Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Մեղեդինե՜ր, մեղեդինե՜ր…

22:10, Пятница, 22 Марта, 2013 года
Մեղեդինե՜ր, մեղեդինե՜ր…

Դանդաղ քայլում եմ դեպի տուն: Բացում եմ դուռը և վերարկուս մի ձեռքով անփույթ կերպով նետում բազմոցին: Փակում եմ դուռը: Հազիվ հասնում եմ սենյակս: Հոգնած օրվա` գլուխ պտտեցնող անտանելի աղմուկից` պառկում եմ: Լույսը չեմ միացնում: Միացնում եմ համակարգիչը, չեմ հիշում կոնկրետ ինչ երաժշտություն էր նվագում: Չեմ հիշում ու կարծես անտեղյակ աշխարհը իրար խառնող հազարավոր հոգսերից` ընկնում եմ մի խոր աշխարհ: Լուսավոր է, ջերմ ու կլանիչ…Մոռանում եմ դրսում մոլեգնող ցրտի մասին: Ինձ տանում են, դեպի իրենց են ձգում նրանք, համոզում են ամենաքաղցր ու դյութիչ ելևէջներով, մոլորեցնում են հոգիս ու միտքս, ջնջում են ամեն ցավ, ամեն-ամեն հուշ: Մեղեդինե´ր, ու՞ր եք տանում, ի՞նչ եք անվերջ գլուխս պտտեցնում…

Ամբողջովին կտրվում եմ իրականությունից, անպատմելի երանության մեջ եմ ընկնում` արբեցած ու թմրած: Անուշ թմբիր է իջնում վրաս: Քամու սուլոցը համահունչ է թվում մեղեդուն: Նա մեկ մոլեգնում է դաժան ու անսպասելի, մեկ էլ` հանգստանում, նվաղում ու գրեթե դադարում: Հոգուս թևեր է տալիս, թռցնում վեր` այնտեղ` անսահմանության վարակիչ զգացում, խենթություն ու սեր, սպասում ու հույսեր, գգվանք, ժպիտ, թաքուն մի հայացք ու երկար ճանապարհ: Հնչե´ք: Բայց սպասե´ք, թողե´ք հասնեմ ձեզ, փարվեմ ու ձուլվեմ ձեզ:
     Երանությու՞ն է սա, երա՞զ թե՞` իրականություն: Գլխումս հազար ու մի երգ է հայտնվում, հիշեցնում իր գոյությունն ու թռչում-հեռանում: Նրանք հաջորդում են միմյանց, հորձանք են տալիս, ծփում, հանդարտվում` ինչպես ծովը փաթարիկից հետ: Հոգիս ծովն է, իսկ մեղեդին` մրրիկը, որ անընդհատ օրօրում ու անհանգստացնում է նրան: Ի վերջո լռում, հանգստանում է ամեն բան: Մի եթերային, աստվածային ձայն հնչում է դեռ: Հնարավոր բոլոր ուղիներով լցվում է հոգուս մեջ…

Հետո` առավոտ: Արևի համեղ շողերն եմ զգում այտերիս.երեխայի նման խաղում, այս ու այն կողմ են վազում, շոյում ու համբուրում…

-Փաստորեն այսօ՞ր էլ բոլոր մնացած օրերի նման…Մեղեդինե՜ր, ի՞նչ եք անում ինձ հետ…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3841 | 0 | 0
Facebook