Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Սյունիքն ազատվեց մարզի զարգացումը արգելակող մարզպետից

18:10, Суббота, 09 Июня, 2018 года
Սյունիքն ազատվեց մարզի զարգացումը արգելակող մարզպետից
    
    

Մինչև նոր իշխանությունների խոստացած արտահերթ ընտրությունների անցկացումը, մենք ապրում ենք բարդ և մեր ազգային երազանքին սպառնացող վտանգներով լի ժամանակահատված։ Ես այդ հնարավոր վտանգերից ամենամեծը համարում եմ այն սպառնալիքները, որոնք բխում են առանձին անձանց, կամ խմբերի նեղ անձնական շահերից։։

Խոսքս նոր կառավարության ձևավորումից հետո իրականացվող բողոքի ակցիաների մասին է, որոնք, կարծես թե, մի կողմից վեր են հանում կուտակված խնդիրները, բայց մյուս կողմից ավելի ուշադիր լինելու դեպքում, նկատում ենք ինչ- որ անհասկանալի շրջանակների և շահերի առաջ մղում, միևնույն ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն իրենց հիմնական գործից և նպատակներից շեղելու, դրանով նրանց աշխատանքի արդյունավետությանը խանգարելու փորձեր։

Պղտոր ջրում ձուկ որսալի բացահայտ մի օրինակ է խոշոր ներդրումային ծրագրերի դեմ տարվող արշավը, որով փորձ է արվում ուժեղ հարված հասցնել տնտեսությանը և դրանով ծանր երկընտրանքի առաջ կանգնեցնել նոր կազմավորված կառավարությանը։ Այս եզրակացությունն էլ ավելի հիմնավորվեց, երբ լիովին պատահաբար ձեռք ընկավ «Սյունաց երկիր» թերթը, որը բնականաբար կենտրոնացած է կոնկրետ այդ տարածաշրջանի վրա և տեղում եղած խնդիրների նկատմամբ շատ ավելի զգայուն է, քան մայրաքաղաքային մամուլը։ Ահա և այս փոքր պարբերականը անդրադարձել է մարզում ամենախոշոր ներդրումային ծրագրի նկատմամբ տարվող հետևողական հակաքարոզչությանը, ապա նաև վստահաբար նախկին իշխանությունների կողմից ուղղորդվող բացահայտ սադրանքներին։
    
    

«Վահե ասպատակն իր գլխավորած պետական հիմնադրամից պարտքով 300 մլն դրամ է հատկացրել իր ղեկավարած մյուս՝ մասնավոր հիմնադրամին. վերադարձվե՞լ է արդյոք այդ գումարը (նամակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին)» /կարող եք կարդալ այստեղ՝ http://www.syuniacyerkir.am/news_view.php?post_id=16919/ հոդվածում նշվում է, որ Սյունիքի մարզում գործող երկու հիմնադրամի՝ Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամի /Հայաստանի պետության սեփականությունն է/ և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի /Քաջարանի կոմբինատի բաժնետերերի սեփականությունն է/ ղեկավարը հանդիսանում է մարզպետ Վահե Հակոբյանը։ Կապանում տեղի ունեցած քննարկումներից մեկի ընթացքում՝ 2016թ. դեկտեմբերի 27-ին, Վահե Հակոբյանը հայտարարել է, թե Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամից մոտ 300 մլն դրամ պարտքով, վերադարձնելու պայմանով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին փոխանցված միջոցներն ուղղվել են մարզպետի ընտանիքին պատկանող, մարզպետի տիկնոջ՝ Էլիզաբեթի կողմից ղեկավարվող «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպությանը, ինչից ելնելով հոդվածագիրը ՀՀ ֆինանսների նախարարին մի քանի հարցադրումներ է ուղղում, այդ թվում նաև, արդյոք հանրային-պետական միջոց հանդիսացող 300 մլն դրամը վերադարձվե՞լ է Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամ, թե՞ ոչ։

Հետաքրքիր է այն, որ «Սյունաց երկիր» թերթի այս հոդվածում շարադրված փաստերը պարզ են դարձնում վերջին մեկ տարում Ամուլսարի նախագծի շուրջ բարձրացված աղմուկի իրական նպատակները։ Մի խումբ, այսպես կոչված ակտիվիստներ, առանձնակի ակտիվ հակաքարոզչությունը հիստերիայի աստիճանի են հասցրել՝ փորձելով հանրության մեջ լուրջ մտահոգություններ առաջացրել Ամուլսարի նախագծի «բնապահպանական խնդիրներ» -ի շուրջ։


    

