Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Մկրտություն

Qahana.am
Basın sekreteri:
Qahana.am
20:31, çarşamba, 26 haziran, 2013
Մկրտություն
    

    
Ի՞նչ խորհուրդ է իր մեջ պարունակում, ի՞նչ սկզբունքով պետք է ընտրել կնքահորը, կա՞ տարբերություն չափահասի կամ մանկան մկրտության մեջ...Մկրտության հետ կապված ձեր բոլոր, կամ գրեթե բոլոր հարցերի պատասխանները կարող եք գտնել այս նյութում: Իսկ եթե կլինեն անպատասխան հարցեր, ապա կարող եք դրանք ուղարկել մեր կայքին:

«Գնացե՛ք այսուհետև, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտե՛ք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28: 19):
     Մենք՝ հայերս, անսալով աստվածային այս պատգամին, մկրտվեցինք Սուրբ Առաքյալների ձեռքով ու վերստին ծնունդ առած՝ ընդունեցինք Սուրբ Հոգու դրոշմը: Քրիստոնեացանք և որդեգրվելով Աստծուն՝ կապվեցինք Նրա հետ հավիտենական մի ուխտով, որի հավատքի կնիքը դարձավ Ավարայրի ճակատամարտը: Այն օրերից ի վեր հայությունը և քրիստոնեությունը նույնացան, և այլևս ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ գալիք բաները կարող չեղան մեզ բաժանել Աստծո սիրուց, որը մեր Տեր Հիսուս Քրիստոսով է, Նրա սքանչելի փրկագործության շնորհիվ, որով իրականանում է մեր սրտի խորունկ երազանքը` հաղորդակից լինել հավիտենական սիրույն, մխիթարությանը, ուրախությանն ու հանգստյան, որ երկնքի արքայությունն է:
     Ուստի աղոթելով առ Աստված՝ ներկայացնում ենք հետևյալ գրությունը՝ հուսալով, որ այն օգտակար կլինի մկրտվողների հոգևոր պատրաստությանը և կնպաստի եկեղեցու խորհրդական կյանքին նրանց հետագա մասնակցությանն ու հաղորդությանն Աստծու և մեր հայրերի երանավետ ժառանգությանը: «Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցանելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից, ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ, նոր սիրտ եմ տալու ձեզ և նոր հոգի եմ դնելու ձեր մեջ, ձեր մարմիններից հանելու եմ քարեղեն սիրտն ու մարմնեղեն սիրտ եմ տալու ձեզ, Իմ Հոգին եմ տալու ձեզ: Եվ այնպես եմ անելու, որ իմ արդարության ճանապարհով ընթանաք, օրենքներս պահեք ու կատարեք դրանք ու բնակվեք այն երկրում, որ տվել էի ձեր հայրերին, ինձ համար ժողովուրդ լինեք, և Ես ձեզ համար Աստված» (Եզեկիելի մարգարեություն գլ. 36: 25-28):

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՐՈՇՄ
     Մկրտությունը և Դրոշմը Հիսուսի փրկագործությամբ հաստատված աստվածային խորհուրդներ են և առանձին մասերն են մի ընդհանուր ծեսի (կրոնական արարողության), որ ժողովրդական լեզվով «Կնունք» ենք անվանում: Հայ Առաքելական Եկեղեցին Մկրտության և Դրոշմի խորհուրդները կատարում է համաձայն իր կանոնների, որոնք գրվել են Եկեղեցու սուրբ հայրերի կողմից և Սուրբ Գրային հիմքեր ունեն:

Մկրտության խորհրդի կատարումը
     «Մկրտվել» նշանակում է լվացվել, մաքրվել: Մկրտության խորհրդի ժամանակ ջրի մեջ ընկղմումը կամ նրանով լվացումը խորհրդանշում է մկրտվողի մաքրվելն իր մեղքերից: Մկրտության խորհրդի նախօրինակ է Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում Ս. Հովհաննես Մկրտչի կողմից: Ինչպես բոլոր խորհուրդները, այդպես էլ մկրտությունը կատարողը Սուրբ Հոգին է հոգևորականի միջնորդությամբ: Այսպիսով՝ ըստ առաքելավանդ ուսմունքի, մկրտությունը կատարվում է ջրով և Սուրբ Հոգով (Տե՛ս Հովհ. 3: 5), որի տեսանելի ներկայությունն ապահովվում է մկրտության ջրի մեջ հեղվող Ս. Մեռոնով: Հայոց Եկեղեցում Մկրտության խորհուրդը կատարվում է Սուրբ Երրորդության անունով՝ ըստ Քրիստոսի հրամանի (Մատթ. 28: 19), և քահանայական կարգ ունեցող հոգևորականի միջոցով, որպես Քրիստոսի առաքյալների իրավահաջորդի, որոնց էլ Քրիստոսը հրամայեց մկրտել: Հարկ է, որ չափահաս մկրտվողը այս խորհրդին մոտենա ինքնաքննությամբ և ապաշխարությամբ, քանի որ պատրաստվում է հոգևոր ծնունդ առնել որպես Քրիստոսով նոր մարդ: Այս պատճառով Մկրտության խորհրդի արարողության սկզբում քահանան մկրտվողին հրաժարեցնում է սատանայից, և նրա բոլոր խաբեություններից, այսինքն` մեղքից, որից լվացվելու է մկրտության սուրբ ավազանի մեջ: Այնուհետև, լսելով նրա հավատքի ուղղափառ հայտարարությունը և մկրտվելու ցանկության հավաստիացումը, եթե մկրտվողը մանուկ է, նրան եկեղեցու վիմակերտ սուրբ ավազանի ջրի մեջ երեք անգամ ընկղմում է, իսկ եթե չափահաս է, երեք անգամ ջուր է վրան հեղում՝ արտասանելով Հայոց Եկեղեցու մկրտության բանաձևը.
     «Աստծո ծառան երախայությունից եկել է մկրտության: Մկրտվում է Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Քրիստոսի արյամբ գնված լինելով մեղքի ծառայությունից, ընդունում է երկնավոր Հոր որդեգրությունը, դառնում Քրիստոսի ժառանգակից և Սուրբ Հոգու տաճար»:
     Սա է Մկրտության արարողության հակիրճ նկարագրությունը: Այս արարողությունից հետո երախան համարվում է մկրտված և աղոթքով, շարականով ու Ավետարանի ընթերցանությամբ ավարտվում է Մկրտության սուրբ խորհուրդը:

Մկրտության խորհրդի նշանակությունը
     Մկրտությունը ջրից ու Հոգուց վերստին ծնունդ առնելու սուրբ խորհուրդն է, որով մարդը՝
     1. սրբվում է Ադամից ժառանգած (ադամական) և նաև մինչև մկրտությունը գործած մեղքերից,
     2. վերստին ծնվում է և ընդունում է երկնավոր Հոր որդեգրությունը,
     3. դառնում է Քրիստոսին ժառանգակից,
     4. դառնում է Սուրբ Հոգու տաճար,
     5. դառնում է քրիստոնյա:
     Նաև նշենք, որ՝ ըստ Եկեղեցու ընկալման, մկրտության ջրի մեջ մտնելը խորհրդանշում է Քրիստոսի հետ մեռնելը, ընկղմվելը, թաղվելը, և ջրից ելնելը, Նրա հետ հարություն առած նոր կյանք սկսելը: Այս բանը փաստում է Պողոս առաքյալը, ասելով. «Մենք բոլորս, որ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով, Նրա մահով է, որ մկրտվեցինք: Մկրտությամբ թաղվեցինք Նրա հետ մահվան մեջ, որպեսզի, ինչպես որ Քրիստոսը մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով» (Հռոմ. 6: 3-4):

Դրոշմի խորհրդի կատարումը
     Հայոց Եկեղեցում Դրոշմի խորհուրդը կատարվում է անմիջապես մկրտությունից հետո քահանայական կարգ ունեցող հոգևորականի միջոցով, ով Քրիստոսի անունով, սրբալույս Մեռոնով օծելով, դրոշմում (կնքում) է մկրտվածի մարմնի տասներեք մասերը՝
     1. ճակատը, որպես երկնային անապական պարգևների կնիք,
     2. աչքերը՝ հոգևոր Լույսով լուսավորվելու և հավիտենական կյանք ստանալու համար,
     3. ականջները՝ Աստծո պատվիրանները և դեպի երկնքի արքայություն երանավետ կանչի ձայնը լսելու համար,
     4. հոտոտելիքը՝ այս կյանքում հանդերձյալ հավիտենական կյանքի անուշաբույրն առնելու համար,
     5. բերանը՝ շուրթերի վրա ամուր դուռ ունենալու համար,
     6. ձեռքերը` առաքինագործ և բարերար լինելու համար,
     7. սիրտը՝ նորոգված հոգի և սուրբ սիրտ ունենալու համար,
     8. թիկունքը՝ որպես ամուր վահան, չարի թունավոր նետերից պաշտպանվելու համար,
     9. ոտքերը՝ դեպի հավիտենական կյանք անսասան գնալու համար:

Դրոշմի խորհրդի նշանակությունը
     Դրոշմը Սուրբ Հոգին ընդունելու խորհուրդն է, որով մկրտվածը՝ Աստծո որդեգիրը:
     1. ընդունում է Սուրբ Հոգին՝ արժանանալով Սուրբ Հոգի Աստծո ներբնակությանը,
     2. ստանում է Սուրբ Հոգու շնորհը: Աստծո զորակցության ու պաշտպանության պարգևները, որպես ճշմարիտ քրիստոնյա ապրելու համար,
     3. կնքվում է փրկության օրվա համար,
     4.Սուրբ Հոգու կնիքն իր վրա կրելով՝ դառնում է Աստծո սեփական ժողովրդի անդամ,
     Ավելացնենք նաև, որ Եկեղեցին, համաձայն Ավետարանի, Մկրտության խորհուրդը առանց Դրոշմի անկատար է համարում (Տե՛ս Գործք Ը 15-17):

Ծիսակատարության ավարտը
     Մկրտվածին դրոշմելուց (կնքելուց) հետո քահանան օրհնում է նրան հետևյալ խոսքերով. «Խաղաղությո¯ւն քեզ, ո¯վ Աստծո փրկյալ: Խաղաղությո¯ւն քեզ, ո¯վ Աստծո օծյալ», և Սուրբ Հաղորդություն տալով՝ ավարտում է ամբողջ ծեսը:

Կրկնամկրտության արգելքը
     Հայոց Եկեղեցին արգելում է Մկրտության խորհրդի կրկնումը, քանի որ այն վերստին (հոգևոր) ծնունդ լինելով՝ մարմնավոր ծնունդի պես մեկ անգամ է կատարվում: Ավետարանը և Հավատքի հանգանակը նույնպես հայտարարում են, որ մկրտությունը մեկն է: Ուստի, տարբեր աղանդների կողմից խաբեությամբ կատարվող կրկնամկրտությունը թե՛ մեղք է, թե՛ հակասում է Սուրբ Գրքին: Աղանդավորների (ավետարանականների, հոգեգալստականների, Եհովայի վկաների և այլն) կատարած մկրտությունն անվավեր է, քանի որ չի կատարվում առաքյալների իրավահաջորդի՝ քահանայի ձեռքով, և առաքելական ավանդության համաձայն չէ:

ՀԱՎԵԼՅԱԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
     Մկրտվելու ցանկության հավաստիացումը

Մկրտվել ցանկացողը կամ մանկան պարագայում, կնքահայրը, պետք է քահանային հավաստիացնեն, որ իրենք կամավորաբար են եկել մկրտության և նրա հարցին, թե՝ «Ի՞նչ է խնդրում երախան (մկրտվողը)», պետք է երեք անգամ պատասխանեն. «Հավատ, հույս, սեր և մկրտություն: Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել չարից և նրա կապանքներից և ծառայել Աստծուն»:

Չափահասների մկրտությունը
     Չափահասները մկրտվում և դրոշմվում են իրենց ունեցած հավատքի հիման վրա: Այդ պատճառով չափահաս մկրտվողները պետք է ծանոթ լինեն հավատքի հիմնական սկզբունքներին և ամբողջ սրտով հավատան և հետամուտ լինեն դրանց կատարմանը:

