Հրապարակ թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ շտաբում մնում է մինչեւ ուշ գիշեր: Օրնիբուն աշխատում են նաեւ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուները, որոնք պատասխանատու են յուրաքանչյուր ձայնի համար:
Բայց որքան մոտենում է ընտրությունը, այնքան մեծանում է անորոշությունը հանրապետականների մեջ: Որոշ թեկնածուներ, որոնք նախորդ ընտրություններին չէին կասկածում իրենց հաղթանակին ու հաղթում էին, ներկայում սկսել են մտածել, թե ինչով են զբաղվելու, եթե չանցնեն խորհրդարան:
Այս անգամ «մրցույթն» իսկապես կոշտ է, եւ բոլորը հասկանում են, որ խորհրդարան անցնելու համար կարող են չօգնել անգամ զոհերն ու միլիոնները՝ եթե իրենց անունները չկան Սերժ Սարգսյանի «գաղտնի ցուցակում»:
Այդ ցուցակը Սերժ Սարգսյանը ոչ մեկին ցույց չի տալիս, քանի որ այն իր մտքում է: Նրա թիմի անդամները, որոնց բաց են թողել «ազատ նավարկության», սովոր չեն այդ ոճին: Եվ նրանք չգիտեն՝ տեղ կհասնե՞ն, թե ոչ: Քանի որ ոչ ոք չգիտե, թե ինչ կա Սերժ Սարգսյանի մտքում:
Շատ թեկնածուներ ասում են, թե մտադիր են բիզնես հիմնել: Թեեւ նրանք վաղուց ունեն բիզնեսներ, սակայն դրանք բարգավաճում են միայն այն պատճառով, որ երաշխիքն իշխանությունն է: Սեփական, իշխանությունից անկախ բիզնես բացելը ներկայիս պատգամավորներից շատերին թվում է արկածախնդրություն: Նրանք սովոր չեն ներդրումներ կատարել անգամ սեփական բիզնեսում:
Շատերը ցանկանում են հեռանալ Հայաստանից, ինչպես օրինակ Մհեր Սեդրակյանի որդին:
Փողն ու բիզնեսը Հայաստանում սերտաճած են իշխանությանը, եւ իշխանության ցանկացած փոփոխություն կհանգեցնի դրանց վերաբաշխմանը: Եվ հիմա մտածում են ինչպես պահպանել սեփականությունն այն դեպքում, եթե Հայաստանում վերադասավորվի իշխանությունը: Իսկ այն ակնհայտորեն վերադասավորվում է:
Սամվել Ալեքսանյանն օրինակ Սերժ Սարգսյանին հրավիրել է իր տեքստիլ գործարան՝ որպես իր կապիտալի անվտանգության երաշխավոր: Մյուսները չեն կարող իրենց նման շքեղություն թույլ տալ: Շատերի նյարդերն արդեն չեն դիմանում՝ գրեթե ամեն օր տեղի են ունենում բախումներ: Շատերն իմանալով, թե ինչ է իրենց սպասվում ընտրությունից հետո, երբ չլինի անձեռնմխելիություն, խաղասեղանին են դնում իրենց ողջ ունեցվածքը:
Ովքե՞ր են Սերժ Սարգսյանի ցուցակում: Նա ցանկանո՞ւմ է մեծամասնություն, թե կգերադասի կոալիցիան, թեեւ երկու դեպքում էլ կարող է թելադրել իր պայմանները: