Կորեական շունչը կրկին Հայաստանում է
20:34, Понедельник, 03 Декабря, 2018 года
«Նման միջոցառումները մեզ կարծես ավելի են մոտեցնում մեր սիրելի քեյ-փոփ խմբերին, առավել ևս երբ պարում ենք նրանց պարերը» , «Անհամբեր սպասում եմ, երբ գիտեմ, որ ինչ-որ կորեական միջոցառում է լինելու, առավել ևս մրցույթ» , «Չկա ավելի լավ բան, քան կորեական շունչը երկրումդ զգալը» … Ահա թե ինչպիսի ոգևորություն էր տիրում երեկ` նոյեմբերի 30-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում: Ամենամյա միջոցառումը կրկին մեկ վայրում էր հավաքել հայ կորեասերներին: Նշենք, որ անցյալ տարի` նոյեմբերի 28-ին, Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակի կապակցությամբ կազմակերպվել էր «Կորեական մշակույթի օր» խորագրով ամենամյա միջոցառումը: Այս անգամ այն մրցույթային էր: Մասնակցում էին մի շարք խմբեր` zZipa, The Fiery Squad, Bang Dance Studio, Blue Rose, 4TM, Problem, Incredible, 2Fab, ազգայինով` Բուչեչումը, Սամուլնորին, Անահիտ Ազարյանը: Մրցույթի ընթացքում հանդես եկան նաև Ա. Իսահակյանի անվան 16 դպրոցի սաները (ոչ մրցութային): 18-ամյա Սվետա Ղարիբյանը մեծ ոգևորությամբ էր խոսում մասնակից խմբերի մասին. – Մի տեսակ հպարտանում եմ, որ տեսնում եմ, թե ոնց են պարում ու երգում: Տաղանդ են մեր երեխեքը: Մեծ էներգիա ստացա ու շատ շնորհակալ եմ մրցույթի կազմակերպիչներից: ԵՊԼՀ-ի ուսանողուհի 20-ամյա Սոնա Գասպարյանն էլ եկել էր սատարելու իր ընկերուհիներին.- Շատ ուժեղ մասնակիցներ կան, մի տեսակ ինձ լավ եմ զգում, որ իրենց նայում եմ: Մեկը մեկից լավն են: Դե մերոնց մասին խոսք չկա: Շատ են տանջվել ու վստահ եմ, որ լավ կներկայանան: 53-ամյա տիկին Ռոզան էլ իր երկու թոռնիկների հետ եկել էր ուրախ ժամանակ անցկացնելու. – Շատ չեմ խորացել կորեական մշակույթի մեջ, բայց էնքան լավա ամեն բան, որ պատրաստ եմ բոլոր նման միջոցառումներին թոռնիկներիս հետ գնամ ու ներկա գտնվեմ: Եվ իհարկե հուզմունքն անպակաս էր, մանավանդ երբ հայտարարում էին հաղթող խմբերի անունները: Հաղթողներ ընտրվեցին ազգայինով և քեյ-փոփով ներկայացած երեքական խմբեր: «Քեյ-փոփ» անվանակարգում հաղթեց Bang Dance Studio-ն` առաջին տեղ, երկրորդ տեղ` The Fiery Squad և երրորդ` Ինեսսա Ավագյանը, իսկ «Ազգային» անվանակարգում` Բուչեչումը, Անահիտ Ազարյանը և Սամուլնորին: Մրցանակը դրամական պարգև էր, իսկ մնացած մասնակից խմբերին էլ տրվեցին պատվոգրեր: The Fiery Squad խմբի անդամ Լաուրա Հակոբյանը հպարտությամբ էր խոսում հանդիաստեսի մասին. – Հանդիսատեսը մասնակիցներին հավասար երգում ու պարում էր, դա ամենակարևորն էր: Ճիշտա, ոչ լիովին, բայց մասամբ դրանից էր կախված լավ ելույթը, քանի որ իրենց էներգիան փոխանցվում էր մեզ ու ցանկություն էր առաջանում մաքսիմալ լավ ելույթ ցույց տալ: Բեմի վրա լրիվ ուրիշ էմոցիաներ են քեզ պատում, այդ թվում և´ հպարտություն, և´ հուզմունք: Հանդիսատեսին բաժանվեցին Հվ. Կորեայի Լոտտե ֆիրմայից բերված քաղցրավենիքներ: Մրցույթի նպատակը երկու երկրների միջև բարեկամական կապի հաստատումն ու ամրապնդումն է, ինչպես նաև կորեական մշակույթը ավելի ճանաչելի դարձնելը: Մրցույթի հաջորդ օրը` դեկտեմբերի 1-ին Ա. Իսահակյանի անվան 16 դպրոցում կատարվեց կորեական ուտեստներ հյուրասիրություն: |
Нравится
1
Не нравится
0
4714 | 0 | 1 | 0