Մանկան մկրտությունը
     Հայոց Եկեղեցին, համաձայն առաքելական եկեղեցիների սովորության, բացի չափահասներից, մկրտում և դրոշմում է քրիստոնյաների մանուկներին: Այս պարագայում ծիսակատարությունը կայանում է ծնողների և կնքահոր հավատքի հիման վրա, ինչպես Ավետարանում հիշատակված մի շարք դեպքերում, երբ մկրտվում էին ամբողջական ընտանիքներ, մանուկներով հանդերձ: Մեր Եկեղեցում երեխաներին սովորաբար մկրտում էին 8 օրական հասակում՝ որպես օրինակ ունենալով մանուկ Հիսուսի 8 օրական թլփատությունը և անվանակոչությունը, որով հրեաները դառնում էին Աստծո ժողովուրդ: Մենք մկրտում ենք մանուկներին նաև այն պատճառով, որ նրանց հնարավորություն տանք, կնքահոր և ծնողների մատուցած հոգևոր դաստիարակությամբ, մասնակցելու Եկեղեցու խորհուրդներին և ապրելու Եկեղեցու կյանքով, քանի որ չմկրտված անձնավորությունը չի կարող մասնակցել Եկեղեցու մնացած խորհուրդներին, և մանկանը չմկրտելով՝ մենք նրան զրկում ենք Եկեղեցու շնորհաբեր կյանքին մասնակցությունից` Մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենդանարար Մարմնի և Արյան հաղորդությունից: Ինչ վերաբերում է հավատ ունենալուն, որպես մկրտության նախապայմանի, ըստ Տեր Հիսուսի խոսքի (Մարկ. 16: 16), ապա մեծահասակներին բնորոշ անհավատությունն ու կասկածները չեն կարող •ոյություն ունենալ մանուկների մոտ, երբ նրանք ստանում են քրիստոնեական դաստիարակություն: Այլև, ըստ նույն տերունական խոսքի, քանի որ մկրտությունն անհրաժեշտ է փրկության համար, ապա մանուկներին չմկրտելով, մենք նրանց զրկում ենք փրկությունից: Հարկ է ավելացնել, որ Ավետարանում չկա որևէ խոսք, որն արգելի մանկամկրտությունը: Սակայն Տերը պատվիրում է` ասելով. «Թույլ տվե′ք այդ մանուկներին և մի′ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիներինն է» (Մատթ. 19: 13-15):

Մկրտության վայրը
     Մկրտության վայրը եկեղեցին է (տաճարը): Մկրտությունը կատարվում է միայն եկեղեցու վիմակերտ սուրբ ավազանում: Սակայն լինում են դեպքեր, երբ մկրտությունը կատարվում է եկեղեցուց դուրս՝ տանը, հիվանդանոցում, երբ մկրտվողը հիվանդ է, մահամերձ է կամ նման իրավիճակներում լինելու պատճառով չի կարող գնալ եկեղեցի:

Կնքահայրը և ծնողները

Մանկան մկրտության ժամանակ մեծ դեր ունեն կնքահայրն ու ծնողները, որովհետև նրանք մկրտվող մանկան հավատքի թար•մաններն ու ապագա քրիստոնեական դաստիարակության երաշխավորներն են: Այդ պատճառով հարկ է, որ նրանք լինեն օրինակելի հավատացյալներ և մկրտությունից հետո հետևեն մանկան քրիստոնեական դաստիարակությանը: Ավելացնենք նաև, որ Եկեղեցին անթույլատրելի է համարում ծնողների կողմից անհավատ կնքահայրերի ընտրությունը՝ մկրտված մանուկներին գայթակղությունից զերծ պահելու նպատակով:
     Կնքահայրը նաև չի կարող անչափահաս և անհավատ լինել, քանի որ նա է կոչված՝ լինելու մկրտվող մանկան գլխավոր հոգևոր դաստիարակը:

Հայոց Եկեղեցու Հավատո հանգանակը
     Մկրտության ժամանակ կարդացվում է Հայոց Եկեղեցու Հավատո հանգանակը որպես հավատքի հայտարարություն, որին մկրտվողը կամ կնքահայրը լիովին պետք է հավատա:

ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ
     Հավատում ենք մեկ Աստծուն՝ ամենակալ Հորը, երկնքի և երկրի, տեսանելի և անտեսանելի արարածների Արարչին:
     Եվ մեկ Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց, միածին, այսինքն՝ Հոր էությունից:
     Աստված` Աստծուց, Լույս՝ Լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ թե արարած: Նույն ինքը Հոր բնությունից է, որով եղավ ամեն բան երկնքում և երկրի վրա՝ տեսանելիներն ու անտեսաները:
     Ով մեզ՝ մարդկանցս համար և մեր փրկության համար իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, կատարելապես ծնվեց սուրբ Կույս Մարիամից՝ Սուրբ Հոգով:
     Որից էլ առավ մարմին, հոգի ու միտք և այն ամենը, որ կա մարդու մեջ` ճշմարտապես և ոչ թե կարծեցյալ կերպով: Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ:
     Նույն մարմնով ելավ երկինք, նստեց Հոր աջ կողմում: Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մեռածներին, և Նրա թագավորությունն անվախճան է:
     Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն, Ով անստեղծ է և կատարյալ, Ով խոսեց Օրենքում, Մարգարեների մեջ և Ավետարաններում:
     Ով իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սուրբերի մեջ:
     Հավատում ենք նաև մեկ ընդհանրական և առաքելական սուրբ Եկեղեցու, մեկ մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության ու թողության:
     Մեռելների հարության, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանի, երկնքի արքայության և հավիտենական կյանքի:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
     Մկրտության և Դրոշմի խորհուրդների կատարման նախատիպը
     Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից Հորդանան եկավ, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու: Բայց Հովհաննեսն ընդդիմացավ Նրան ու ասաց. «Ի՛նձ պետք է, որ Քեզնից մկրտվեմ, և Դո՞ւ ես ինձ մոտ գալիս»: Հիսուսը պատասխանեց նրան. «Թո՛ւյլ տուր հիմա, որովհետև այսպես է վայել, որ կատարենք բովանդակ արդարությունը»: Եվ ապա [Հովհաննեսը] Նրան թույլ տվեց: Եվ երբ Հիսուսը մկրտվեց, իսկույն ջրից դուրս ելավ, և ահա երկինքը բացվեց Նրա համար, և [Հովհաննեսը] տեսավ Աստծո Հոգին, որն իջնում էր աղավնու տեսքով և գալիս Նրա վրա: Եվ ահա մի ձայն երկնքից ասաց. «Դա՛ է Իմ սիրելի Որդին, Ով ունի Իմ բարեհաճությունը» (Մատթ. 3: 13-17): Տե՛ս նաև. Մարկ 1: 9-11, Ղուկ. 3: 21-22, Հովհ. 1: 29-34):

Հիսուս Քրիստոս պատգամում է մկրտել
     Գնացե’ք այսուհետև, աշակերտ դարձրե’ք բոլոր ազգերին, նրանց մկրտե’ք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: (Մատթ. 28: 19, տես նաև` Մարկ. 16: 15-16):

Հավատքը որպես մկրտության պարտադիր պայման
     Երբ [Փիլիպպոսն ու ներքինին] ճանապարհ էին գնում, հասան ջրի մոտ: Եվ ներքինին ասաց. «ՙԱհա՛ ջուր, ի՞նչն է ինձ արգելում մկրտվել»: [Փիլիպպոսն] ասաց նրան. «Եթե քո ամբողջ սրտով հավատում ես, կարելի է»: Նա պատասխան տվեց ու ասաց. «Հավատո°ւմ եմ, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է»: Եվ ներքինին հրամայեց կառքը կանգնեցնել, երկուսով ջուրն իջան՝ Փիլիպպոսը և ներքինին, և [Փիլիպպոսը] մկրտեց նրան: Երբ ջրից դուրս ելան, Սուրբ Հոգին իջավ ներքինու վրա: Իսկ Փիլիպպոսին Տիրոջ հրեշտակը հափշտակեց տարավ, և ներքինին այլևս նրան չտեսավ (Գործք 8: 36-39):

Հավատքով մկրտությունը որպես փրկության պայման
     Ով հավատա և մկրտվի` կփրկվի, և ով չհավատա` կդատապարտվի (Մարկ. 16.16) (Տե՛ս նաև Հովհ. 3: 3-5, Գործք 16: 30-33):

Մկրտությունը մեղքերից սրբվելու միջոց
     Արդ ինչո՞ւ ես հապաղում, վե՛ր կաց, մկրտվիր և լվա՛ քո մեղքերը: Նրա անունը կանչելով (Գործք 22: 16): (Տե՛ս նաև Գործք 2: 38, Եփես. 5: 26):

Մկրտությամբ վերստին ծնունդ
     Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել, որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգին» (Հովհ. 3: 3-5):
     Ոչ այն արդարության գործերի համար, որ մենք արեցինք, այլ Իր ողորմության համաձայն, փրկեց մեզ վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ (Տիտ. 3: 5):

