Այն փաստը, որ Լոռին ունի զբոսաշրջային մեծ ներուժ հայտնի է բոլորին: Տարեկան հարյուրավոր զբոսաշրջիկներ են այցելում Լոռի՝ տեսնելու պատմամշակութային հուշարձանները: Իրենց զբոսաշրջային երթուղիներում որպես յուրօրինակ քայլարշավային երթուղի շատ տուրօպերատորներ ներկայացնում են Լոռին՝ Սանահինից Հաղպատ, Օձունից Քոբայր, Ստեփանավանից Դենդրոպարկ և այլն:
Արդեն 7-րդ տարին գործող Լոռի Թրավելը տուրօպերատորների ուշադրությանն է ներկայացնում Լոռին, որպես էքստրեմալ տուրիզմի պոտենցյալ հնարավորություն ունեցող մարզ:
«Լոռու մարզում զբոսաշրջության զարգացմանն ուղղված մեր կողմից իրականացվող հերթական ծրագիրը «Ռաֆտինգն է»: Մեր բոլոր նախագծերում մենք փորձում ենք նոր տեսանկյունից դիտարկել Լոռին որպես զբոսաշրջային օբյեկտ» -իր խոսքում նշում է Լոռի Թրավելի հիմնադիր տնօրեն Գևորգ Վարդանյանը, - «Այս անգամ ծրագիրն իրականացնելու համար մենք հրավիրել ենք փորձագետներ արտերկրից, ովքեր 5 օր կշրջեն մարզում, երթուղիներ կմշակեն: Նրանց հետ կշրջեն նաև մեր թիմի անդամները, ովքեր, ինչ խոսք, շատ բան ունեն սովորելու նրանցից»:
Ռաֆտինգն առաջին անգամ է իրականացվելու Հայաստանում: Սեպտեմբերի 11-ից շուրջ մեկ շաբաթ փորձագետները կլինեն Լոռվա մարզում, նրանք իրենց հետ կբերեն ռաֆտինգ իրականացնելու համար անհրաժեշտ գույքը:
«Երթուղիների փորձարկումից հետո՝ սեպտեմբերի 15-ին և 16 – ին էքստրիմի սիրահար մեր հայրենակիցները նույնպես հնարավորություն կունենան նավարկել փորձառու մասնագետների հետ» , -Նշեց Գ. Վարդանյանը և հավելեց, որ առաջիկայում սպասենք նոր ու հետաքրքիր ծրագրերի իրականացման:
Լոռի թրավելը բաց է ցանկացած տեսակի համագործակցության համար, որն ուղղված է մարզում տուրիզմի զարգացմանը: