Լինում է այնպես, որ ուրախությունն ու տխրությունն իրար են բարևում մի սրտի մեջ ու, չգիտես ինչու, տխրության ձեռքն ավելի ուժեղ է լինում:
Լինում է նաև, որ ճիշտ ու սխալ գրկախառնվում են կյանքիդ մեջտեղում ու սխալի գիրկն ավելի մեծ է ու գայթակղիչ:
Չի լինում թերևս, որ սիրտ ու միտքդ ձեռք-ձեռքի տված քայլեն կածանով ու տանեն մի ջերմ, գողտրիկ մի անկյուն, ուր հեռու կլինես հանրակացարան հիշեցնող մարդկային կուտակումներից, ուր չես տեսնի սուր ատամների հետևում թաքնված ջերմ ժպիտներ, ուր չեն լինի ժպտացող աչքեր, որոնց փակվելուց կոպերից վար է թափվում թշնամանք:
Լինում է հաճախ, որ դիմացինիդ մեջ սիրում ես այն, ինչից նա զուրկ է և հիասթափվում՝ տեսնելով նրա դատարկությունը:
Լինում է նաև, որ ատելի է դառնում թե խոսքը, թե դեմքը մեկի, ումից դու զուրկ ես, բայց նաև դատարկ:
Չի լինում կյանքում, որ բարությունը, ճիշտն ու ազնիվը լինեն տրորված, ուղղակի կյանքում քիչ Մարդ է լինում...
Իսկ արդարացու՞մ... հանուն ինչի՞, ու՞մ... որ քեզ խաղա՞ղ զգաս, թե՞ ինքնախաբված: Արդար մարդ կյանքում շատ քիչ է լինում:
Լինում է այնպես, որ խորհուրդ հարցնում, խորհուրդ ես լսում, բայց միևնույն է, դու քոնն ես անում: Լինում է անգամ, որ խորհուրդ տալիս ու նախատում են այնպիսինները, որ նախատինքից գլուխ չեն կախում: Իսկ դու՞... դու հարցնում ես ու միշտ սպասում, որ ամեն խորհուրդ կլինի քայլիդ ու խոսքերիդ համար հերթական մի կեղծ արդարացում:
Չի լինում երբեք, որ արարքիդ ու խոսքիդ տվետուր չլինի կյանքում հատուցում ու փոխադարձում: Չի լինում նաև այնքան փորձություն, որ ինքդ կարող չլինես դուրս գալ ու տոնել փոքրիկմի հաղթություն:
Լինում է նաև, որ քեզ պատեպատ ու դադար չես տալիս, որ ասելիքդ գոնե տեղ հասնի, որ անելիքդ ճիշտ գնահատվի, որ խիղճդ լռի, որ սիրտդ կանգնի, որ քնես հանգիստ ու էլ չարթնանաս, բայց... չի լինում երբեք, որ չվախենանք այլևս չլինելուց...
Կյանքում միշտ լինում է ու չի լինում՝ մեր կամքից անկախ, մեզանից կախված, մեզ հետ, առանց մեզ, հանուն մեզ ու մեր դեմ... լինում է սակայն, որ ոչինչ էլ այլևս չի լինում ...
Մնում են միայն գունաթափված մի երազ ու մի քանի հետևություն...
Մի դեղնած աշուն ու գարնան սպասում