Ամբողջ ընտանիքով մկրտություններ

«Լիդիա անունով մի կին՝ ծիրանի կտոր վաճառող՝ Թիվատիր քաղաքից, Աստծուց երկյուղած, լսեց, և Տերը նրա սիրտը բացեց՝ անսալու Պողոսի խոսքերին: Եվ երբ մկրտվեցին նա և նրա ընտանիքը, աղաչում էր ու ասում...»: Նրանք ասացին. «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվեք դու և քո ամբողջ տունը» (Գործք 16: 14-15, 31-33):

Մկրտությունը կատարվում է մեկ անգամ
     Մե՛կ Տեր կա, մե՛կ հավատ, մե՛կ մկրտություն, մե՛կ Աստված և բոլորի Հայր, Ով բոլորի վրա, բոլորի հետ և մեր բոլորի մեջ է (Եփես. 4: 5-6):

Դրոշմի խորհուրդը
     «Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, որ Սամարիայում էլ են ընդունել Աստծո խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին և Հովհաննեսին, ովքեր, իջնելով, աղոթում էին նրանց համար, որպեսզի ստանան Սուրբ Հոգին, քանի որ մինչև այն ժամանակ նրանցից ոչ մեկի վրա Սուրբ Հոգին դեռ չէր իջել, այլ միայն մկրտվել էին Տեր Հիսուսի անունով: Այդ ժամանակ ձեռքերը դրեցին նրանց վրա, և նրանք Սուրբ Հոգին ստացան» (Գործք 8: 15-17) (Տե՛ս նաև Գործք 2: 1-18, Բ Կորնթ. 1: 21-22, Եփես. 1: 13, Ա Հովհ. 2: 27):

Դրոշմը որպես փրկության օրվա կնիք
     Եվ մի՛ տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, Որով կնքվեցիք փրկության օրվա համար (Եփես. 4: 30):
     Մկրտությունից առաջ կարդացվող սաղմոսից հատված (Սաղմ. 50):
     Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, Քո մեծ ողորմությամբ և Քո գթառատությամբ ջնջի՛ր իմ հանցանքները:
     Առավել ևս լվա՛ ինձ իմ անօրենությունից և իմ մեղքերից մաքրի՛ր ինձ:
     Իմ անօրենությունները ես ինքս գիտեմ, և մեղքերն իմ միշտ առջևս են:
     Քո դեմ միայն մեղանչեցի, Տե՛ր, և չարիք գործեցի Քո առջև, արդար կլինես Քո խոսքերում, և հաղթող՝ Քո դատաստանի մեջ:
     Անօրենությամբ հղիացավ և մեղքերի մեջ ծնեց ինձ մայրն իմ:
     Դո՛ւ, Տեր, ճշմարտությունը սիրեցիր և Քո իմաստությամբ անհայտն ու ծածուկն ինձ հայտնեցիր:
     Ցողի՛ր ինձ սպունգով, և ես կմաքրվեմ, լվա՛, և ձյունից ճերմակ կլինեմ:
     Ինձ ցնծություն և ուրախությո՛ւն լսել տուր, և թող տառապյալ ոսկորներս ցնծան:
     Երեսդ շրջի՛ր իմ մեղքերից և իմ բոլոր հանցանքները ջնջի՛ր ինձնից:
     Իմ մեջ մաքուր սի՛րտ հաստատիր, Աստվա՛ծ, և արդար հոգի՛ նորոգիր իմ որովայնում:
     Մի՛ հեռացրու ինձ, Տե՛ր, Քո երեսից և Սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից:
     Ամեն:

ՀԱՅՈՑ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ Ք. Ծ. 301 թվական
     Ագաթանգեղոս «Հայոց Պատմություն» (832, 833, 835)
     «...Երբ լրացավ պաս կատարելու տրված ժամկետը, երանելի Գրիգորը առավ աշխարհաբնակ զորքը և Տրդատ թագավորին, նրա տիկին Աշխենին, մեծն օրիորդ Խոսրովիդուխտին, ամենայն մեծամեծերին և բանակի բոլոր մարդկանց, առավոտյան այգը լուսանալուն պես Եփրատ գետի ափը տարավ և այնտեղ մկրտեց առհասարակ ամենքին հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու: Երբ բոլոր մարդիկ և թագավորը իջնում էին ջրերի մեջ մկրտվելու, Աստծուց սքանչելի հրաշք երևաց, քանզի գետի ջրերը կանգնելով ետ դարձան: Սաստիկ լույս երևաց լուսավոր սյան նման և կանգնեց ջրերի վրա, ու նրա վրա՝ տերունական Խաչի կերպարանքը. և լույսն այնքան ծագեց, մինչև որ արգելեց ու նվաղեցրեց արեգակի ճառագայթները: Օծության յուղը, որ Գրիգորը մարդկանց վրա էր հեղում, գետի մեջ շրջան կատարելով՝ մարդկանց շուրջն էր պտտվում:
     Օրվա երեկոյան հրաշքը աներևույթ եղավ և նրանք դեպի վար ավանը վերադարձան: Նրանք, որ այդ օրը մկրտվեցին, ավելի քան տասնհինգ բյուր [‎150 հազար] էին, արքունական զորքից: Դրանից հետո հոգևոր մխիթարության համար այնտեղ յոթ օր մնացին: Այդ յոթ օրում արքունական բանակից մկրտվեցին ավելի քան չորս հարյուր բյուր այր, կին ու մանուկ»:

