Идет загрузка...
Сегодня:  Пятница, 24 Сентября, 2021 года
Թելեգրամ

Статьи

Հույն հացթուխից անարգված հայ մոր գանգատը հայոց կաթողիկոսին գործողության է մղել (ժողովրդական ավանդապատում)

22:17, Четверг, 22 Июля, 2021 года
Հույն հացթուխից անարգված հայ մոր գանգատը հայոց կաթողիկոսին գործողության է մղել (ժողովրդական ավանդապատում)

Հայ եկեղեցին դարեր շարունակ հետևողական, անզիջում պայքար է մղել Բյուզանդիայի աշխարհակալ քաղաքականության հիմնական զենքերից մեկը հանդիսացող դավանաբանական ուղղության՝ քաղկեդոնականության դեմ: Այդ պայքարին նոր թափ է հաղորդել Հովհան Օձնեցի (717 – 728 թթ.) կաթողիկոսը: Բյուզանդական իշխանությունների և հունական եկեղեցու քայքայիչ քաղաքականության հետևանքով մինչև արաբական նվաճումները հայ եկեղեցու դիրքը հայ հասարակության մեջ էականորեն նվազել, թուլացել էր: Այն ամրապնդելու և նրա ազգայնական սկզբունքները հայ հասարակության մեջ գերիշխող դարձնելու համար Հովհան Օձնեցին գնում է Օմար խալիֆի մոտ և մի քանի արտոնություններ է ստանում հայ եկեղեցու համար: Արաբական ուժի վրա հենվելով՝ կաթողիկոսը պայքար է մղել այն բոլոր հոսանքների դեմ, որոնք հակոտնյա են եղել հայ ազգային եկեղեցու դավանաբանությանը, իսկ քաղկեդոնականության դեմ նրա պայքարն այնքան անզիջում է եղել, որ նրա գործողությունները արձագանք են գտել հայ ժողովրդական ավանդապատումների մեջ: Դրանցից մեկն ասում է, թե հայ ժողովուրդը շատ տառապանք է կրել հոռոմների (այսինքն՝ հույների) ձեռքին:

«Ուռումի թագավոր, - ասում է ավանդազրույցը, - շատ խստացավ, բոլոր կողմեր զավթեց, մեր խայու ազգ էն տեսակ նեղություն քաշեց էտոնց ձեռ, օր իսկի չէր էղեր. տախտակը կը ծակեն, կանցուցնեն խայու վիզ, կելնեն տախտակի վրեն ու կեր ու խում կենեն: Օխան Օծնելին (Հովհան Օձնեցին) էլ Մանզկերտու էրկիր առաջնորդ էր, գիշեր ու ցերեկ ուր ազգի համար Ասուն աղոթք կեներ. «Յա Աստված, իմ խայու ազգ Կոստանդ թագավորի ձեռքեն ազատ էրա»: Մեկ Մեհմետ կար տաճկին (արաբին), Շամ (Դամասկոս) կնստեր: Աստվածությունն էդ Օխան Օծնելին ու Մեհմետ իրարու սիրելի աղբեր էրավ՝ էրզի (երազի) մեջ»:

Հետո ավանդապատումն ասում է, թե մի դեպք Հովհան Օձնեցուն հարկադրում է դադարեցնել Աստծուն խնդրելը և գործի անցնել հույների տիրապետությունից ազատագրվելու համար: Մի հայ կնոջ ծանր հիվանդ տղան հանկարծ աչքերը բացում է ու ասում. «Մարե՛, Աստծո՛ւ սիրուն, մի կտոր խա՛ց տուր»: Բայց ոչ մի տեղ ցորեն հաց չի եղել, քանի որ հոռոմը ցորեն հացը խլել է հայերի ձեռքից: Երկար ժամանակ հայոց թաղում որոնումներ կատարելուց հետո մայրը ձեռնունայն տուն է գալիս ու որդուն ասում է. «Լաո՛, ես իմա՞լ էնիմ, որտեղ գացի, ցորեն հաց չգտա»: Ճարահատյալ մայրը ստիպված դիմում է մի հոռոմ հացթուխի. «Ի Ասու սիրուն, իմ տղեն խիվանդ ա, ցորենի խաց կուզա»: Ֆռնճին ասաց. «Խա՛, էս բան ինձի էրա, խաց տամ քո տղին»: Լպիրշ առաջարկությունից վրդավված կինը բացականչում է. «Հողեր տամ էս ազգի ու էս առաջնորդի գլխին, որ հոռոմ հացթուխն էլ այսպիսի խոսք է ասում ինձ»: Եվ գնում է Օձնեցու մոտ, նույն դառը շեշտադրմամբ պատմում է նրան իր կրած անպատվությունը: Եվ Օձնեցին ճանապարհվում է Դամասկոս՝ երազում իր հետ մտերմացած Մեհմեդի մոտ: Մեհմեդը համաձայնում է օգնել հայերին, բայց ոչ թե զորքով, այլ փողով: Հարցին, թե որքան փող է հարկավոր, Օձնեցին վերցնում է մի կտոր թուղթ, վրան աղոթք է գրում և այդ թղթի կշռով ոսկի է ուզում: Խալիֆի աստիճանավորները ծիծաղում են՝ կարծելով, թե դա հասարակ թուղթ է, բայց երբ սկսում են կշռել, տեսնում են, որ խալիֆի ամբողջ գանձը նույնիսկ չի կարողանում այն գերակշռել իր ծանրությամբ: Ասել կուզի, Օձնեցու աղոթը շատ զորավոր ու ծանրակշիռ է եղել: Խալիֆը որոշում է Օձնեցուն զորքով օգնել, բայց հիմա էլ մի ուրիշ պայման է դնում, որ զորքից պակասած ամեն մի արաբի փոխարեն յոթը հայ տրվի: Օձնեցին զորքի հետ գալիս է Հայաստան: Ճանապարհին մի կամրջի են հասնում: Քանի որ զորքը պիտի անցներ կամրջով, Օձնեցին Աստծուց խնդրում է ցույց տալ իրեն, թե զինվորներից ո՞ւմ է վիճակված մեռնել առաջիկա ճակատամարտում: Մեռնողների պատկերները՝ առանց գլուխների, պիտի երևային ջրի մեջ՝ կամրջով անցնելու ժամանակ: Աստված կատարում է սրբի խնդրանքը, և Օձնեցին հենց այդտեղից հետ է դարձնում այն զինվորներին, որոնք ջրի մեջ երևացել էին առանց գլխի: Ապա տեղ հասնելով՝ հույների բանակին ջախջախում ու հալածում է Հայաստանից: Ավանդապատումը նաև ասում է, թե Օձնեցին հավաքել է բոլոր հույն եպիսկոպոսներին ու հայրապետներին և ամենքին խաշել է տվել մեծ կաթսայի մեջ: Իսկ խալիֆի զորքերը ոչ մի կորուստ չեն ունեցել, և Օձնեցին ստիպված չի եղել մի արաբի փոխարեն յոթը հայ տալ խալիֆին:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
| | |
658 | 0 | 0
Facebook