ` նույն խորհրդավոր խոհունությունը, ձևերի նույն ներդաշնակությունը, նույն անզարդ ու զուսպ վեհությունը։
     Վահագն Դավթյան

Հրատարակված գրքեր
     Թեքեյան Վ. Երկեր.- Եր.: Հայպետհրատ, 1958, 497 էջ։
     Թեքեյան Վ. Իրիկվան խորհուրդներ.- Խորհրդ. գրող, 1978, 214 էջ։
     Թեքեյան Վ. Հատընտիր.- Եր. Հայաստան, 1970, 179 էջ։
     Գրականություն Վահան Թեքեյանի մասին
     Թեքեյան Վահան ՀՍՀ գրքում.- Եր., 1978, հտ.4.- էջ 181-182։
     Հյուսյան Մ. Մեծ եղեռնի զոհ գրողները.Հյուսյան Մ. Էջեր արևմտահայ գրականության պատմությունից գրքում.- Եր.։ Համալս. հրատ, 1977, էջ 148-182։
     Նորենց Վ. Վահան Թեքեյան.- Նորենց Վ. Հուշեր և արձագանքներ գրքում.- Եր.։ Հայաստան, 1968.- էջ 363-386։
     Նորենց Վ., Տարոնցի Ս. Վահան Թեքեյան.Առաջաբան Թեքեյան Վ. Երկեր գրքում.- Եր., Հայպետհրատ, 1958.- էջ 3-9։
     Դավթյան Վ. Խոսք Թեքեյանի մասին.- Առաջաբան Թեքեյան վ. Իրիկվան խորհուրդներ գրքում.- Եր.; Խորհրդ. գրող, 1978, էջ 3-11։
     Զաքարյան Ա. Վահան Թեքեյան և Եղիշե Չարենց.Զաքարյան Ա. Ավանդների ուժը գրքում.- Եր.; Խորհրդ. գրող, 1981, էջ 140-145։

ԱՌԱՋԻՆ ԱՅՐԵՐ - Վահան Թեքեյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
8190 | 0 | 0
Facebook