Հորդորակ
     Ծանոթացնելով ձեզ Մկրտության և Դրոշմի խորհուրդների կարևորությանը՝ Քրիստոսի սիրով հորդորում ենք՝
     1. հավատքով նախապատրաստված ներկայանալ մկրտության,
     2. Եթե մկրտվողը չափահաս է, պետք է մկրտության օրը ծոմ պահի` ոչինչ չուտի, քանի որ Ս. Հաղորդություն պետք է ստանա: Պետք է ներկայանա մաքուր մարմնով (լոգանք ընդունած, կանայք և աղջիկները ամսեկանի մեջ չլինեն), գլխաշորով, բացառությամբ, եթե մկրտվողը հիվանդ է կամ նորածին:
     3. խոնարհումով և երկյուղած զգաստությամբ պատվել եկեղեցում Աստծո ներկայությունը,
     4. եկեղեցի մտնել պարկեշտ հագուստներով և հրաժարվել անվայելուչ հանդերձներից,
     5. խորհրդակատարությունից հետո տրվող ճաշկերույթը չվերածել աշխարհային գինարբուքի,
     6. նոր մկրտվածին զերծ պահել անհարկի քաշքշուկից և թույլ տալ, որ Աստծո շնորհած խաղաղությունը վայելի,
     7. Մկրտության և Դրոշմի երկնառաք պարգևներից երբևէ չզրկվելու համար` միշտ հավատարիմ մնալ Աստծո հետ կնքած ուխտին` կիրակի մասնակցել Սուրբ Պատարագին` ժամը 1100-1300 և ճաշակել Տիրոջ, Հիսուս Քրիստոսի Մարմնի և Արյան հաղորդությունը:

********
     Ի՞նչ է անհրաժեշտ բերել մկրտության համար
     ա) խաչ ու նարոտ (կարմիր և սպիտակ թելերից միահյուսված դերձան՝ խաչի «շղթան»),
     բ) չգործածված մաքուր սրբիչ` ըստ մկրտվողների թվի,
     գ) երկու մեծ մոմ:

ԱՂՈԹՔ
     Մկրտությունից հետո մկրտվողին Մյուռոնից պետք է հանել երրորդ օրը: Կնքահայրը պետք է ջրով լվանա իր սանի մարմնի այն մասերը, որոնք Սուրբ Մյուռոնով օծվել են: Ցանկալի է, որ այդ ջուրը թափվի ծառի կամ ծաղիկների տակ: Աստված, որ մեծ ես, մշտնջենավոր և բոլոր գաղտնիքներին գիտակ. որ սուրբ ես և բնակվում ես սուրբերի մեջ, փրկի՛չ բոլոր մարդկանց, որ Քո գիտությունը շնորհում ես Քո հավատացյալներին և իշխանություն տվեցիր Աստծո որդիներ լինելու Հոգու և ջրի վերստին ծննդյան միջոցով, որով և ..............ին նորացրիր Քո ավազանի մաքրությամբ, սո՛ւրբ արա նրան Քո ճշմարտությամբ, լցրո՛ւ Սուրբ Հոգուդ շնորհներով, որպեսզի Քո սուրբ անվան բնակության տաճար լինի, կարողանա գնալ արդարության բոլոր ճանապարհներով և համարձակությամբ ու աչալրջությամբ կանգնել Քո Միածնի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի բեմի առաջ, Ում հետ Քեզ` ամենակալ Հորդ և կենդանարար և ազատարար Սուրբ Հոգուդ վայել են փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
23536 | 0 | 0
Facebook