Идет загрузка...
Сегодня:  Вторник, 30 Апреля, 2024 года

Статьи

Արամ Կիրակոսյան. «Պետք է ուրույն հայացք ունենալ այն առարկայի հանդեպ, որը նկարում ես»

Art Fest
Автор:
Art Fest
21:17, Суббота, 10 Июня, 2017 года
Արամ Կիրակոսյան. «Պետք է ուրույն հայացք ունենալ այն առարկայի հանդեպ, որը նկարում ես»
     Eritasard.am-ը գրում է.
    
     «Արտ Ֆեստ 2017» երիտասարդական միջազգային փառատոնի շրջանակում ԵԹԿՊԻ-ում տեղի ունեցավ լուսանկարչության վարպետաց դաս, որը վարում էր լուսանկարիչ Արամ Կիրակոսյանը։

Սկսնակ եւ փորձառու լուսանկարիչներից, ոլորտով հետաքրքրվող հյուրերից բացի՝ կլոր սեղանի շուրջ հավաքվել էին նաեւ «Արտ Ֆեստ 2017» փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը, Կերպարվեստի մասնագիտական հանձնախմբի անդամ, Շվեդիայից ժամանած գեղանկարիչ Անաիդ Քեշիշյանը, Ուկրաինայից՝ «Համաուկրաինական հենդմեյդերների միության» նախագահ Եկատերինա Պիլկինան եւ այլք:
    
     Լուսանկարչության պատմության ակունքներից սկսած՝ Արամ Կիրակոսյանը ներկայացրեց ֆոտոնկարահանումների զարգացման ընթացքը, տարբեր ժամանակահատվածներում կրած ազդեցությունները, լուսանկարչական մի քանի ուղղություններին բնորոշ առանձնահատկությունները: Լուսանկարչական ապարատի հիմնական գյուտը պատկանում է ֆրանսիացի նկարիչ Ժան Լուի Մանդե Դագերին եւ անգլիացի գիտնական, ֆիզիկոս Վիլյամ Հենրի Ֆոքս Թալբոտին: Հետաքրքիր է, որ առաջին ֆոտոնկարահանումների գլխավոր նպատակը եղել է ֆիքսել ստվերները:
    
     «Լուսանկարել բոլորն էլ հեշտությամբ կարող են սովորել, բայց հատկապես այս ոլորտում դժվար է ինքնատիպ ձեռագրով աչքի ընկնելը: Պետք է ուրույն հայացք ունենալ այն առարկայի կամ երեւույթի հանդեպ, որը նկարում ես», - ասում է Արամ Կիրակոսյանը:
    
     Սկզբում լուսանկարիչները ոգեշնչվել են գեղանկարներից: Այդ հանգամանքը փորձառու լուսանկարիչը բնական է համարում՝ մեջբերելով «դասական արվեստը ամեն ինչի հիմքն է» թեւավոր խոսքը: Նա միաժամանակ փաստում է, որ կան կոմպոզիցիաներ, որոնք կարող են հանդիպել միայն լուսանկարչության մեջ: Նրա կարծիքով՝ մի արվեստը կարող է ազդել մեկ այլ արվեստի վրա:
    
     Խաղաղ պայմաններում աշխատելուց բացի՝ մարդիկ լուսանկարչական աշխատանքներ սկսեցին ծավալել նաեւ Առաջին աշխարհամարտի տարիներից ի վեր՝ պատերազմական իրադարձությունների ժամանակ: Շատերը վերցրին իրենց լուսանկարչական ապարատները եւ մեկնեցին մարտի դաշտ:
    
     «Պատերազմը ունի երկու կողմ: Դու կա՛մ այս կողմից ես լուսանկարում, կա՛մ՝ այն: Ցավոք, մեխանիկորեն դու դառնում ես թշնամի հակառակ կողմի համար: Այսպիսով երկու կողմերում լինելու եւ հետաքրքիր դիպվածներ ֆիքսելու, մարտական գործողությունների մասին հնարավորինս ամբողջական պատկերացում փոխանցելու հնարավորություն չես ունենում», - նշեց երիտասարդ լուսանկարիչը:
    
     Վարպետաց դասի ընթացքում Արամ Կիրակոսյանը ներկայացրեց նաեւ տարբեր ժամանակաշրջաններում ապրած եւ ստեղծագործած անվանի լուսանկարիչներին եւ նրանց աշխատանքներից մի քանիսը: Օրինակ՝ 20-րդ դարի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը ֆոտոռեպորտաժի եւ ֆոտոլրագրության հիմնադիր Անրի Կարտիե Բրեսոն է: Նա տարբերվում էր եւ ուներ հետաքրքիր աշխատանքային ոճ. սպասում էր, երբ գործողությունը կամ կոմպոզիցիան հասնում էր իր հանգուցալուծմանը, եւ միայն այդ պահին ֆիքսում իր նախատեսած կադրը: Լուսանկարչությունը ժամանակը հետ տալու, ոգեշնչվելու եւ հինը նոր ձեւով ներկայացնելու հնարավորություն է ընձեռում:
    
     Հանդիպման վերջում ներկաներն Արամ Կիրակոսյանին ուղղեցին հարցեր, որոնք, տեխնիկական բնույթի թեմաներից զատ, մասնավորապես վերաբերում էին լուսանկարելու՝ համապատասխան օրենքով ամրագրված սահմանափակումներին, ֆոտոմոնտաժին, լուսանկարչի հեղինակային աշխատանքներին, ֆոտոպատմություններին եւ այլն: Արամ Կիրակոսյանը նաեւ մասնագիտական խորհուրդներ տվեց սկսնակ լուսանկարիչներին:

Источник: www.erit.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5848 | 0 | 0
Facebook