Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Նոր որակ ճանապարհաշինության ոլորտում

21:33, Пятница, 05 Апреля, 2013 года
Նոր որակ ճանապարհաշինության ոլորտում
     Երևանում այսօր տեղի ունեցավ «Ժամանակակից տեխնոլոգիաները և «Caterpillar» կազմակերպության մեքենաները ԱՊՀ երկրների ճանապարհաշինական ոլորտում» թեմայով միջազգային գիտագործնական սեմինար, որին մասնակցում էին 150-ից ավելի ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Սինգապուրից, ինչպես նաև Ռուսաստանից, Ուկրաինաից, Ղազախստանից, Բելառուսից, Վրաստանից և ԱՊՀ այլ երկրներից։
    
     Սեմինարի մասնակիցների թվում էին «Ցեպելին Ռուսլենդ», «Ցեպելին Յուքրեին», «Ցեպելին Արմենիա», «Caterpillar Eurasia», «Caterpillar Minnerapolis», «Caterpillar EAME», «Caterpillar Almaty», «CAT», «Tiger», «Եվրոտրակտ», «Յուվենալ», «Ակրոս», «Նավաստրոյ», «Գլավինվեստստրոյ», «Մոսավտոդոր», «Մոլդովավտոդոր» և մի շարք այլ հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչներ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքէջից:
    
     Բացման խոսքով հանդես եկան ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանը, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Հ. Քոչինյանը, «Ճանապարհ» ՍՊԸ-ի նախագահ Է. Բեզոյանը, «Ցեպելին» ընկերության ռեգիոնալ տնօրեն Հ. Կրայսելը, «Կատերպիլար» ընկերության ԱՊՀ երկրների ռեգիոնալ մենեջեր Ս. Ֆիպպսը։
    
     Այնուհետև ընթերցվեցին զեկուցումներ հետևյալ թեմաներով՝ «Caterpillar» -ի պատմությունը և նրա գործունեությունը ԱՊՀ երկրներում», «Ճանապարհաշինարարության ժամանակակից տեխնոլոգիաները և «CAT» մեքենաները», «Ճանապարհային դիագնոստիկա. «DYNATEST» ժամանակակից տեխնոլոգիաները» և այլն։
    
     Սիջազգային գիտագործնական սեմինարի կազմակերպիչներն են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, «Կատերպիլար» ընկերությունը, «Ցեպելին Արմենիա», «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, ԱՊՀ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհուրդը և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը:
    
     Գիտագործնական սեմինարի ավարտից հետո Աբովյան քաղաքի մոտակայքում գտնվող շինհրապարակում «Ճանապարհ» ՍՊԸ - ն 130մ ճանապարհահատվածի վրա ցուցադրեց ճանապարհի ասֆալտապատման նոր տեխնոլոգիան՝ «Կատերպիլար» -ի նորագույն տեխնիկայի օգտագործմամբ։
    
     Ցուցադրությանը ներկա էր նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։
    
     Գիտագործնական ցուցադրության ընթացքում ներկայացվող ճանապարհի ասֆալտապատման նոր տեխնոլոգիան իրենից ներկայացնում է մի մեթոդ, ըստ որի հատուկ սարքավորումների միջոցով ճանապարհային պատվածքը մինչև 50 սմ խորությամբ մանրացվում է, ավելացվում են ցեմենտ, բիտում կամ քիմիական որոշ նյութեր, որոնք մեծացնում են մանրացված նյութի ամրությունը։ Ստացված խառնուրդն օգտագործվում է որպես ճանապարհային պատվածքի հիմք, որի վրա, կախված ճանապարհի նշանակությունից, տեղադրվում է մեկ կամ երկու շերտ ասֆալտբետոն։ Այս մեթոդի կիրառման արդյունքում 25-30%-ով կրճատվում են ճանապարհային պատվածքի հիմքի վրա կատարվող ծախսերն ու ժամանակը, որակական առումով 10-30%-ով երկարում է ճանապարհների շահագործումը։
    
     Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ այդ տեխնիկայի կիրառումը 30 տոկոսով նվազեցնում է ծախսերը և որակյալ ասֆալտբետոնե ճանապարհ ստեղծելու հնարավորություն է տալիս: Նախարարը կարևորեց, որ նոր մեխանիզմը շատ լավ կարող է աշխատել նաև գյուղական միջավայրերում:
    
     «Ես շատ կարևոր եմ համարում, որ արդեն մենք էլ ժամանակակից տեխնիկայով ասֆալտբետոնե ճանապարհներ կկարողանանք կառուցել, որոնք կարող են ունենալ երկարաժամկետ շահագործում», - ասաց Գ. Բեգլարյանը։
    
     Նախարարը նշեց, որ տեխնիկայի առավելություններում համոզվելուց հետո փորձ կարվի այն ընդգրկել ճանապարհաշինական ծրագրերում։
    
     Գ. Բեգլարյանը նշեց, որ չնայած ներկայացված տեխնիկան բավական թանկ արժե, սակայն այն շինարարական կազմակերպությունների սեփականությունն է, և եթե շինկազմակերպություններն ապահովված լինեն աշխատանքով, այսինքն՝ այդ տեխնիկայի ներկայությունը դառնա նախագծային առաջադրանք, արդեն հնարավոր կլինի Հայաստանում ժամանակակից տեխնիկայով բարձրորակ ասֆալտբետոնյա ճանապարհներ կառուցել։
    
     «Ճանապարհ» ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Բեզոյանը տեղեկացրեց, որ Հայաստանում կա նաև ասֆալտտեղադրիչ մեքենա, որը միակն է ԱՊՀ-ում:
    
     «Այն փոսերի նորոգումները, որ ձեռքով էինք իրականացնում, արդեն անցած էտապ է», - ասաց Է. Բեզոյանը:
    
     «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Հենրիկ Քոչինյանը նշեց, որ ներկայացված մեքենամեխանիզմների երկու համալիր արդեն իսկ կա Հայաստանում, ինչը բավական է Հայաստանի 7500կմ կոշտ ծածկ ունեցող ճանապարհներն արագ ու արդյունավետ կառուցելու և նորոգելու համար։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4018 | 0 | 0
Facebook