Բնականաբար, այդ հանքարդյունաբերական նախագծի դեմ վերջին տարիների ակտիվիստների կողմից տարբեր բողոքի ակցիաներ պարբերաբար եղել են, սակայն այդ ակցիաները նոր թափ և բովանդակություն են ստացել Վահե մարզպետի տիկնոջ՝ Էլիզաբեթի հիմնադրած «Հանրային դիվանագիտություն» ՀԿ կողմից տարվող արշավի շնորհիվ, որը նաև «Ամուլսար. պետության բնանտարբերությունը» միակողմանի և սև քարոզչության բոլոր կանոններով արտադրված ֆիլմի հեղինակն է։ Որակական չափանիշներով ու պատասխանատվության աստիճանով բոլոր մյուս հանքերից տարբերվող Ամուլսարի նախագիծը, բնականաբար, աչքի փուշ է բնությունը Քաջարանում անխնա ոչնչացողի համար։


    

Համեմատելով Ամուլսարի վերաբերյալ տեղեկատվությունը, Ամուլսարի նախագիծն իրականացնող Լիդիան Արմենիա կազմակերպության կողմից իրենց կայքէջում տեղադրված տեղեկությունները, ֆիլմում ներկայացված տեղեկությունների հետ, պարզ է դառնում, որ այդ ֆիլմը պրոֆեսիոնալ մակարդակով պատրաստված և լայն հանրությանը հրամցված ապատեղեկատվություն է։ Ֆիլմը դիտողի մոտ առաջացնում են սխալ պատկերացումներ Ամուլսարի նախագծի և դրա հետ կապված բնապահպանական վտանգների վերաբերյալ։ Ավելին՝ ֆիլմում ցուցադրվում է բնապահպանական աղետալի իրավիճակ, շփոթություն առաջացնելով և կարծիք ստեղծելով, թե դա Ամուլսարում է նկարված։ Մինչդեռ կոնկրետ Ամուլսարում դեռ ոչ մի հանքարդյունաբերական գործունեություն չի իրականացվել։


    

Պետք է նկատել, որ ֆիլմի տարածմանը զուգահեռ, ակտիվորեն իրենց գործունեությունն են ծավալել մի խումբ այսպես կոչված «բնապահպաններ», ավելի ճիշտ, ինչպես վերը ներկայացրեցի, ակտիվիստներ, որոնց անձերին ես կցանկանայի անդրադառնալ.

Լևոն Գալստյան՝ հանդես է գալիս, որպես Ամուլսարի նախագծի դեմ գործունեության կազմակերպիչ և նախաձեռնողներից մեկը, մասնագիտությամբ աշխարհագրագետ է, զբաղվում է Օրիֆլեյմի ապրանքների գովազդով և վաճառքով, աշխատել է և սերտորեն համագործակցում է «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ի հետ, անձնական մոտ հարաբերություններ է պահպանում այդ ՀԿ աշխատակիցների՝ այդ թվում հիմնադիր Էլիզաբեթի /Վահե մարզպետի տիկնոջ/ հետ:
    
    

Հակոբ Սանասարյան՝ Կանաչների միության նախագահ, մի մարդ, որի անմիջական ջանքերի շնորհիվ 90-ականների սկզբին փակվեցին ատոմակայանը և «Նաիրիտ» գործարանը, մարդ, որը դեմ է ցանկացած տեսակի քիմիական կամ հանքարդյունաբերական գործունեության՝ անկախ դրա բնույթից և բովանդակություն։ Որքան էլ հարգարժան լինի նման անվերապահ կեցվածքը և սերը բնության նկատմամբ, միևնույն ժամանակ, հասկանալի է, որ որևէ քննարկում նրա հետ անիմաստ է, քանի որ ցանկացած փաստարկ, լինի դա երկրի կամ համայնքի զարգացման, բյուջեի համալրման կամ աշխատատեղերի ստեղծման, թեկուզ՝ աղքատության կրճատման, համոզիչ չեն այս բնապահպանի համար։ Այսինքն՝ խնդիրն անգամ այն չէ, թե որքան պատասխանատու կամ անվնաս է հանքարդյունաբերական տվյալ ծրագիրը, քանի որ բնության նկատմամբ ինչ-որ միջամտություն նա միանշանակ մերժում է։
    
    

Արմեն Սաղաթելյան՝ հայտնի ՀՀԿ խորհրդարանային խմբակցության ներկայացուցիչ Արման Սաղաթելյանի հայրն է, հանդիսանում է ՀՀ ԳԱ Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենը։ Նա՝ ի հակադրություն նախորդ հերոսի, դեմ չէ բնության հաշվին փող աշխատելուն, դրա ապացույցն է այն, որ իր ղեկավարած կազմակերպությունը 2009թ-ին դրական եզրակացություն էր տվել անմիջապես Սևանա լճի ափին Սոթքի հանքի համար ոսկու կորզման գործարան կառուցելու նախագծին՝ գտնելով, որ դա լճին էկոլոգիական վնաս չի պատճառի։ Պատեհ առիթների դեպքում նա գովասանքով է խոսում Սյունիքի պղնձամոլիբդենային գործարանի մասին, որն իրականում, մեղմ ասած, շատ հեռու է միջազգային հանքարդյունաբերական չափանիշներից։ Նրա փոքր որդին, ի դեպ, աշխատում էր հենց այդ գործարանում։ Այսպիսի անձնական շահով պայմանավորված լինելու դեպքում, փաստորեն, գիտությունը լռում է այն խնդիրների մասին, որոնք տարիներ շարունակ անարգել ստեղծել է և շարունակում է ստեղծել պնձամոլիբդենային գործարանը։ Ահա և Սևանի անմիջական ավազանում ոսկու կորզման գործարանը հնարավոր համարող մարդը ներկայումս «գիտականորեն» փորձում է հիմնավորել, որ տասնյակ կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող Ամուլսարի հանքի ստորգետնյա ջրերի հնարավոր մզվացքները կարող են Սպանդարյանի թունելի մեջ խառնվելով հասնել Սևան և մեր քաղցրահամ ջրերն աղտոտել։
    
    

Եվ վերջապես, ինչ է ահազանգում «Սյունաց երկիր» -ը (որը, սակայն, փոքր տպաքանակ ունենալու հետևանքով շատերին հասանելի չէ), Վահե Հակոբյան մարզպետը, օգտագործելով պետական գումարները, իր կնոջ՝ Էլիզաբեթի, «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ի, այդ ՀԿ-ին առնչություն ունեցող ներկայացված անձանց և նրանց շուրջ ձևավորված ծայրահեղական ակտիվիստների խմբի միջոցով, օգտագործելով նաև տեղեկատվական տեխնոլոգիաների նոր հնարավորությունները, կարողացել է Ամուլսարի նախագծի դեմ պրոցեսներում ներգրավել ազնիվ մղումներով առաջնորդվող և բնապահպանական խնդիրներով իրապես մտահոգված անձանց՝ առավելապես երիտասարդների։


    

Հիմա ամենահետաքրքիրը. Նախագծի դեմ ակցիաները նոր թափ, իմաստ և սաստկություն ստացան նոր կառավարության ձևավորումից հետո, որոնք ունեն հետևյալ նպատակները.

1. Սադրանքների միջոցով Ջերմուկի տարածաշրջանում ՀՀԿ-ի և նախկին իշխանությունների նկատմամբ կուտակված ատելությունն ուղղել դեպի Ամուլսարի նախագիծը։ Այս ամենին, կողքից դիտողի համար աննկատ, աջակցում է ՀՀԿ-ի տարածաշրջանի պատգամավոր, օլիգարխ Աշոտ Արսենյանը։
    
    

2. ՀՀԿ - ականների կողմից լրացուցիչ խնդիրներ են ստեղծվում նորընտիր իշխանությունների համար, որոնք երկրի ներկայիս կարևորագույն հարցերի վրա կենտրոնանալու փոխարեն, իրենց ժամանակը և ուժերն ուղղում են դեպի երկրորդական ու արհեստականորեն ձևավորված հարցերը ։

Այս ամենը կարող է ունենալ ավելի խորը և առավել վտանգավոր հետևանքներ՝ հանքի փակման դեպքում Ամուլսարի նախագծի ֆինանսավորողների կողմից, բնականաբար, չեն իրականացվի նախատեսված հերթական մոտ 200 մլն. ԱՄՆ դոլար գումարի ներդրումները, ավելին, մենք ստիպված կլինենք վերադարձնել ոչ միայն նրանց կողմից նախկինում ներդրած ֆինանսական միջոցները, այլև տույժ ու տուգանքներ վճարել, ինչպես նաև դրանով կզրոյացվի մեր երկրի ներդրումային վարկանիշը, ինչը, վերոնշյալ շրջանակների հաշվարկով, կարող է չեզոքացվել Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից հայտարարարված տնտեսության թռիչքաձև աճը, բայց մյուս կողմից էլ մեր բյուջեյի համար կդառնա ահռելի և անհաղթահարելի բեռ՝ վտանգի տակ դնելով մեր երկրի անվտանգությունը, իրականություն դարձնելով ադրբեջանաթուրքական վարդագույն երազանքները։

Թերևս, դեպքերի զարգացման այս հաջորդականությունն ու տրամաբանությունը շատ լավ հայտնի է նաև նոր կառավարությանը, որը այս ամենը հաշվի առնելով, ընտրել է ճիշտ տարբերակ:


    

Այն է՝ ստուգել բոլոր հանքերը, պարզել և մեկընդմիշտ որոշել՝ կա՞ն արդյոք բնապահպանական անվերականգնելի ռիսկեր Ամուլսարում և այլ հանքերում, պահպանվում են արդյոք չափանիշները և նորմատիվները: Ընդ որում, սոցիալական ցանցերում նկատվում է Ամուլսարի դեմ պայքարողների հակազդեցությունը այս նախաձեռնությանը, քանի որ ակնհայտ է, որ օբյեկտիվ չափանիշներով գնահատելու դեպքում, տարբերությունը միջազգային ամենախիստ ստանդարտներով կառուցվող Ամուլսարի և մյուսների միջև ահռելի է լինելու: Ընդ որում, նման ստուգման արդյունքները առավել վտանագվոր կարող են լինել հենց Քաջարանի համար:


    

Լիդիան Արմենիա ՓԲԸ-ն իր հերթին հայտարարել է, որ նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ հանքի շահագործման ընթացքում շրջակա ջրերի վրա հանքի ազդեցությունը կլինի զրոյական, փոշին չի տարածվի մեկ կիլոմետրից ավելի, պայթեցումների ազդեցությունը չի լինի ինչ-որ հստակ սահմանափակ չափերից ավելի և այլն։ Եվ իհարկե, այսօրվա տեխնոլոգիական զարգացման պայմաններում այդ ամենը վերահսկելն ամենևին էլ բարդ և անկառավարելի խնդիր չէ։ Հուսանք վերջապես զրպարտությունն ու շատ հաճախ անիրազեկ հիստերիան կդադարի ժողովրդի վստահությունը վայելող և կոռուպցիայի մեջ չմեղադրվող կառավարության վերջնական որոշումից հետո, թեև, ինչ խոսք, հանքարդյունաբերույթունն ընդհանրապես մերժող բնապահպանները կարող են շարունակել իրենց անհանդուրժող վերահսկողությունը, բայց դա միայն օգտակար է ավելի զգույշ աշխատանքի համար, իսկ աղմուկից որևէ այլ անձնական օգուտներ քաղելու որսորդներն արդեն այդ ոչ շահութաբեր պայքարից ուղղակի կհրաժարվեն։


    
    

Հ.Գ.

Ի դեպ, Լիդիան Արմենիա ՓԲԸ հրապարակած նյութերից պարզ է դառնում, որ, փաստորեն, այդ կազմակերպությունը՝ վճարելով միլիոնավոր դոլարներ, վարձել է ամերիկյան խոշոր փորձագիտական կազմակերպությանը, որի մասնագետները, այցելելով հանքի տարածք, վերցրել են փորձանմուշներ, կատարել են համապատասխան ուսումնասիրություններ, ինչի հիման վրա տվել են իրենց եզրակացությունը։ Իսկ ակտիվիստների կողմից վարձված միջազգային փորձագետները տարբեր մայրցամաքներում նստած իրենց գրասենյակներում, չգիտես, թե ինչ ուսումնասիրությունների հիման վրա տվել են ակտիվիստների ճաշակին ու պատկերացումներին համապատասխան եզարկացություն, որը նրանք պարբերաբար հրապարակվում են որպես միակ ճիշգրիտ ու վերջնական եզրակացություն Ամուլսարի նախագծի վերաբերյալ։

Հետաքրքիր է` որքան հարուստ են մեր անկաշառ ակտիվիստները, եթե նկատի ունենանք, որ նշված փորձագետներին վարձելու և նրանցից որևէ եզրակացություն ստանալու համար տասնյակ հազարավոր, եթե ոչ հարյուր հազարավոր ԱՄՆ դոլարներ են անհրաժեշտ։ Մյուս կողմից՝ որքան շահագրգիռ են նրանց ֆինանսավորող օլիգարխները, որ նման գումարներ են ծախսում, ինչն, իհարկե, նրանց համար ոչ թե ծախս է, այլ ինչ-որ նպատակի համար ներդրում, որը նրանք մտադիր են տասնապատիկ վերադարձնել միջազգային ներդրողից ազատվելուց հետո։


    

Ես կառաջարկեի ՀՀ դատախազությանը և ԱԱԾ-ին ուսումնասիրել հոդվածումս անհատապես նշված անձանց բողոքի գործողությունները, նրանց և հարազատների ֆինանսական հոսքերը, որպեսզի պարզվի այդ անձանց ուղղորդված լինելու հնարավորությունը, նրանց շարժառիթները և ծավալած գործունեության իրական նպատակները։


    
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6327 | 0 | 0
Facebook